1 Թագավորներ 5։1-18

5 * Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորն ուղարկեց իր ծառաները Սողոմոնի մօտ. որովհետեւ Քիրամն ամեն ժամանակ սիրում էր Դաւիթին։  Եւ Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամին ասելով.  Դու գիտես, որ իմ հայր Դաւիթը չ’կարողացաւ իր Տէր Աստուծոյ անունին մի տուն շինել այն պատերազմների պատճառով, որ նորան պատել էին, մինչեւ որ Տէրը նորանց դրաւ նորա ոտքի թաթերի տակը։  Եւ հիմա իմ Տէր Աստուածն ինձ հանգստութիւն է տուել իմ շրջակայքից. ոչ հակառակորդ կայ եւ ոչ ձախորդ պատահար կայ։  Եւ ահա ես ասում եմ, որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անունի համար, ինչպէս որ Տէրը խօսել է իմ հայր Դաւիթի հետ ասելով. Քո այն որդին, որին ես կը նստեցնեմ քո տեղը քո աթոռի վերայ, նա կ’շինէ տունը իմ անունի համար։  Արդ հրաման տուր, որ Լիբանանից եղեւիններ կտրեն ինձ համար, եւ իմ ծառաները քո ծառաների հետ լինեն, եւ քո ծառաների վարձքը քեզ կ’տամ բոլորովին քո ասածի պէս. որովհետեւ դու գիտես, որ մեզանում մարդ չ’կայ, որ Սիդոնացիների պէս փայտ կտրել իմանայ։  Եւ եղաւ երբոր Քիրամը Սողոմոնի խօսքերը լսեց՝ շատ ուրախացաւ եւ ասեց. Օրհնեալ է այսօր Տէրը, որ Դաւիթին մի իմաստուն որդի տուաւ այս շատ ժողովրդի վերայ։  Եւ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մօտ ասելով. Լսեցի որ մարդ ես ուղարկել ինձ մօտ. ես բոլոր քեզ հաճոյ եղածը կ’անեմ եղեւնափայտի եւ մայր փայտի մասին։  Իմ ծառաները Լիբանանից իջեցնեն ծովը, եւ ես լաստեր կ’շինեմ նորանց ծովի մէջ, եւ կ’ուղարկեմ այն տեղը որ ինձ ցոյց կ’տաս, եւ ես այնտեղ կ’քանդեմ նորանց, եւ դու վեր կ’առնես. իսկ դու կատարես իմ կամքը, որ իմ տանը հաց տաս։ 10  Եւ Քիրամը Սողոմոնին եղեւնափայտեր ու մայրի փայտեր էր տալիս բոլորովին նորա կամքի պէս։ 11  Եւ Սողոմոնը Քիրամին տուաւ քսան հազար քոռ ցորեն նորա տան համար պաշար եւ քսան քոռ ծեծուած իւղ. այսպէս Սողոմոնը տալիս էր Քիրամին տարուց տարի։ 12  Եւ Տէրը իմաստութիւն տուաւ Սողոմոնին, ինչպէս որ ասել էր նորան. եւ խաղաղութիւն էր Քիրամի եւ Սողոմոնի մէջտեղ, եւ նոքա երկուսը դաշինք կապեցին։ 13  Եւ Սողոմոն թագաւորը բոլոր Իսրայէլից մարդահարկ առաւ, եւ մարդահարկը եղաւ երեսուն հազար մարդ։ 14  Եւ նորանց յաջորդաբար ուղարկեց Լիբանան ամիսը տասը հազար. մէկ ամիս լինում էին Լիբանան՝ երկու ամիս տանը. եւ Ադոնիրամը այդ հարկի վերայ էր։ 15  Եւ Սողոմոնը եօթանասուն հազար բեռնակիր ունէր. եւ սարումը ութսուն հազար փայտ կտրող։ 16  Բացի գործակալների իշխաններից, որ Սողոմոնից դրուած էին գործի վերայ, երեք հազար երեք հարիւր, որ գործն անող ժողովրդի վերայ էին։ 17  Եւ թագաւորը հրամայեց որ մեծ քարեր կտրեն՝ պատուական քարեր տանը հիմը տաշած քարերով դնելու համար։ 18  Եւ Սողոմոնի վարպետները եւ Քիրամի վարպետները եւ Գեբաղացիները տաշում եւ պատրաստում էին փայտերը եւ քարերը տան շինութեան համար։

Ծանոթագրություններ

5 [Եբր. բնագրում՝ ԳԼ. 5:15։]