1 Սամուել 1։1-28

1  Եւ մի մարդ կար Արիմաթեմ–սօփիմից Եփրեմի սարից՝ անունը Եղկանա՝ Եփրաթացի Սուփիի որդիի Թովայի որդիի Եղիուսի որդիի Յերոամի որդին:  Եւ նա երկու կին ունէր. մէկի անունը Աննա, եւ միւսի անունը Փենանա. եւ Փենանան զաւակներ ունէր, բայց Աննան զաւակ չ’ունէր:  Եւ այն մարդը տարուց տարի իր քաղաքիցը վեր էր գնում, որ Սելովի մէջ Զօրաց Տիրոջը երկրպագութիւն եւ զոհ մատուցանէ, եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնի եւ Փենէհէս այնտեղ Տիրոջ քահանաներն էին:  Եւ Եղկանան իր զոհ մատուցրած օրը իր կնկան Փենանային եւ նորա որդկանցը եւ աղջկերանցը բաժիններ տուաւ.  Իսկ Աննային կրկնապատիկ բաժին տուաւ, որովհետեւ Աննային սիրում էր. բայց Տէրը փակել էր նորա արգանդը:  Եւ նորա նախանձորդը Փենանան գրգռում էր նորան եւ վշտացնում. որովհետեւ Տէրը փակել էր նորա արգանդը:  Եւ այնպէս էր անում տարուց տարի Տիրոջ տունը գնալիս. Փենանան էլ նոյնպէս վշտացնում էր. եւ նա լաց էր լինում եւ չէր ուտում:  Եւ մարդը՝ Եղկանան նորան ասեց. Աննա, ի՞նչու ես լաց լինում, եւ ի՞նչու չես ուտում, եւ ի՞նչու համար սիրտդ այդպէս տրտում է. մի՞թէ ես քեզ համար տասը որդիից լաւ չեմ:  Եւ Աննան վեր կացաւ Սելովի մէջ ուտելուց եւ խմելուց յետոյ. (եւ Հեղի քահանան Տիրոջ տաճարի սեմի մօտ մի աթոռի վերայ նստել էր.) 10  Եւ նա աղօթք արաւ տրտմալից հոգիով դէպի Տէրը եւ շատ լաց եղաւ: 11  Եւ ուխտ արաւ ու ասեց. Ով Զօրաց Տէր, եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ յիշես, եւ քո աղախինին չ’մոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ: 12  Եւ երբոր նա իր աղօթելը Տիրոջ առաջին շատացրեց, Հեղին նայում էր նորա բերանին: 13  Եւ Աննան իր սրտիցը խօսում էր. միայն նորա շրթունքները շարժում էին, բայց ձայնը չէր լսվում. նորա համար Հեղին նորան արբած կարծեց: 14  Եւ Հեղին նորան ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի արբածութիւն անես. գինովութիւնդ թող: 15  Եւ Աննան պատասխանեց եւ ասեց. Ոչ, տէր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ, եւ գինի կամ ցքի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին: 16  Քո աղախինը չար կին մի կարծիր, որովհետեւ իմ վիշտերի ու նեղութեան շատութեան համար մինչեւ հիմա խօսեցի: 17  Այն ժամանակ Հեղին պատասխանեց եւ ասեց. Գնա խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր: 18  Եւ նա ասեց. Քո աղախինը թող քո առաջին շնորհք գտնէ. եւ կինը գնաց իր ճանապարհը եւ կերաւ, եւ երեսը այլ եւս տրտում չէր: 19  Եւ նորանք առաւօտը կանուխ վեր կացան եւ Տիրոջ առաջին երկրպագութիւն արին եւ ետ դառան Ռամա եւ գնացին իրանց տունը: Եւ Եղկանան մօտեցաւ իր Աննա կնկան. եւ Տէրը նորան յիշեց: 20  Եւ եղաւ որ տարին դառնալիս Աննան յղացաւ եւ մի տղայ ծնեց, եւ նորա անունը Սամուէլ* կոչեց՝ ասելով, թէ Տէրիցը խնդրեցի նորան: 21  Եւ նորա այրը Եղկանան վեր գնաց իր բոլոր ընտանիքովը, որ տարեկան զոհ եւ իր ուխտը մատուցանէ Տիրոջ առաջին: 22  Բայց Աննան չ’գնաց, որովհետեւ իր մարդին ասեց. Կ’նստեմ մինչեւ տղայի կաթից կտրուիլը. յետոյ կ’տանեմ նորան որ Տիրոջ առաջին երեւայ, եւ միշտ այնտեղ կենայ: 23  Եւ նորա այրը՝ Եղկանան նորան ասեց. Արա ինչ որ աչքերիդ հաճելի է, նստիր մինչեւ որ նորան կաթից կտրես. միայն թէ Տէրը հաստատէ իր խօսքը. եւ կինը նստեց, եւ մինչեւ իր տղան կաթից կտրելը նորան սնուցանում էր: 24  Եւ հէնց որ նորան կաթից կտրեց, իր հետն առաւ նորան, եւ երեք զուարակով, մէկ արդու ալիւրով եւ մէկ տիկ գինիով՝ տարաւ նորան Տիրոջ տունը՝ Սելով. եւ տղան փոքր էր: 25  Եւ զուարակը մորթեցին, եւ տղան Հեղիի մօտ տարան: 26  Եւ Աննան ասեց. Ո՜հ, տէր իմ, քո անձը կենդանի է. ես այն կինն եմ, որ այստեղ քեզ մօտ կանգնեցի Տիրոջը աղօթք անելու համար: 27  Ես այս տղայի համար աղօթք արի, եւ Տէրն իմ խնդրուածքն ինձ տուաւ՝ ինչ որ նորանից խնդրեցի: 28  Հիմա ես էլ նորան փոխ եմ տալիս Տիրոջը. իր բոլոր կեանքի մէջ Տիրոջը փոխ տրուած լինի. եւ նա այնտեղ Տիրոջը երկրպագութիւն արաւ:

Ծանոթագրություններ

1։20 Աստուծոյ լսածը։