1 Կորնթացիներ 3։1-23

3  Եւ ես, եղբարք, չ’կարողացայ ձեզ հետ խօսել ինչպէս հոգեւորների հետ, այլ ինչպէս մարմնաւորների հետ, ինչպէս մանուկների հետ Քրիստոսումը.  Կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թէ կերակուր. որովհետեւ տակաւին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող:  Որովհետեւ տակաւին մարմնաւոր էք. վասնզի տակաւին նախանձ եւ կռիւ եւ բաժանումներ կան ձեզանում. չէ՞ որ մարմնաւոր էք եւ մարդկօրէն էք վարվում:  Որովհետեւ երբոր մէկն ասէ, Ես Պօղոսեան եմ, եւ միւսը Ես Ապողոսեան. չէ՞ որ մարմնաւոր էք:  Արդ ո՞վ է Պօղոսը կամ ո՞վ է Ապողոսը. միայն պաշտօնեաներ, որոնց ձեռովը հաւատացիք. եւ ամեն մէկին՝ ինչպէս Տէրը տուաւ:  Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց:  Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. բայց աճեցնող Աստուածը:  Տնկողը եւ ջուր տուողը մէկ են. բայց ամեն մէկն իր վարձքը կ’առնէ իր աշխատանքի չափովը:  Որովհետեւ մենք Աստուծոյ գործակիցներ ենք. դուք Աստուծոյ մշակութիւնը՝ Աստուծոյ շինուածքն էք: 10  Աստուծոյ շնորհքի չափովը՝ որ ինձ տրուած է, իմաստուն ճարտարապետի պէս հիմք դրի. բայց ուրիշը շինում է. միայն թէ ամեն մէկը մտիկ տայ թէ ինչպէս է շինում: 11  Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ քան թէ որ դրուած է, որ է Յիսուս Քրիստոսը: 12  Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն. 13  Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. որ օրը կ’երեւեցնէ. որովհետեւ կրակով պիտի յայտնուի. եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կ’փորձէ: 14  Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, վարձք կ’առնէ. 15  Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կ’քաշէ բայց ինքը կ’ապրէ. այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով: 16  Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում: 17  Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կ’ապականէ. որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք: 18  Ոչ ով իր անձը չ’խաբէ. եթէ ձեզանից մէկը կարծում է թէ իմաստուն է այս աշխարհքումը, թող նա յիմար լինի՝ որ իմաստուն լինի: 19  Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին. վասնզի գրուած է՝ թէ իմաստուններին բռնում է իրանց խորագիտութեան մէջ: 20  Եւ դարձեալ թէ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են: 21  Ուրեմն ոչ ով չ’պարծենայ մարդկանցով. 22  Որովհետեւ ամեն բան ձերն է. թէ Պօղոսը, թէ Ապողոսը, թէ Կեփասը, թէ աշխարհքը, թէ կեանքը, թէ մահը, թէ ներկայ բաները, թէ գալու բաները, ամեն բան ձերն է: 23  Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստուծունը:

Ծանոթագրություններ