1 Կորնթացիներ 13։1-13
13 Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ:
2 Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ:
3 Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ:
4 Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում:
5 Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում.
6 Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ.
7 Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է:
8 Սէրը երբէք չի վերջանալ. եթէ մարգարէութիւններ կան՝ կ’խափանուին. եթէ լեզուներ՝ կ’լռեն. եթէ գիտութիւն՝ կ’խափանուի:
9 Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք:
10 Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կ’խափանուի:
11 Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի:
12 Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կ’գիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ:
13 Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. այս երեքը, եւ սորանցից մեծը սէրն է: