1 Թագավորներ 11։1-43

11  Եւ Սողոմոն թագաւորը շատ օտարազգի կանայք սիրեց, բացի Փարաւօնի աղջկանից՝*, այսինքն Մովաբացիներ, Ամմոնացիներ, Եդովմացիներ, Սիդոնացիներ, Քետացիներ.  Այն ազգերից որոնց համար Տէրն ասել էր Իսրայէլի որդկանց թէ նորանց մօտ մի մտնէք, եւ նորանք էլ ձեզ մօտ չ’մտնեն, որ ձեր սիրտերը չ’դարձնեն իրանց աստուածների ետեւից։ Սողոմոնը սիրով նորանց յարեցաւ։  Եւ եօթը հարիւր տիկին կանայք եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ իր կանայքը նորա սիրտը դարձրին։  Եւ եղաւ Սողոմոնի ծերութեան ժամանակին որ նորա կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ ինչպէս իր հայր Դաւիթի սիրտը։  Եւ Սողոմոնը գնաց Սիդոնացիների Աստվարովթ աստուծոյ ետեւից եւ Ամմոնացիների գարշելի Մեղքոմի* ետեւից։  Եւ Սողոմոնը չարութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չ’հետեւեց Տիրոջը իր հայր Դաւիթի պէս։  Այն ժամանակ Սողոմոնը մի բարձրաւանդակ շինեց Մովաբացիների գարշելի Քամովսի համար Երուսաղէմի դիմացի սարի վերայ, նոյնպէս եւ Ամմոնի որդկանց գարշելի Մողոքի համար։  Եւ այսպէս էլ արաւ իր բոլոր օտարազգի կանանց համար որ իրանց աստուածներին խունկ էին ծխում եւ զոհ մատուցանում։  Եւ Տէրը բարկացաւ Սողոմոնի վերայ, որ իր սիրտը ծռեց Իսրայէլի Տէր Աստուածանից, որ երկու անգամ իրան երեւեցել էր։ 10  Եւ նորան այս բանի համար պատուիրել էր որ ուրիշ աստուածների ետեւից չ’գնայ. բայց նա չ’պահեց ինչ որ Տէրը նորան հրամայել էր։ 11  Եւ Տէրն ասեց Սողոմոնին. Որովհետեւ այս բաները լինում են քեզ մօտ, եւ դու չ’պահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատուէրները, ես անշուշտ պիտի քեզանից պատառեմ թագաւորութիւնը, եւ քո ծառային պիտի տամ այն։ 12  Միայն թէ քո օրերումը չեմ անելու քո հայր Դաւիթի պատճառով, քո որդիի ձեռիցն եմ նորան պատառելու։ 13  Սակայն բոլոր թագաւորութիւնը չեմ պատառելու, մէկ ցեղը պիտի տամ քո որդիին իմ ծառայ Դաւիթի պատճառով, եւ իմ ընտրած Երուսաղէմի պատճառով։ 14  Եւ Տէրը Սողոմոնի համար մի հակառակորդ վերկացրեց, այսինքն Եդովմի թագաւորի սերունդից Եդովմացի Ագագին։ 15  Որովհետեւ Դաւիթը Եդովմում եղած ժամանակը, երբոր Յովաբ զօրագլուխը վեր գնաց, որ սպանուածներին թաղէ Եդովմում կոտորեց բոլոր արուներին, 16  Որովհետեւ Յովաբը եւ բոլոր Իսրայէլը վեց ամիս բնակուեցան այնտեղ մինչեւ որ Եդովմումը բոլոր արուներին բնաջինջ արաւ. 17  Այն ժամանակ Ագագն ինքը եւ իր հօր ծառաներից Եդովմացի մարդիկ իր հետ փախան գնացին Եգիպտոս. եւ Ագագը փոքր երեխայ էր։ 18  Եւ նորանք Մադիամից վեր կացան ու եկան Փառան, եւ իրանց հետ մարդիկ վեր առան Փառանից ու գնացին Եգիպտոս Եգիպտոսի թագաւոր Փրաւօնի մօտ. եւ նա նորան տուն եւ հաց տուաւ, եւ նորան երկիր շնորհեց։ 19  Եւ Ագագը շատ շնորհք գտաւ Փարաւօնի աչքի առաջին, եւ նա իր կնկան քոյրը նորան կին տուաւ՝ Թահփենէս թագուհիի քոյրը։ 20  Եւ Թահփենէսի քոյրը նորա համար ծնեց Գանեբաթին, եւ Թահփենէսը նորան մեծացրեց Փարաւօնի տանը. եւ Գանեբաթը լինում էր Փարաւօնի որդիների մէջ։ 21  Եւ Ագագը լսեց Եգիպտոսում, թէ Դաւիթը ննջել է իր հայրերի հետ, եւ թէ Յովաբ զօրագլուխը մեռել է, եւ Ագագն ասեց Փարաւօնին. Ինձ արձակիր որ իմ երկիրը գնամ։ 22  Եւ Փարաւօնն ասեց նորան. Ի՞նչդ է պակաս ինձ մօտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ. բայց նա ասեց. Ոչ, այլ ինձ անպատճառ արձակիր։ 23  Եւ Աստուած նորա դէմ մի ուրիշ հակառակորդ վեր կացրեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որ փախել էր իր տիրոջից՝ Սուբայի Ադրազար թագաւորից։ 24  Եւ նա իր մօտ մարդիկ հաւաքեց եւ գնդապետ եղաւ. և երբոր Դաւիթը նորանց կոտորեց, գնացին Դամասկոս եւ բնակուեցան այնտեղ եւ Դամասկոսումը թագաւորութիւն արին։ 25  Եւ նա Իսրայէլին հակառակորդ էր Սողոմոնի բոլոր օրերումը. բացի Ագագի արած չարութիւից, նա նեղում էր Իսրայէլին. եւ թագաւորեց Ասորիների վերայ։ 26  Եւ Սողոմոնի ծառայ Սարեդայից Եփրաթացի Նաբատի որդի Յերոբովամը, որի մօր անունը Սարուա էր՝ մի որբեւայրի կին, սա էլ ձեռք բարձրացրեց թագաւորի դէմ։ 27  Եւ սա է նորա թագաւորի վերայ ձեռք բարձրացնելու պատմութիւնը. Սողոմոնը Մելօնը շինել էր եւ իր հայր Դաւիթի քաղաքի քանդուածը պնդացրեց. 28  Եւ Յերոբովամը մի քաջազուն մարդ էր. եւ երբոր Սողոմոնը նկատեց, որ նա մի գործունեայ տղամարդ է, նորան վերակացու դրաւ Յովսէփի տան բոլոր բեռների վերայ։ 29  Եւ եղաւ երբոր Յերոբովամը դուրս ելաւ Երուսաղէմից, այն ժամանակ նորան գտաւ ճանապարհին Սիլոնացի Աքիա մարգարէն, եւ նա մի նոր վերարկու էր հագել. եւ նորանք երկուսն էլ մինակ էին դաշտումը։ 30  Եւ Աքիան նորա վերայի նոր վերարկուից բռնեց եւ ճղոտեց տասնեւերկու կտոր արաւ նորան։ 31  Եւ Յերոբովամին ասեց. Քեզ համար տասը կտորը վեր առ. որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես պիտի պատառեմ թագաւորութիւնը Սողոմոնի ձեռիցը եւ քեզ տամ տասը ցեղը. 32  Իսկ մէկ ցեղը նորան կ’լինի իմ ծառայ Դաւիթի պատճառով եւ Իսրայէլի բոլոր ցեղերից իմ ընտրած Երուսաղէմ քաղաքի պատճառով։ 33  Որովհետեւ ինձ թողեցին եւ երկրպագութիւն արին Սիդոնացիների Աստարովթ աստուծուն եւ Մովաբի Քամովս աստուծուն, եւ Ամմոնի որդկանց Մեղքոմ աստուծուն, եւ չ’գնացին իմ ճանապարհներովը, որ իմ աչքի առաջին ուղիղը եւ իմ պատուէրները ու իրաւունքները կատարէին ինչպէս նորա հայր Դաւիթը։ 34  Բայց բոլոր թագաւորութիւնը չեմ առնելու նորա ձեռից. որովհետեւ նորան իշխան կ’դնեմ նորա կեանքի բոլոր օրերումն իմ ծառայ Դաւիթի պատճառով, որին ես ընտրել եմ, որ իմ հրամաններն ու իմ պատուէրները պահել է։ 35  Սակայն պիտի առնեմ թագաւորութիւնը նորա որդիի ձեռիցը եւ քեզ տամ այն, այսինքն տասը ցեղերը։ 36  Եւ նորա որդիին պիտի տամ մէկ ցեղը, որ իմ ծառայ Դաւիթը միշտ մէկ ճրագ ունենայ իմ առաջին Երուսաղէմում՝ այն քաղաքումը որը ես ընտրել եմ որ իմ անունը դնեմ այնտեղ։ 37  Եւ ես քեզ վեր եմ առնում, եւ դու կ’թագաւորես բոլոր սրտիդ ուզածին պէս եւ թագաւոր պիտի լինես Իսրայէլի վերայ։ 38  Եւ կ’լինի որ եթէ լսես բոլոր իմ քեզ հրամայածին եւ գնաս իմ ճանապարհներումը, եւ անես իմ աչքի առաջին ուղիղը, որ պահես իմ պատուէրները եւ հրամանները ինչպէս որ անում էր իմ Դաւիթ ծառան, այն ժամանակ ես քեզ հետ կ’լինեմ եւ քեզ համար հաստատուն տուն կ’շինեմ ինչպէս որ շինել եմ Դաւիթի համար, եւ Իսրայէլը քեզ կ’տամ։ 39  Եւ պիտի խոնարհեցնեմ Դաւիթի սերունդը այս պատճառով, բայց ոչ թէ միշտ։ 40  Եւ Սողոմոնն աշխատում էր որ Յերոբովամին սպանէ. բայց Յերոբովամը վեր կացաւ եւ փախաւ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագաւոր Սիսակի մօտ, եւ մնաց Եգիպտոսում մինչեւ Սողոմոնի մեռնելը։ 41  Եւ Սողոմոնի գործքերի մնացորդը, եւ նորա բոլոր արածը եւ նորա իմաստութիւնը, ահա նորանք գրուած են Սողոմոնի գործքերի գրքումը։ 42  Եւ Սողոմոնի բոլոր Իսրայէլի վերայ Երուսաղէմումն արած թագաւորութեան ժամանակն էր քառասուն տարի։ 43  Եւ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայր Դաւիթի քաղաքում, եւ նորա որդի Ռոբովամը թագաւորեց նորա տեղ։

Ծանոթագրություններ

11։1 Կամ՝ նաև Փարաւօնի աղջկանը։
11։5 Հմր. 7, «Մողոք»։