1 Հովհաննես 5։1-21

5  Ամեն ով որ հաւատում է թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստուածանից է ծնուած եւ ամեն ով որ ծնողին սիրում է, նորանից ծնուածին էլ սիրում է:  Սորանով ենք ճանաչում թէ Աստուծոյ որդիներին սիրում ենք, երբոր սիրում ենք Աստուծուն, եւ նորա պատուիրանքները պահում:  Որովհետեւ սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն:  Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը:  Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է:  Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. եւ Հոգին է վկայողը. որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը:  Որովհետեւ երեք են որ [երկնքում վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. եւ այս երեքը մի են:  Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. եւ այս երեքը միաբան են:  Եթէ մարդկանց վկայութիւնն ընդունում ենք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է. որովհետեւ սա է Աստուծոյ վկայութիւնն, որ վկայեց իր Որդու մասին: 10  Ով որ հաւատում է Աստուծոյ Որդուն, վկայութիւնն ունի իր անձումը. ով որ չէ հաւատում Աստուծուն, ստախօս է արել նորան. որովհետեւ չ’հաւատաց այն վկայութեանն, որ Աստուած վկայեց իր Որդու մասին: 11  Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզ. եւ այս կեանքը նորա Որդու մէջ է: 12  Ով որ Որդուն ունի, նա կեանքն ունի. եւ ով որ Աստուծոյ Որդուն չ’ունի, կեանքը չ’ունի: 13  Այս բաները գրեցի ձեզ՝ Աստուծոյ Որդու անունին հաւատացեալներիդ, որ գիտենաք թէ յաւիտենական կեանք ունիք: 14  Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ: 15  Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից: 16  Եթէ մէկը տեսնէ իր եղբօրը որ մեղանչել է այնպիսի մեղքով որ դէպի մահ չէ, թող խնդրէ, եւ Աստուած կեանք կ’տայ նորան այսինքն նորան որ մեղանչել է ոչ թէ դէպի մահ. կայ մեղք որ դէպի մահ է, նորա համար ես չեմ ասում որ խնդրես: 17  Ամեն անիրաւութիւն մեղք է. եւ կայ մեղք որ դէպի մահ չէ: 18  Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան: 19  Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում: 20  Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը: 21  Որդեակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը:

Ծանոթագրություններ