1 Թագավորներ 18։1-46

18  Եւ շատ ժամանակ անցնելուց յետոյ Տիրոջ խօսքն եղաւ Եղիային՝ երրորդ տարին ասելով. Գնա երեւեցիր Աքաաբին, եւ ես անձրեւ պիտի տամ երկրի երեսին։  Եւ Եղիան գնաց Աքաաբին երեւելու համար. եւ սովը սաստիկ էր Սամարիայում։  Եւ Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, եւ Աբդիան Տէրիցը շատ վախենում էր,  Եւ երբոր Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, այն ժամանակ Աբդիան հարիւր մարգարէ առաւ եւ նորանցից յիսուն յիսուն մարդ առաւ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով եւ ջրով։  Եւ Աքաաբն ասեց Աբդիային. Գնա այս երկրի բոլոր ջրի աղբիւրների եւ բոլոր հեղեղատների մօտ, գուցէ խոտ գտնենք եւ մեր ձիանքն ու ջորիքն ապրեցնենք եւ չ’զրկուինք անասուններից։  Եւ երկիրը բաժանեցին իրանց մէջ, նորա մէջ շրջելու համար. Աքաաբն մէկ ճանապարհով գնաց առանձին, եւ Աբդիան մէկ ճանապարհով գնաց առանձին։  Եւ երբոր Աբդիան ճանապարհին էր, ահա Եղիան հանդիպեց նորան, եւ նա ճանաչեց նորան եւ ընկաւ իր երեսի վերայ եւ ասեց. Սա դո՞ւ ես, տէր իմ Եղիա։  Եւ նա ասեց. Ես եմ. գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան։  Եւ նա ասեց. Ես ի՞նչ եմ մեղանչել, որ դու ծառայիդ Աքաաբի ձեռքն ես տալիս որ ինձ մեռցնէ։ 10  Կենդանի է Եհովան՝ քո Աստուածը, որ չ’կայ մի ազգ եւ թագաւորութիւն ուր որ իմ տէրը մարդ ուղարկած չ’լինի քեզ որոնելու, բայց ասում են՝ Չ’կայ. Եւ այն ազգին եւ այն թագաւորութեանը երդում է տուել թէ քեզ չեն գտել։ 11  Եւ հիմա դու ասում ես. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան։ 12  Եւ կ’լինի, որ ես քո մօտիցը գնամ եւ Տիրոջ հոգին քեզ վեր առնէ տանէ մի տեղ, որ ես չ’գիտեմ, եւ ես գնամ Աքաաբին իմացնեմ, եւ նա քեզ չ’գտնէ, այն ժամանակ նա ինձ կ’սպանէ. բայց ծառադ Տէրիցը երկիւղած եմ իմ մանկութիւնից։ 13  Մի՞թէ չեն իմացրել իմ տիրոջը այն որ արի՝ Յեզաբէլը Տիրոջ մարգարէներին սպանելիս, որ թաքցրի Տիրոջ մարգարէներից հարիւր մարդ յիսուն յիսուն՝ քարայրներում եւ նորանց կերակրեցի հացով ու ջրով։ 14  Եւ հիմա դու ինձ ասում ես. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան, որ ինձ սպանէ։ 15  Եւ Եղիան ասեց. Կենդանի է Զօրաց Տէրը, որի առաջին կանգնած եմ, որ այսօր պիտի երեւեմ նորան։ 16  Եւ Աբդիան գնաց ու Աքաաբին դիմաւորեց եւ նորան պատմեց, եւ Աքաաբը գնաց Եղիային դիմաւորելու։ 17  Եւ հէնց որ Աքաաբը Եղիային տեսաւ, իսկոյն ասեց Աքաաբը նորան. Սա դո՞ւ ես, ով Իսրայէլի խանգարողը։ 18  Ես չեմ խանգարել Իսրայէլին, այլ դու եւ քո հօր տունը, որ թողելով Տիրոջ պատուէրները գնում ես Բահաղների ետեւից։ 19  Եւ հիմա մարդ ուղարկիր հաւաքիր բոլոր Իսրայէլին ինձ մօտ Կարմեղոս սարի վերայ. եւ Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին, եւ Աստարովթի չորս հարիւր մարգարէներին, որ ուտում են Յեզաբէլի սեղանից։ 20  Եւ Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայէլի բոլոր որդիներին եւ հաւաքեց մարգարէներին Կարմեղոս սարի վերայ։ 21  Եւ Եղիան մօտեցաւ բոլոր ժողովրդին եւ ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք. Եւ ժողովուրդը նորան մի բան պատասխան չ’տուաւ։ 22  Եւ Եղիան ասեց ժողովրդին. Մինակ ես եմ մնացել Եհովայի մարգարէ. Իսկ Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն մարդ են։ 23  Արդ թող մեզ երկու զուարակ տան. Եւ նորանք իրանց համար ընտրեն մէկ զուարակը, նորան կտորեն եւ դնեն փայտերի վերայ, բայց կրակ չ’դնեն. եւ ես էլ անեմ միւս զուարակը եւ դնեմ փայտերի վերայ, եւ կրակ չ’դնեմ։ 24  Յետոյ դուք կանչեցէք ձեր աստուծոյ անունը, իսկ ես կ’կանչեմ Եհովայի անունը. եւ կ’լինի՝ այն աստուածը, որ կրակով պատասխան կ’տայ, նա է Աստուածը. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց՝ եւ ասեցին. Լաւ խօսք է։ 25  Եւ Եղիան ասեց Բահաղի մարգարէներին. Ընտրեցէք ձեզ համար մէկ զուարակը, եւ սկիզբը դուք արէք. որովհետեւ դուք շատ էք, եւ կանչեցէք ձեր աստուծոյ անունը, բայց կրակ մի դնէք։ 26  Եւ նորանք առան իրանց տրուած զուարակը եւ արին եւ կանչեցին Բահաղի անունը առաւօտից մինչեւ կէսօր ասելով. Ով Բահաղ, պատասխան տուր մեզ. բայց ոչ ձայն կար, ոչ պատասխանող. եւ ոստոստում էին իրանց շինած սեղանի մօտ։ 27  Եւ կէսօր էր դառել, եւ Եղիան նորանց ծաղր անելով ասեց. Բարձր ձայնով կանչեցէք. Որովհետեւ նա աստուած է, գուցէ խոր մտածութեան մէջ է, կամ զբաղուած է, եւ կամ ճանապարհորդութիւն է անում, գուցե նա քնած է եւ զարթնանայ։ 28  Եւ նորանք բարձր ձայնով կանչեցին, եւ իրանց օրէնքի պէս, կտրտում էին իրանց մարմինները սուրերով եւ գեղարդներով, մինչեւ որ արիւնը թափվում էր նորանց վերայից։ 29  Եւ երբոր կէսօրն անցաւ, նորանք դեռ մարգարէանում էին* մինչեւ երեկոյեան զոհի ժամանակը, բայց ոչ ձայն կար, ոչ պատասխան տուող եւ ոչ լսող։ 30  Այն ժամանակ Եղիան ասեց բոլոր ժողովրդին. Ինձ մօտ եկէք. եւ բոլոր ժողովուրդն եկաւ նորա մօտ, եւ նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդուած էր։ 31  Եւ Եղիան վեր առաւ տասնեւերկու քարեր Յակոբի որդկանց թիւին չափ, որ Տիրոջ խօսքը եղաւ նորան թէ Իսրայէլ լինի քո անունը։ 32  Եւ այն քարերիցը մի սեղան շինեց Տիրոջ անունովը, եւ սեղանի շուրջը մէկ փոս շինեց, որ երկու գրիւ սերմ կ’առնէր։ 33  Եւ փայտերը շարեց եւ կտորեց զուարակը եւ դրաւ փայտերի վերայ. 34  Եւ ասեց. Չորս սափոր ջուր լցրէք եւ ածեցէք ողջակէզի եւ փայտերի վերայ. եւ ասեց Կրկին արէք. եւ կրկին արին. եւ ասեց. Երրորդ անգամ արէք. եւ երրորդ անգամ արին։ 35  Եւ ջուրերը գնում էին սեղանի շուրջովը, եւ փոսն էլ լցուեցաւ ջրով։ 36  Եւ երեկոյեան զոհի ժամանակն էր, երբոր Եղիա մարգարէն մօտեցաւ եւ ասեց. Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. Թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։ 37  Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. Եւ դու ետ կդարձնես նորանց սրտերը։ 38  Եւ Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ 39  Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած։ 40  Եւ Եղիան ասեց նորանց. Բռնեցէք Բահաղի մարգարէներին, որ նորանցից մէկ մարդ չ’պրծնի, եւ նորանց բռնեցին. եւ Եղիան վայր իջեցրեց նորանց Կիսոն հեղեղատի մօտ, եւ նորանց սպանեց այնտեղ։ 41  Եւ Եղիան ասեց Աքաաբին. Վեր գնա կեր ու խմիր. Որովհետեւ անձրեւի սաստիկ ձայն կայ։ 42  Եւ Աքաաբը վեր գնաց ուտելու եւ խմելու. Բայց Եղիան վեր ելաւ Կարմեղոսի գլուխը, եւ ծռուեցաւ մինչեւ գետինը եւ երեսը դրաւ իր ծունկերի մէջտեղը, 43  Եւ ասեց իր պատանիին. Վեր գնա մտիկ արա դէպի ծովակողմը. Եւ նա վեր գնաց եւ մտիկ արաւ եւ ասեց. Մի բան չ’կայ. եւ Եղիան ասեց. Դարձեալ գնա. եօթն անգամ։ 44  Եւ եօթներորդ անգամին ասեց. Ահա մի փոքր ամպ՝ մարդի ձեռի չափ՝ բարձրանում է ծովիցը. եւ նա ասեց. Վեր գնա ասիր Աքաաբին. Լծիր եւ իջիր որ անձրեւը քեզ չ’բռնէ։ 45  Եւ մինչեւ այս կողմը այն կողմը դառնալը՝ երկինքը մթնեց ամպերով եւ հողմով. եւ մեծ անձրեւ եղաւ. եւ Աքաաբը հեծաւ եւ գնաց Յեզրայէլ։ 46  Եւ Տիրոջ ձեռքը Եղիայի հետ էր. եւ նա իր մէջքը պնդեց եւ վազեց Աքաաբի առաջից մինչեւ Յեզրայէլ։

Ծանոթագրություններ

18։29 Կամ՝ եռացած խոսում էին։