1 Հովհաննես 2։1-29

2  Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չ’մեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին:  Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ:  Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք:  Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում:  Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք:  Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ:  Եղբայրներ, ոչ թէ մի նոր պատուիրանք եմ գրում ձեզ, այլ հին պատուիրանքը որ սկզբիցն ունէիք եւ հին պատուիրանքն այն խօսքն է որ լսեցիք սկզբիցը:  Դարձեալ նոր պատուիրանք եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նորանում եւ ձեզանում. որ խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն երեւում է:  Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է: 10  Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չ’կայ նորանում: 11  Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը: 12  Գրում եմ ձեզ, որդեակներ, որ ձեր մեղքերը թողուած են ձեզ նորա անունի համար: 13  Գրում եմ ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. գրում եմ ձեզ, երիտասարդներ, որ դուք յաղթեցիք չարին: 14  Գրում եմ ձեզ, մանկունք, որ ճանաչեցիք Հօրը. գրեցի ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զօրաւոր էք. եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին: 15  Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է: 16  Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է: 17  Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան: 18  Որդեակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք թէ Նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է: 19  Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն: 20  Եւ դուք օծութիւն ունիք այն սուրբիցը եւ ամեն բան գիտէք: 21  Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ: 22  Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. նա Նեռն է, որ ուրանում է Հօրը եւ Որդուն: 23  Ամեն ով որ Որդուն ուրանում է, Հօրն էլ չ’ունի. նա որ Որդուն դաւանում է, Հօրն էլ ունի: 24  Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակուէ ձեզանում. եթէ բնակուէ ձեզանում այն որ սկզբիցը լսեցիք, դուք էլ կ’բնակուէք Որդու եւ Հօր մէջ: 25  Եւ սա է այն խոստմունքը որ նա աւետարանեց մեզ, այսինքն յաւիտենական կեանքը: 26  Այս բաները գրեցի ձեզ՝ ձեզ մոլորեցնողների մասին: 27  Եւ այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. եւ դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում: 28  Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը: 29  Եթէ գիտէք որ նա արդար է, կ’իմանաք թէ ամեն ով որ արդարութիւն է անում, նորանից է ծնուած:

Ծանոթագրություններ