1 Պետրոս 2։1-25

2  Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը,  Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը].  Եթէ ճաշակել էք որ Տէրը քաղցր է:  Որին մօտեցել էք՝ այն կենդանի Վէմին, որ թէեւ մարդկանցից անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է:  Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար, սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը:  Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ:  Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ.  Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են:  Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ. 10  Որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք. որ ողորմուած չ’էիք, բայց հիմա ողորմուածներ: 11  Սիրելիներ, աղաչում եմ ձեզ ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, որ կռվում են հոգու դէմ: 12  Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը: 13  Արդ հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար. թէ թագաւորի ինչպէս թէ մի վերնագոյնի. 14  Թէ կուսակալների ինչպէս նորանից ուղարկուածների՝ չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար: 15  Որովհետեւ Աստուծոյ կամքն այսպէս է, որ բարի գործերով պապանձեցնէք անխելք մարդկանց տգիտութիւնը: 16  Ինչպէս ազատներ, եւ ոչ թէ ազատութիւնն ինչպէս չարութեան ծածկոց ունեցողներ. այլ ինչպէս Աստուծոյ ծառաներ: 17  Ամենին պատուեցէք եղբայրութիւնը սիրեցէք. Աստուածանից վախեցէք. թագաւորին պատուեցէք: 18  Ծառաները հնազանդ լինին տէրերին ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին, բայց ժանտաբարոներին էլ: 19  Որովհետեւ սա շնորհք է եթէ մէկն դէպի Աստուած ունեցած խղճմտանքովը նեղութիւնների համբերէ անիրաւ տեղը: 20  Վասնզի ի՞նչ գովասանք է, եթէ մեղանչէք եւ նորա համար ծեծուիք, ու համբերէք. այլ եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից: 21  Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք. 22  Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը. 23  Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին. 24  Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նորա խոցերովը բժշկուեցաք: 25  Որովհետեւ մոլորուած ոչխարների պէս էիք. բայց հիմա դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը:

Ծանոթագրություններ