1 Կորնթացիներ 12։1-31
12 Բայց հոգեւոր պարգեւների համար, եղբարք, չեմ կամենում որ չ’գիտենաք:
2 Դուք գիտէք թէ երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք:
3 Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չ’կայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով:
4 Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է:
5 Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է:
6 Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է:
7 Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար:
8 Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը:
9 Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը:
10 Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. ուրիշին լեզուների թարգմանութիւններ:
11 Բայց այս ամենը հէնց մի եւ նոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է:
12 Ինչպէս էլ մարմինը մէկ է եւ անդամներ շատ ունի, եւ մէկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մէկ է, այսպէս էլ Քրիստոսը:
13 Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք:
14 Որովհետեւ մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ:
15 Եթէ ոտքն ասէ. Որովհետեւ ձեռք չեմ՝ մարմնիցը չեմ. մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ:
16 Եւ եթէ ականջն ասէ, Որովհետեւ աչք չեմ՝ մարմնիցը չեմ. մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ:
17 Եթէ բոլոր մարմինն աչք լինէր, ո՞րտեղ էր լսելիքը. եւ եթէ բոլոր մարմինը լսելիք լինէր, ո՞րտեղ էր հոտոտելիքը:
18 Բայց հիմա Աստուած անդամները՝ նորանց ամեն մէկը՝ դրաւ մարմնի մէջ ինչպէս կամեցաւ:
19 Եւ եթէ ամենը մէկ անդամ լինէր, ո՞րտեղ էր մարմինը:
20 Բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մէկ:
21 Աչքը չէ կարող ձեռքին ասել, Ինձ պէտք չես. կամ դարձեալ գլուխը ոտներին՝ ինձ պէտք չէք:
22 Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են:
23 Եւ նորանք՝ որ կարծում ենք թէ մարմնոյ շատ անարգուածներն են. նորանց առաւել եւս պատիւ ենք անում. եւ մեր անվայելուչ անդամներն աւելի վայելչութիւն ունին:
24 Եւ մեր վայելուչ անդամները մի բանի պէտք չ’ունին. բայց Աստուած մարմինը բարեխառնեց, ցածին աւելի պատիւ տալով:
25 Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չ’լինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան:
26 Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են:
27 Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ:
28 Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ*. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառավարութիւններ, այլ եւ այլ լեզուներ:
29 Մի՞թէ ամենն առաքեալներ են. մի՞թէ ամենը մարգարէներ են. մի՞թէ ամենը վարդապետներ են. մի՞թէ ամենը զօրութիւններ անող են:
30 Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. մի՞թէ ամենը թարգմանում են:
31 Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ:
Ծանոթագրություններ
^ 12։28 հրաշքներ։