1 Սամուել 11։1-15

11  Եւ Ամմոնացի Նաասը վեր գնաց, եւ Գաղաադի Յաբիսի դէմ բանակ տուաւ. եւ Յաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասեցին. Մեզ հետ դաշինք դիր, եւ մենք քեզ ծառայենք:  Բայց Ամմոնացի Նաասը նորանց ասեց. Ձեզ հետ այս պայմանով դաշինք կը դնեմ, որ ձեր ամենի աջ աչքը փորեմ եւ այս բանը բոլոր Իսրայէլի վերայ նախատինք դնեմ:  Եւ Յաբիսի ծերերը նորան ասեցին. Մեզ եօթն օր ժամանակ տուր, որ Իսրայէլի բոլոր սահմանները պատգամաւորներ ուղարկենք, եւ եթէ մեզ ազատող չ’լինի՝ այն ժամանակ դուրս կ’գանք քեզ մօտ:  Եւ պատգամաւորները գնացին Սաւուղի Գաբաան եւ այն խօսքերը խօսեցին ժողովրդի ականջներին. եւ բոլոր ժողովուրդն իրանց ձայնը բարձրացրին եւ լաց եղան:  Եւ ահա Սաւուղը գալիս էր եզների ետեւից արտիցը. եւ Սաւուղն ասեց. Ժողովրդին ի՞նչ կայ որ լաց է լինում, եւ Յաբիսի բնակիչների խօսքերը պատմեցին նորան:  Եւ Աստուծոյ Հոգին Սաւուղի վերայ եկաւ այս խօսքերը լսելիս, եւ նորա բարկութիւնը շատ բորբոքուեց:  Եւ մի զոյգ եզ առաւ եւ նորանց կոտրեց, եւ պատգամաւորների ձեռքով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց ասելով. Ով որ Սաւուղի ետեւից եւ Սամուէլի ետեւից չ’գայ, նորա եզներին այսպէս կ’անեն: Եւ Տիրոջ սարսափն ընկաւ ժողովրդի վերայ, եւ ամենքը մէկ մարդի պէս դուրս եկան:  Եւ Սաւուղը Բեզեկի մէջ հանդես արաւ նորանց. եւ Իսրայէլի որդիքը երեք հարիւր հազար, եւ Յուդայի մարդիկը երեսուն հազար էին:  Եւ եկող պատգամաւորներին ասեցին. Գաղաադի Յաբիսի բնակիչներին այսպէս ասէք. Էգուց արեգակը տաքանալիս ձեզ համար ազատութիւն է լինելու: Եւ պատգամաւորները գնացին եւ Յաբիսի բնակիչներին իմացրին, եւ նորանք ուրախացան: 10  Եւ Յաբիսի բնակիչներն ասեցին Ամմոնացիներին. Էգուց ձեզ մօտ դուրս կ’գանք. եւ ձեր աչքերին ինչ հաճելի լինի այն արէք մեզ: 11  Եւ հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին երեք գունդի բաժանեց, եւ առաւօտեան պահին բանակը մտան, եւ մինչեւ որ օրը տաքացաւ՝ Ամմոնացիներին զարկեցին. եւ մնացածները այնպէս ցրուեցան որ նորանցից երկու մարդ մէկտեղ չ’մնաց: 12  Եւ ժողովուրդն ասեց Սամուէլին. Ո՞վ էր այն ասողը՝ թէ Սաւո՞ւղը մեր վերայ թագաւոր լինի. տուէք այն մարդիկը մեռցնենք: 13  Եւ Սաւուղն ասեց. Այսօր մի մարդ չ’մեռցնուի, որովհետեւ այսօր Տէրը Իսրայէլի համար փրկութիւն արաւ: 14  Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եկէք գնանք Գաղգաղա, եւ թագաւորութիւնը այնտեղ նորոգենք: 15  Եւ բոլոր ժողովուրդը Գաղգաղա գնացին, եւ այնտեղ Գաղգաղայումը Տիրոջ առաջին Սաւուղին թագաւոր արին, եւ այնտեղ խաղաղութեան զոհեր մատուցրին. եւ Սաւուղը եւ բոլոր Իսրայէլի մարդիկը այնտեղ մեծ ուրախութիւն արին:

Ծանոթագրություններ