1 Թագավորներ 14։1-31

14  Այդ ժամանակին հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան։  Եւ Յերոբովամն ասեց իր կնկան. Վեր կաց, կերպարանքդ փոխիր որ քեզ չ’ճանաչեն թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա Սելով. ահա Աքիա մարգարէն այնտեղ է, նա ինձ համար ասել է թէ թագաւոր կ’լինեմ այս ժողովրդի վերայ։  Եւ տասը հաց, բլիթներ եւ մի փարչ մեղր ձեռքդ առ եւ գնա նորա մօտ, եւ նա քեզ կ’իմացնէ թէ ինչ պիտի լինի երեխային։  Եւ Յերոբովամի կինը այսպէս արաւ, եւ վեր կացաւ գնաց Սելով ու մտաւ Աքիայի տունը. բայց Աքիան չէր կարողանում տեսնել. որովհետեւ աչքերը դադարել էին ծերութիւնից։  Եւ Տէրն ասեց Աքիային. Ահա Յերոբովամի կինը եկել է քեզանից բան հարցնելու իր որդիի համար, որ ահա հիւանդ է. այսպէս եւ այսպէս ասես նորան. եւ կինը եկած ժամանակ իրան օտար է ձևացնելու։  Եւ եղաւ հէնց որ Աքիան լսեց նորա ոտքերի ձայնը, որ դռնովը մտնում էր, ասեց. Եկ, ով Յերոբովամի կին, ի՞նչու համար ես քեզ օտար ձևացնում. եւ ես ուղարկուեցայ քեզ խիստ բանի համար։  Գնա, Յերոբովամին ասիր. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Որովհետեւ ես քեզ բարձրացրի ժողովրդի միջիցը եւ քեզ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ իշխան դրի.  Եւ պատառեցի թագաւորութիւնը Դաւիթի տանիցը եւ քեզ տուի, եւ դու իմ Դաւիթ ծառայի պէս չ’եղար որ պահում էր իմ պատուիրանքները եւ բոլոր սրտով հետեւում որ միայն իմ աչքին ուղիղ երևեցածն անէ.  Եւ քեզանից առաջ եղածների ամենից աւելի չարութիւն գործեցիր, եւ գնացիր քեզ համար ուրիշ աստուածներ եւ կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար, եւ ինձ քո ետեւը գցեցիր։ 10  Ահա ես էլ չարիք պիտի բերեմ Յերոբովամի տան վերայ եւ պիտի բնաջինջ անեմ Յերոբովամի համար ամեն արու մարդը, Իսրայէլի մէջ կապուածը եւ արձակուածը, եւ պիտի աւելեմ Յերոբովամի տան ետեւիցը, ինչպէս որ աղբն են աւելում մինչեւ որ վերջանայ։ 11  Յերոբովամից քաղաքում մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտի մէջ մեռածին երկնքի թռչունները պիտի ուտեն. որովհետեւ Տէրն է ասում։ 12  Եւ դու վեր կաց գնա քո տունը. քո ոտքերը քաղաքը մտնելիս երեխան պիտի մեռնի։ 13  Եւ բոլոր Իսրայէլը նորա համար սուգ կ’անէ, եւ կ’թաղեն նորան. Որովհետեւ Յերոբովամից միայն նա է մտնելու գերեզման, որովհետեւ Յերոբովամի տանը միայն նորա վերայ մի բարի բան գտնուեցաւ Իսրայէլի Տէր Աստուծոյ առաջին։ 14  Եւ Տէրն իր համար Իսրայէլի վերայ մէկ թագաւոր վեր կ’կացնէ որ բնաջինջ կ’անէ Յերոբովամի տունը նոյն օրը, եւ այն էլ՝ ինչ որ կայ հիմա։ 15  Եւ Տէրը պիտի զարկէ Իսրայէլին ինչպէս որ եղէգը շարժվում է ջրերի մէջ, եւ պիտի խլէ Իսրայէլին այս բարի երկրիցը, որ տուել է իրանց հայրերին, եւ պիտի ցրուէ նորանց Գետի միւս կողմումը. Որովհետեւ իրանց համար կուռքի անտառներ շինեցին Տիրոջը բարկացնելով։ 16  Եւ Իսրայէլին պիտի մատնէ, այն մեղքերի համար որ Յերոբովամն արաւ, եւ որ Իսրայէլին մեղանչել տուաւ։ 17  Եւ Յերոբովամի կինը վեր կացաւ եւ գնաց հասաւ Թերսա. եւ նա տան շէմքովը ներս էր մտնում, որ ահա երեխան մեռաւ։ 18  Եւ նորան թաղեցին, եւ բոլոր Իսրայէլը սուգ արաւ նորա վերայ Տիրոջ խօսքին համեմատ, որ խօսեց իր ծառայ Աքիա մարգարէի ձեռովը։ 19  Եւ Յերոբովամի գործքերի մնացորդը, թէ պատերազմելը եւ թէ թագաւորելը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։ 20  Եւ Յերոբովամի թագաւորութիւն արած օրերը քսանեւերկու տարի էր. Եւ նա ննջեց իր հայրերի հետ. եւ նորա որդի Նադաբը թագաւորեց նորա տեղ։ 21  Եւ Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի մէջ. Ռոբովամը քառասունեւմէկ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում՝ այն քաղաքումը, որ Տէրը ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերից իր անունը այնտեղ դնելու համար. Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։ 22  Եւ Յուդայեանները չարութիւն արին Տիրոջ աչքի առաջին եւ նորան աւելի բարկացրին իրանց արած մեղքերովը քան թէ իրանց հայրերը։ 23  Նորանք էլ իրանց համար բարձրաւանդակներ եւ արձաններ եւ անտառի կուռքեր շինեցին ամեն բարձր բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։ 24  Եւ իգացողներ էլ կային այն երկրումը, որ այն ազգերի բոլոր գարշութիւնների պէս էին անում, որոնց որ քշել էր Տէրը Իսրայէլի որդկանց առաջից։ 25  Եւ Ռոբովամ թագաւորի հինգերորդ տարին եղաւ որ Եգիպտոսի Սիսակ թագաւորն եկաւ Երուսաղէմի վերայ։ 26  Եւ վեր առաւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի տան գանձերը եւ բոլորը վեր առաւ, եւ վեր առաւ բոլոր ոսկի վահանները որ Սողոմոնը շինել էր։ 27  Եւ Ռոբովամ թագաւորը նորանց փոխարէն պղնձի վահաններ շինեց եւ յանձնեց սուրհանդակների գլխաւորների ձեռքը, որ թագաւորի տան պահպանութիւնն անում էին։ 28  Եւ երբոր թագաւորը Տիրոջ տունն էր գնում, սուրհանդակները նորանց տանում եւ ետ էին բերում սուրհանդակների խուցը։ 29  Եւ Ռոբովամի գործքերի մնացորդը եւ նորա բոլոր արածը ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 30  Եւ միշտ պատերազմ կար Ռոբովամի եւ Յերոբովամի մէջ։ 31  Եւ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա մօր անունն էր Նաամա Ամմոնացի. եւ նորա Աբիամ* որդին թագաւորեց նորա տեղ։

Ծանոթագրություններ

14։31 Աբիա։