Օսեե 8։1-14

8  Փողը բերանի՜դ. արծիւի պէս յարձակվում է Տիրոջ տան վերայ թշնամին, որովհետեւ զանց արին իմ ուխտը, եւ իմ օրէնքի դէմ յանցանք գործեցին։  Դէպի ինձ են աղաղակում. Ով Աստուած, մենք Իսրայէլս ճանաչում ենք քեզ։  Իսրայէլը մերժեց բարին, թշնամին պիտի հալածէ նորան։  Նորանք թագաւոր դրին, բայց ոչ թէ ինձանից. իշխաններ դրին, բայց ես չ’իմացայ. իրանց արծաթն ու իրանց ոսկին իրանց համար կուռքեր շինեցին, որպէս զի բնաջինջ լինեն։  Քո որթը մերժուեցաւ, ով Սամարիա, վառուեցաւ իմ բարկութիւնը նորանց վերայ. մինչեւ ե՞րբ պիտի նորանք չ’կարողանան սրբուիլ։  Որովհետեւ նա էլ Իսրայէլիցը. արուեստաւորը շինեց նորան, եւ նա Աստուած չէ. որովհետեւ փշուր փշուր պիտի դառնայ Սամարիայի որթը։  Որովհետեւ քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չ’ունի. բոյսը չի շինելու խիւսը. եթէ շինէ էլ՝ օտարներն են կուլ տալու։  Իսրայէլը կուլ գնաց. հիմա ազգերի մէջ պիտի լինեն անախորժ ամանի պէս։  Որովհետեւ նորանք գնացին Ասորեստան. վայրենի էշը ման է գալիս իրան համար. Եփրեմը սիրականներ է վարձում։ 10  Թէեւ վարձեն էլ ազգերի մէջ, ես նորանց պիտի ժողովեմ. եւ նորանք կ’հանգստանան* մի քիչ իշխանաց թագաւորի բեռիցը։ 11  Որովհետեւ Եփրեմը շատացրեց սեղանները մեղանչելով, սեղանները նորա համար մեղքի պատճառ եղան։ 12  Եւ ես նորան գրեցի իմ բիւրաւոր օրէնքները. իսկ նորանք օտարոտի բանի պէս համարուեցան։ 13  Իբրեւ իմ ընծաների զոհեր նորանք միս են զոհում եւ ուտում, Տէրը նորանց չէ հաւանում. հիմա նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը եւ պատժէ նորանց մեղքերը. նորանք Եգիպտոս պիտի ետ դառնան։ 14  Որովհետեւ Իսրայէլը մոռացաւ իր Արարչին եւ պալատներ շինեց. եւ Յուդան շատացրեց պարսպաւոր քաղաքները։ Բայց ես կրակ պիտի ուղարկեմ նորանց մէջ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։

Ծանոթագրություններ

8։10 Կամ՝ կ’չարչարուին։