Օսեե 2։1-23

2  Ձեր եղբայրներին ասեցէք՝ Ամմի* եւ ձեր քոյրերին՝ Րուհամա*.  Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. որ նա հեռացնէ իր պոռնկութիւնը իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը։  Որ մի գուցէ նորան հանեմ մերկացնեմ, եւ նորան ներկայացնեմ իր ծնուած օրին պէս. եւ նորան անապատի պէս շինեմ, եւ նորան անջուր երկրի պէս անեմ եւ ծարաւով մեռցնեմ նորան.  Եւ նորա որդկանցը չ’ողորմեմ, որ պոռնկութեան որդիք են նորանք։  Որովհետեւ նորանց մայրը պոռնկացաւ, խայտառակուեցաւ նորանց ծնողը որ ասեց. Գնամ իմ հոմանիների ետեւից, որոնք որ տալիս են իմ հացը եւ ջուրը, բուրդն ու քթանը. իւղս եւ խմելիքներս։  Դորա համար ահա ես փուշերով ցանգ պիտի քաշեմ նորա* ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չ’գտնէ։  Եւ նա կ’գնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կ’որոնէ, բայց չի գտնիլ. այն ժամանակ կ’ասէ. Ետ դառնամ գնամ իմ առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։  Եւ նա չ’գիտէր, որ ես էի տալիս իրան ցորենը, գինին եւ իւղը. եւ ես նորա արծաթը շատացրի եւ ոսկին. որոնցով նորանք Բահաղներ շինեցին։  Դորա համար ետ պիտի առնեմ ցորենս իր ժամանակին եւ գինիս՝ իր եղանակին. եւ պիտի խլեմ բուրդս ու քթանս, որ նորա մերկութիւնը ծածկելու համար էր. 10  Եւ հիմա պիտի յայտնեմ նորա անզգամութիւնը նորա հոմանիների առաջին, եւ ոչ ոք չէ կարող նորան ազատել իմ ձեռից։ 11  Եւ պիտի դադարեցնեմ նորա բլորո ուրախութիւնները , նորա տօները, ամսագլուխները եւ շաբաթները. եւ նորա բոլոր հանդիսաւոր ժամանակները. 12  Եւ պիտի աւերեմ նորա որթերը եւ թզենիները, որոնց համար ասում էր թէ Նորանք իմ կապէնքն են, որ իմ հոմանիները տուել են ինձ. եւ ես նորանց անտառ պիտի շինեմ, եւ դաշտի գազանները պիտի ուտեմ նորանց։ 13  Եւ նորան պիտի պատժեմ Բահաղիմների օրերի համար, որոնցում նա խունկ էր ծխում նորանց, եւ զարդարվում էր օղերովը եւ պաճուճանքովը, եւ իր հոմանիների ետեւից գնում, եւ ինձ մոռացել էր, ասում է Տէրը։ 14  Սորա համար ահա ես նորա կը համոզեմ, եւ նորան կ’տանեմ անապատը, եւ կ’խօսեմ նորա սրտի հետ։ 15  Եւ ես կ’տամ նորան իր այգիները այնտեղից, եւ Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ, եւ նա կ’պատասխանէ այնտեղ իր մանկութեան օրերի պէս եւ իր Եգիպտոսի երկրից վեր գալու օրուան պէս։ 16  Եւ կ’լինի այն օրը, ասում է Տէրը, որ ինձ Ով իմ այր կը կանչես, եւ ինձ այլ եւս Բահաղս* չես կոչիլ։ 17  Եւ ես կ’հեռացնեմ Բահաղիմների անունները նորա բերանից. եւ նորանք այլ եւս պիտի չ’յիշուին իրանց անուններովը։ 18  Եւ նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ. եւ աղեղը, սուրը եւ պատերազմը պիտի կոտրեմ երկրից, եւ նորանց պիտի պառկեցնեմ ապահովութեամբ։ 19  Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. եւ քեզ պիտի նշանեմ արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով եւ գթութիւնով։ 20  Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կ’ճանաչես Տիրոջը։ 21  Եւ կ’լինի այն օրը, որ ես կ’պատասխանեմ, ասում է Տէրը, կ’պատասխանեմ երկնքին, եւ նա կ’պատասխանէ երկրին։ 22  Եւ երկիրը կ’պատասխանէ ցորենին, գինիին եւ իւղին, եւ նորան կ’պատասխանեն Յեզրայելին։ 23  Եւ նորան պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ պիտի ողորմեմ չրողորմեալին, եւ կ’ասեմ նորան որ իմ ժողովուրդը չէ. Դու իմ ժողովուրդն ես, եւ նա կ’ասէ. Ով իմ Աստուած։

Ծանոթագրություններ

2։1 Այսինքն՝ իմ ժողովուրդ։
2։1 Այսինքն՝ ողորմեալ։
2։6 Եբր.՝ քո։
2։16 Այսինքն՝ Տէրս։