Օսեե 12։1-14

12   Եփրեմը քամի է արածում, եւ արեւելեան քամիի ետեւից գնում. ամեն օր ստութիւնն ու աւերումը շատացնում է, եւ դաշինք են դնում Ասորեստանի հետ, եւ իւղ են տանում Եգիպտոս։ 2   Եւ Յուդայի հետ էլ վէճ ունի Տէրը, եւ պիտի այցելէ Յակոբին նորա ճանապարհներին համեմատ, նորա գործերին համեմատ պիտի հատուցանէ նորան։ 3   Արգանդումը բռնեց եղբօր գարշապարիցը, եւ իր ոյժովը գօտեմարտեց Աստուծոյ հետ։ 4   Եւ գօտեմարտեց հրեշտակի հետ եւ յաղթեց, լաց եղաւ եւ աղաչանք արաւ նորան. Բեթէլումը գտաւ նորան, եւ այնտեղ խօսեց մեզ հետ։ 5   Այսինքն Տէրը՝ Զօրաց Աստուածը, որի յիշատակը Եհովայ է։ 6   Եւ դու քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր, եւ քո Աստուծուն յուսա միշտ։ 7   Եփրեմը վաճառական է. նորա ձեռքին խաբեութեան կշիռք կայ, նա սիրում է հարստահարել։ 8   Բայց Եփրեմն ասում է. Իրաւ հարտացայ, ինձ համար ստացուածք գտայ. իմ բոլոր վաստակներումը մի անօրէնութիւն չեն գտնիլ որ մեղք լինի։ 9   Բայց ես քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցը, դեռ քեզ վրանների մէջ եմ բնակեցնելու հանդիսաւոր օրերի պէս։ 10   Որովհետեւ ես խօսեցի մարգարէների հետ, եւ շատացրի տեսիլքները. եւ մարգարէների ձեռով առակախօսութիւն արի։ 11   Անշուշտ անօրէն է Գաղաադը, իրաւ ունայն են դառել. Գաղգաղայումն արջառներ մորթեցին, նորանց սեղաններն էլ քարակոյտների նման են արտի ակօսների վերայ։ 12   Եւ Յակոբը փախաւ Ասորիների դաշտը, եւ Իսրայէլը ծառայեց կնոջ համար, եւ կնոջ համար հօտերի պահապան եղաւ։ 13   Եւ մի մարգարէով Տէրը վեր հանեց Իսրայէին Եգիպտոսից, եւ մի մարգարէով նա պահպանուեցաւ։ 14   Եփրեմը դառնապէս բարկացրեց Աստուծուն, եւ նորա արիւնը նորա վերայ պիտի թափէ եւ նորա նախատինքը նորան ետ պիտի դարձնէ նորա Տէրը։

Ծանոթագրություններ