1 Թագավորներ 17։1-24

17  Եւ Գաղաադի բնակիչներից Թեզբացի Եղիան ասեց Աքաաբին. Կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը, որի առաջին կանգնում եմ, որ այս տարիներին ցօղ եւ անձրեւ պիտի չ’լինի, բայց եթէ իմ խօսքովը։  Եւ Տիրոջ խօսքը եղաւ նորան ասելով.  Գնա այստեղից եւ դարձիր դէպի արեւելք եւ թաք կաց Քերիթ հեղեղատի մօտ որ Յորդանանի դէմ է։  Եւ այն հեղեղատիցը կ’խմես, եւ ես ագռաւներին հրամայել եմ որ քեզ կերակրեն այնտեղ։  Եւ նա գնաց եւ արաւ Տիրոջ խօսքի համեմատ, եւ գնաց ու բնակուեց Քերիթ հեղեղատի մօտ որ Յորդանանի դիմացն է։  Եւ ագռաւները նորա համար հաց եւ միս էին բերում առաւօտը, եւ հաց ու միս՝ իրիկունը, եւ նա խմում էր հեղեղատիցը։  Եւ եղաւ որ մի քանի ժամանակից յետոյ չորացաւ հեղեղատը, որովհետեւ երկրումն անձրեւ չ’կար։  Եւ Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով.  Վեր կաց գնա Սիդոնացիների Սարեփթան եւ այնտեղ նստիր. ահա ես այնտեղ մի որբեւայրի կնկայ հրամայել եմ որ քեզ կերակրէ։ 10  Եւ նա վեր կացաւ գնաց Սարեփթա եւ հասաւ քաղաքի դուռը, եւ ահա այնտեղ մի որբեւայրի կին փայտ էր ժողովում. եւ նա կանչեց նորան եւ ասեց. Խնդրեմ ինձ համար մի քիչ ջուր բեր մի ամանում որ խմեմ։ 11  Եւ երբոր նա գնաց բերելու, նորան կանչեց եւ ասեց. Խնդրեմ ինձ համար մի պատառ էլ հաց բեր ձեռքիդ։ 12  Եւ նա ասեց. Կենդանի է քո Տէր Աստուածը, որ ես մի նկանակ չ’ունեմ, բացի մի բուռ ալիւր սափորումը եւ մի քիչ իւղ կուժումը, եւ ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ եւ պատրաստեմ այն ինձ համար եւ իմ որդիի համար, որ այն ուտենք եւ մեռնենք։ 13  Եւ Եղիան ասեց նորան. Մի վախենար, գնա արա քո խօսքի պէս, միայն թէ առաջ ինձ համար մի փոքր շօթ շինիր նորանից եւ բեր ինձ համար, եւ յետոյ քեզ եւ քո որդիի համար կ’շինես։ 14  Որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Սափորումը ալիւրը պիտի չ’վերջանայ, եւ կուժիցը իւղը չ’պակասէ, մինչեւ այն օրը որ Տէրը անձրեւ տայ երկրի երեսին։ 15  Եւ նա գնաց եւ արաւ Եղիայի խօսքի պէս, եւ նա եւ կինը եւ իր տունը կերան բաւական ժամանակ։ 16  Եւ սափորիցն ալիւրը չէր վերջանում, եւ կուժիցը իւղը չէր պակասում Տիրոջ այն խօսքի պէս, որ ասեց Եղիայի ձեռովը։ 17  Եւ այս բաներից յետոյ եղաւ որ այն տան տիկին կնկայ տղան հիւանդացաւ, եւ նորա հիւանդութիւնը շատ սաստիկ էր մինչեւ որ նորանում շունչ չէր մնացել։ 18  Եւ կինն ասեց Եղիային. Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. ով մարդ Աստուծոյ, ինձ մօտ եկար որ իմ մեղքը յիշեցնես եւ իմ որդին մեռցնես։ 19  Եւ նա ասեց կնկան. Ինձ տուր տղադ. եւ առաւ նորան նորա գրկիցը եւ վեր տարաւ նորան վերնատունը ուր որ ինքը բնակվում էր, եւ պառկեցրեց նորան իր անկողնի վերայ։ 20  Եւ աղաղակեց Տիրոջը եւ ասեց. Ով իմ Տէր Աստուածը, մի՞թէ այս որբեւայրիին էլ, որի մօտ ես պանդուխտ եմ, չարիք կ’անես որ նորա որդին մեռցնես։ 21  Եւ երեք անգամ իր երկայնութեամբը ընկաւ երեխայի վերայ, եւ կանչեց Տիրոջը եւ ասեց. Ով Տէր իմ Աստուած, աղաչում եմ այս երեխայի շունչն իրան մէջը դարձրու։ 22  Եւ Տէրը լսեց Եղիայի ձայնին, եւ երեխայի շունչը նորա մէջը դարձաւ եւ նա կենդանացաւ։ 23  Եւ Եղիան առաւ երեխային եւ վայր իջեցրեց վերնատնիցը տուն, եւ նորան տուաւ իր մօրը, եւ Եղիան ասեց. Տես որդիդ կենդանի է։ 24  Եւ կինն ասեց Եղիային. Ահա հիմա գիտեմ որ դու Աստուծոյ մարդ ես, եւ բերանիդ միջի Աստուծոյ խօսքը ճշմարիտ է։

Ծանոթագրություններ