1 Թագավորներ 4։1-34

4  Եւ Սողոմոն թագաւորը թագաւոր էր բոլոր Իսրայէլի վերայ։  Եւ սորանք են նորա իշխանները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանայ.  Սիսայի որդիքը՝ Ելիքորէփը եւ Աքիան՝ ատենադպիրներ. Աքիլուդի որդի Յովսափատը՝ յիշատակաց դպիր.  Յովիադայի որդի Բանեան զօրագլուխ. եւ Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ.  Եւ Նաթանի որդի Ազարիան՝ գործակալների վերակացու. եւ Նաթանի որդի Զաբուդը՝ նախարար* եւ թագաւորի բարեկամ.  Եւ Աքիսարը՝ պալատի հրամանատար, եւ Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկերի տեսուչ։  Եւ Սողոմոնը տասնեւերկու գործակալներ ունէր բոլոր Իսրայէլի վերայ, որոնք կերակուր էին տալիս թագաւորին եւ նորա տանը. տարին մէկ ամիս մէկինն էր լինում կերակուր տալը։  Եւ սորանք են նորանց անունները, Եփրեմի սարումը Բենովրը։  Մաքասում եւ Սաղաբիմում եւ Բեթսամիւսում, եւ Ելօն–բեթանանում՝ Բենդակիրը։ 10  Արարովթում՝ Բենհեսեդը. նորանն էր Սոքովր եւ բոլոր Ոփերի երկիրը։ 11  Բոլոր Դովրի գաւառում՝ Բենարինադաբը. Սողոմոնի աղջիկ Տափատը սորա կինն էր։ 12  Աքիլուդի որդի Բանաան՝ Թանաքը եւ Մակեդդովը եւ բոլոր Բեթսանը որ Սարթանի մօտ է Յեզրայէլի տակին, Բեթսանից մինչեւ Աբէլմաուլայ մինչեւ Յեկմամի միւս կողմը։ 13  Բենգաբերը՝ Ռամովթ–գաղաադում. նորանն էին Գաղաադում եղող Մանասեան Յայերի գիւղաքաղաքները. նորանն էին Բասանում եղող Արգովբի գաւառը՝ վաթսուն մեծ պարսպաւոր եւ պղնձանիգ քաղաքները։ 14  Ադդովի որդի Աքինադաբը՝ Մանայիմը։ 15  Աքիմաասը՝ Նեփթաղիմը. սա էլ կին էր առել իր համար Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։ 16  Քուսիի որդի Բաանան՝ Ասերի եւ Բաալօթի մէջ։ 17  Փարուայի որդի Յովսափատը՝ Իսաքարի մէջ։ 18  Էլայի որդի Սեմէին՝ Բենիամինի մէջ։ 19  Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ Ամօրհացիների Սեհօն թագաւորի եւ Բասանի Ովգ թագաւորի երկրումը. եւ մէկ գործակալ էր այդ երկրում լինողը։ 20  Եւ Յուդան ու Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին։ 21 * Եւ Սողոմոնն իշխում էր բոլոր թագաւորութիւններին Փղշտացիների երկրի վերայ Եփրատ գետից մինչեւ Եգիպտոսի սահմանը, սորանք ընծաներ էին բերում եւ ծառայում Սողոմոնին նորա կեանքի բոլոր օրերումը։ 22  Եւ Սողոմոնի մէկ օրուայ ռոճիկն էր երեսուն քոռ նաշիհ եւ վաթսուն քոռ ալիւր։ 23  Տասը գէր արջառ եւ քսան արօտական արջառ եւ հարիւր ոչխար բացի եղջերուներից, այծեամներից եւ վիթերից եւ գիրացրած հաւերից։ 24  Որովհետեւ նա իշխում էր Գետի այս կողմի բոլորին՝ Թափսայից մինչեւ Գազա, Գետի այս կողմի բոլոր թագաւորների վերայ, եւ խաղաղութիւն ունէր բոլոր իր շուրջը եղող ծառաներիցը։ 25  Եւ Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ Սողոմոնի բոլոր օրերումը։ 26  Եւ Սողոմոնը քառասուն հազար ախոռ ունէր իր կառքի ձիերի համար, եւ տասնեւերկու հազար ձիաւոր։ 27  Եւ այս գործակալները կերակուր էին տալիս Սողոմոն թագաւորին եւ Սողոմոն թագաւորի սեղանին ամեն մօտեցողներին՝ իւրաքանչիւրն իր ամսին առանց մի բան պակասեցնելու։ 28  Եւ գարին ու դարմանը ձիերի եւ երիվարների համար բերում էին նորանց եղած տեղը իւրաքանչիւրն իր կանոնովը։ 29  Եւ Աստուած Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ եւ սրտի լայնութիւն ծովի եզերքի աւազին պէս։ 30  Եւ Սողոմոնի իմաստութիւնը բոլոր արեւելցիների իմաստութիւնից եւ բոլոր Եգիպտոսի իմաստութիւնից շատ էր։ 31  Եւ նա ամեն մարդից իմաստուն էր, Եզրահեցի Եթանից*, Մաւուլի որդիք՝ Եմանից*, Քալքօլից եւ Դարդայից. եւ նորա անունը դուրս եկաւ բոլոր շրջակայ ազգերի մէջ։ 32  Եւ նա երեք հազար առակ խօսեց, եւ նորա երգերն էին հազար ու հինգ։ 33  Եւ խօսեց ծառերի վերայ՝ Լիբանանի եղեւինից մինչեւ պատի վերայ բուսնող զոպան, նաեւ խօսեց կենդանիների եւ թռչունների եւ զեռունների ու ձկների վերայ։ 34  Եւ ամեն ազգերից գալիս էին Սողոմոնի իմաստութիւնը լսելու, երկրիս ամեն թագաւորներիցը, որ լսում էին նորա իմաստութիւնը։

Ծանոթագրություններ

4։5 Եբր.՝ քահանայ։
4։20 [Եբր. բնագրում՝ ԳԼ. 5:1։]
4։31 ա Մն. 15:17, 19։ Սաղ. 89. վերնագիրը։
4։31 Տես ա Մն. 2:6։ 6:33։ 15:17, 19։ 25:1, 4–6։ Սաղ. 88. վերնագիրը։