1 Կորնթացիներ 14։1-40

14  Սէրին հետեւեցէք, եւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր եղէք. եւ մանաւանդ որ մարգարէանաք:  Որովհետեւ լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ. որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում:  Իսկ մարգարէացողը, մարդկանց հետ շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն է խօսում:  Լեզուով խօսողը իր անձն է շինում, իսկ մարգարէացողը եկեղեցին է շինում:  Ես կամենում եմ որ դուք ամենդ լեզուներով խօսիք, բայց մանաւանդ որ մարգարէանաք. որովհետեւ աւելի մեծ է մարգարէացողը, քան թէ լեզուներով խօսողը, միայն եթէ թարգմանէ, որ եկեղեցին շինութիւն առնէ:  Բայց հիմա, եղբարք, եթէ ձեզ մօտ գամ եւ լեզուներով խօսիմ, ի՞նչ օգուտ կ’տամ ձեզ՝ եթէ չ’խօսիմ ձեզ հետ կամ յայտնութիւնով, կամ գիտութիւնով, կամ մարգարէութիւնով, կամ վարդապետութիւնով:  Այնպէս էլ անշունչ բաները որ ձայն են տալիս, թէ փող թէ քնար, եթէ ձայներով զանազանութիւն չ’անեն, ի՞նչպէս կ’ճանաչուի փողի փչելը, կամ քնարի հնչելը:  Որովհետեւ եթէ փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կ’պատրաստուի պատերազմի համար:  Այսպէս էլ դուք, եթէ լեզուներով բանը յայտնի չ’ասէք, այն խօսածն ի՞նչպէս կ’իմացուի. որովհետեւ իբր թէ օդի մէջ խօսողներ կ’լինիք: 10  Որովհետեւ այնքան այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը, եւ նորանց ոչ մէկն էլ առանց նշանակութեան չէ: 11  Արդ եթէ ես ձայնի զօրութիւնը չ’գիտենամ, ես խօսողին խուժ կ’լինիմ, եւ խօսողն ինձ համար՝ դուժ: 12  Այսպէս էլ դուք, որովհետեւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր էք, եկեղեցու շինութեան համար ջանք արէք, որ էլ առաւելանաք: 13  Վասնորոյ լեզուով խօսողը, թող աղօթք անէ, որ թարգմանէ էլ: 14  Վասնզի եթէ ես աղօթք անեմ օտար լեզուով, իմ հոգին է աղօթք անում. բայց միտքս անպտուղ է: 15  Ուրեմն ի՞նչ է, աղօթք անեմ հոգով, աղօթք անեմ մտքով էլ. սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ: 16  Ապա եթէ դու օրհնես հոգով, նա որ տգէտի տեղն է բռնում ի՞նչպէս Ամէն ասէ քո օրհնութեանը, քանի որ չ’գիտէ թէ ի՛նչ ես ասում: 17  Դու իրաւ որ լաւ ես գոհանում. բայց միւսը չէ շինվում: 18  Գոհանում եմ իմ Աստուածանից, որ ձեր ամենիցն աւելի լեզուներով խօսում եմ: 19  Բայց եկեղեցու մէջ աւելի կամենում եմ որ հինգ խօսք իմ մտքովը խօսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թէ բիւրաւոր խօսքեր լեզուներով: 20  Եղբարք, մտքով տղայ մի լինիք. բայց չարութեան կողմանէ տղայ եղէք, իսկ մտքով կատարեալ եղէք: 21  Օրէնքումը գրուած է, թէ Օտար լեզուներով եւ օտար շրթունքներով կ’խօսիմ այս ժողովրդի հետ. բայց եւ այնպէս ինձ ականջ չեն դնիլ, ասում է Տէրը: 22  Ուրեմն լեզուները նշանի համար են՝ ոչ թէ հաւատացեալներին, այլ անհաւատներին. բայց մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների: 23  Արդ եթէ բոլոր եկեղեցին մէկ տեղ գայ, եւ ամենքը լեզուներով խօսին. եւ տգէտներ կամ անհաւատներ մտնեն այնտեղ, մի՞թէ չեն ասիլ թէ դուք գժուած էք: 24  Բայց եթէ ամենը մարգարէանան, եւ մի անհաւատ կամ տգէտ գայ մտնէ, նա ամենիցը կ’յանդիմանուի, ամենիցը կ’քննուի: 25  Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կ’լինի. եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կ’անէ, խոստովանելով թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է: 26  Ուրեմն ի՞նչ է, եղբարք. երբ որ մէկտեղ ժողովուիք, ձեզանից ամեն մէկը սաղմոս ունի, վարդապետութիւն ունի, յայտնութիւն ունի, լեզու ունի, թարգմանութիւն ունի. ամենը շինութեան համար լինի: 27  Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկու, եւ եթէ էլ աւելի շատ՝ երեք լինին. մէկը միւսից յետոյ. եւ մէկը թող թարգմանէ: 28  Բայց եթէ թարգմանող չ’կայ, թող լռէ եկեղեցումը. թող իրան համար եւ Աստուծոյ հետ խօսի: 29  Բայց մարգարէներից թող երկուսը կամ երեքը խօսին, եւ ուրիշները քննեն: 30  Բայց եթէ մի ուրիշին, որ այնտեղ նստած է՝ յայտնութիւն լինի, առաջինը թող լռէ: 31  Որովհետեւ կարող էք մէկ մէկից յետոյ ամենդ մարգարէանալ. որ ամենը սովորին եւ ամենը մխիթարուին: 32  Եւ մարգարէից հոգիներն էլ մարգարէներին հնազանդում են: 33  Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը: 34  Ձեր կանայքը եկեղեցիներումը լուռ կենան. որովհետեւ նորանց հրաման չ’կայ խօսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպէս օրէնքն էլ ասում է: 35  Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել: 36  Կամ թէ Աստուծոյ խօսքը ձեզանի՞ց դուրս եկաւ, կամ միայն ձե՞զ հասաւ: 37  Բայց եթէ մէկը կարծէ՝ թէ նա մարգարէ է կամ հոգեւոր, թող գիտենայ ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատուիրաններն են: 38  Բայց եթէ մէկը տգէտ է, թող տգէտ լինի: 39  Ուրեմն, եղբարք, ջանք արէք որ մարգարէանաք, եւ լեզուներով խօսելը մի արգելէք: 40  Ամեն բան թող պարկեշտութեամբ եւ կարգով լինի:

Ծանոթագրություններ