1 Թագավորներ 9։1-28

9  Եւ եղաւ երբոր Սողոմոնը շինեց վերջացրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը եւ Սողոմոնի ուզածը, որ փափաքեց անելու,  Այն ժամանակ Տէրը երկրորդ անգամ երեւեցաւ Սողոմոնին ինչպէս որ նորան երեւացել էր Գաբաւոնումը,  Եւ Տէրն ասեց նորան. Լսեցի քո իմ առաջին արած աղօթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը որ դու շինեցիր իմ անունը յաւիտեան այնտեղ դնելու համար, եւ իմ աչքերն ու իմ սիրտը այնտեղ պիտի լինեն ամեն ժամանակ։  Եւ արդ եթէ իմ առաջին գնաս, ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը, կատարեալ սրտով եւ ուղղութիւնով որ բոլոր իմ քեզ հրամայածները կատարես և իմ պատուիրանքներն ու իրաւունքները պահես,  Այն ժամանակ կ’հաստատեմ քո թագաւորութեան աթոռը Իսրայէլի վերայ յաւիտեան ինչպէս որ ասել եմ քո հայր Դաւիթին թէ Քեզ համար մարդ պակաս չի լինիլ Իսրայէլի աթոռի վերայից։  Եթէ դուք կամ ձեր որդիքը ինձ հետեւելուց ետ դառնաք, եւ չ’պահէք իմ հրամաններն ու պատուիրանքները, որ ես դրել եմ ձեր առաջը եւ գնաք ծառայէք ուրիշ աստուածների եւ նորանց երկրպագութիւն անէք,  Այն ժամանակ ես բնաջինջ կ’անեմ Իսրայէլին այն երկրի երեսիցը, որ ես տուել եմ նորանց, եւ այս տունը, որ սրբեցի իմ անունի համար, իմ երեսիցը կ’գցեմ եւ Իսրայէլը բոլոր ազգերի մէջ առակ եւ կատակ կ’լինի։  Եւ այս բարձր եղող տան մօտով ամեն անցնողը պիտի զարմանայ եւ սուլէ եւ պիտի ասեն. Ի՞նչու համար է Տէրն այսպէս արել այս երկրին եւ այս տանը։  Եւ պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց Տէր Աստուածը, որ իրանց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրիցը, եւ յարեցան ուրիշ աստուածների, եւ երկրպագութիւն արին նորանց ու ծառայեցին նորանց. նորա համար Տէրը նորանց վերայ բերաւ այս բոլոր չարիքը 10  Եւ եղաւ երբոր Սողոմոնը քսան տարուայ միջոցում այն երկու տուները, այսինքն Տիրոջ տունը եւ թագաւորի տունը շինել էր, 11  Տիւրոսի Քիրամ թագաւորը Սողոմոնին եղեւնափայտեր եւ մայր փայտեր եւ ոսկի ու ամեն նորա փափաքածը նորան ընծայելու փոխարէն, այն ժամանակ Սողոմոն թագաւորը Քիրամին քսան քաղաք տուաւ Գալիլեայի երկրումը։ 12  Եւ Քիրամը դուրս ելաւ Տիւրոսից Սողոմոնի նորան տուած քաղաքները տեսնելու, բայց հաճոյ չ’երեւեցան նորա աչքին։ 13  Եւ նա ասեց. Այս ի՜նչ քաղաքներ են որ տուել ես ինձ, եղբայրս. եւ նորանց անունը դրաւ Քաբօղ* երկիր, ինչպէս որ է մինչեւ այսօր։ 14  Եւ Քիրամը թագաւորի համար հարիւր եւ քսան տաղանդ ոսկի ուղարկեց։ 15  Եւ այս էր Սողոմոն թագաւորի դրած հարկի պատճառը, որ շինէ Տիրոջ տունը եւ իր տունը ու Մելօնը եւ Երուսաղէմի պարիսպը, Հասորը, Մակեդդովը եւ Գազերը։ 16  Եգիպտոսի Փարաւօն թագաւորը վեր էր գնացել եւ առել Գազերը եւ նորան կրակով այրել, եւ այն քաղաքում բնակող Քանանացիներին սպանել եւ նորան իբրեւ օժիտ տուել իր աղջկան, որ Սողոմոնի կինն էր։ 17  Եւ Սողոմոնը շինեց Գազերը եւ ցածի Բեթորոնը։ 18  Նաեւ Բաաղեթը եւ Թադմօրը անապատումը երկրի մէջ։ 19  Եւ Սողոմոնը բոլոր շտեմարանների քաղաքները, եւ կառքերի քաղաքները եւ ձիաւորների քաղաքները, եւ Սողոմոնի բոլոր ուզածները, որ ուզեց շինել Երուսաղէմումը եւ Լիբանանումը եւ նորա բոլոր թագաւորութեան երկրումը։ 20  Այն բոլոր ժողովուրդները, որ մնացել էին Ամօրհացիներից, Քետացիներից, Փերեզացիներից, Խեւացիներից եւ Յեբուսացիներից, եւ Իսրայէլի որդիներիցը չէին, 21  Այսինքն նորանց որդիքը, որ նորանցից յետոյ մնացել էին այն երկրում, որոնց չէին կարողացել Իսրայէլի որդիքը բնաջինջ անել*, Սողոմոնը նորանց հարկատու ծառայ արաւ մինչեւ այսօր։ 22  Բայց Իսրայէլի որդիներիցը Սողոմոնը ծառայ չ’շինեց. որովհետեւ նորանք պատերազմի մարդիկ էին, եւ նորա ծառաները, նորա իշխանները նորա զօրավարները, եւ նորա կառքերի ու ձիաւորների վերակացուներն էին լինում։ 23  Սորանք են Սողոմոնի գործի վերայ եղող վերակացուների գլխաւորները՝ հինգ հարիւր յիսուն, որոնք իշխում էին գործը կատարող ժողովրդի վերայ։ 24  Եւ Փարաւօնի աղջիկը վեր գնաց Դաւիթի քաղաքիցն այն տունը որ Սողոմոնը շինեց նորա համար Մելօնը շինելիս։ 25  Եւ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր էր մատուցանում Տիրոջ համար շինած սեղանի վերայ, եւ խունկ էր ծխում նորա մօտ Տիրոջ առաջին. եւ տունը վերջացրեց։ 26  Եւ Սողոմոն թագաւորը նաւեր շինեց Եդովմի երկրում Կարմիր ծովի եզերքին Ելաթի մօտ եղող Գասիոն գաբերում։ 27  Եւ Քիրամն իր ծառաներին, որ նաւավար մարդիկ եւ ծովի հմուտ էին, նաւով ուղարկեց Սողոմոնի ծառաների հետ։ 28  Եւ նորանք գնացին Ոփիր, եւ այնտեղից վեր առան չորս հարիւր քսան տաղանդ ոսկի եւ բերին Սողոմոն թագաւորի մօտ։

Ծանոթագրություններ

9։13 Այսինքն՝ անհաճոյ։
9։21 Կամ՝ նզովել։