Օսեե 5։1-15

5  Լսեցէք այս, ով քահանաներ, եւ ականջ դրէք, ով Իսրայէլի տուն, եւ ուշադիր եղէք, ով թագաւորի տուն, որ դատաստան կայ ձեզ համար, որովհետեւ դուք որոգայթ եղաք Մասփայում, եւ տարածուած վարմ՝ Թաբօրի վերայ։  Եւ ապականութիւնով մոլորուողները խորասոյզ եղան, բայց ես նորանց ամենին պիտի խրատեմ։  Ես ճանաչում եմ Եփրեմին, եւ Իսրայէլը ծածկուած չէ ինձանից. որովհետեւ դու հիմա շնացար, ով Եփրեմ, Իսրայէլը պղծուած է։  Թոյլ չեն տալիս նորանց գործերը, որ ետ դառնան իրանց Աստուծոյ մօտ, որովհետեւ նորանցում շնութեան հոգի կայ, եւ Տիրոջը չեն ճանաչում։  Եւ Իսրայէլի հպարտութիւնը պիտի խոնարհուի նորանց առաջին, եւ Իսրայէլն ու Եփրեմը պիտի գլորուին իրանց անօրէնութեամբը, Յուդան էլ պիտի գլորուի նորանց հետ։  Նորանք իրանց ոչխարներովն ու արջառներովը պիտի գնան Տիրոջը որոնելու, բայց պիտի չ’գտնեն, նա քաշուել է նորանցից։  Նորանք անհաւատարմութիւն արին Տիրոջը, որ օտար որդիներ ծնան. հիմա ամիսը պիտի ուտէ նորանց իրանց վիճակներովը։  Շեփոր հնչեցրէք Գաբայումը, փող՝ Ռամայումը, բարձրաձայն կանչեցէք Բեթաւանումը, քո ետեւիցը, ով Բենիամին։  Եփրեմը ամայի պիտի դառնայ իր յանդիմանութեան օրը. Իսրայէլի ցեղերումը ճշմարտութիւնն իմացրի։ 10  Յուդայի իշխանները սահմանը փոխողների պէս եղան, նորանց վերայ պիտի թափեմ ջրերի պէս իմ բարկութիւնը։ 11  Եփրեմը ճնշուած է եւ դատաստանով փշրուած, որ յօժարակամ գնաց հրամանի ետեւիցը։ 12  Բայց ես ցեցի պէս եմ Եփրեմի համար, եւ ուտիճի պէս՝ Յուդայի տան համար։ 13  Եւ Եփրեմը տեսաւ իր ցաւը եւ Յուդան՝ իր վէրքը, եւ Եփրեմը գնաց Ասորեստան, եւ Յարէբ թագաւորի մօտ ուղարկեց. բայց նա կարող չէ ձեզ առողջացնել, եւ չի առողջացնիլ ձեր վէրքը։ 14  Որովհետեւ ես առիւծի պէս էեմ Եփրեմի համար, եւ առոյգ առիւծի պէս՝ Յուդայի տան համար. ես՝ ես պիտի պատառեմ ու գնամ, պիտի տանեմ եւ ազատող պիտի չ’լինի։ 15  Գնում եմ՝ ետ եմ դառնում իմ տեղը, մինչեւ որ իրանց յանցանքը խոստովանեն եւ իմ երեսը որոնեն. երբոր նորանք նեղութեան մէջ լինեն կանուխ պիտի ինձ դիմեն։

Ծանոթագրություններ