1 Կորնթացիներ 11։1-34

11  Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի:  Արդ գովում եմ ձեզ, եղբարք, որ իմ ամեն բաները յիշում էք, եւ ինչպէս պատուիրեցի ձեզ, այն պատուէրները պահում էք:  Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած:  Ամեն մարդ՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում՝ եւ գլուխը ծածկած ունենայ, անպատիւ է անում իր գլուխը:  Եւ ամեն կին՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում բաց գլխով, անպատիւ է անում իր գլուխը. վասնզի մի եւ նոյն է թէ ածիլուած է:  Որովհետեւ եթէ կինը չ’ծածկուի, թող ուրեմն իր մազերն էլ կտրէ. բայց եթէ կնկան ամօթ է մազերը կտրելը կամ ածիլելը, թող ծածկուի:  Սակայն մարդին պէտք չէ որ իր գլուխը ծածկէ, որովհետեւ Աստուծոյ պատկերը եւ փառքն է. բայց կինը մարդի փառքն է:  Քանզի ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը:  Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ կինը մարդի համար: 10  Նորա համար պէտք է, որ կինը շուք* դնէ գլխի վերայ հրեշտակների համար: 11  Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը: 12  Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մարդը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից: 13  Դուք ինքներդ դատեցէք. մի կնկայ վայելո՞ւմ է որ չ’ծածկուած աղօթք անէ Աստուծուն: 14  Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան: 15  Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան: 16  Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չ’ունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները: 17  Բայց այս էլ պատուիրելովս չեմ գովում, որ դուք ոչ թէ դէպի լաւագոյնն այլ դէպի վատթարն էք ժողովվում: 18  Որովհետեւ նախ եւ առաջ երբոր մէկտեղ էք ժողովվում եկեղեցու մէջ, լսում եմ որ բաժանումներ կան ձեր մէջ, եւ մասամբ էլ հաւատում եմ: 19  Որովհետեւ հերձուածներ էլ պէտք է լինին ձեր մէջ, որ ընտիր լինողները յայտնի լինեն ձեզանում: 20  Արդ երբոր մէկտեղ էք ժողովվում, սա Տէրունական ընթրիքն ուտել չէ, 21  Որ ամեն մէկն առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ, եւ մէկը սոված է, եւ միւսը արբած: 22  Մի՞թէ տուն չ’ունիք ուտելու եւ խմելու. կամ թէ Աստուծոյ եկեղեցին արհամարհո՞ւմ էք, եւ չքաւորներին ամաչեցնում. ձեզ ի՞նչ ասեմ. գովե՞մ ձեզ. այդ բանումը չեմ գովում: 23  Որովհետեւ ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ, 24  Եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. այս արէք իմ յիշատակի համար: 25  Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար: 26  Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կ’գայ: 27  Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կ’լինի Տիրոջ մարմնին եւ արիւնին: 28  Ուրեմն թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ: 29  Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը: 30  Նորա համար էլ ձեր միջումը շատ հիւանդներ եւ ցաւագարներ կան. եւ շատեր էլ ննջած են: 31  Որովհետեւ եթէ մեր անձերը դատէինք, չէինք դատապարտուիլ: 32  Բայց դատուելով Տէրիցը խրատվում ենք, որ աշխարհքի հետ չ’դատապարտուինք: 33  Ուրեմն, եղբարքս, երբոր ժողովուիք ուտելու համար, իրար սպասեցէք: 34  Ապա եթէ մէկը սոված է՝ թող իր տանն ուտէ. որ դատապարտութեան համար չ’ժողովուիք. բայց ուրիշ բաներն՝ երբոր կ’գամ՝ այն ժամանակ կ’պատուիրեմ:

Ծանոթագրություններ

11։10 Յուն. իշխանութիւն։