1 Սամուել 19։1-24

19  Եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին եւ իր ամեն ծառաներին ասեց, որ Դաւիթին մեռցնեն։  Բայց Սաւուղի որդի Յովնաթանը շատ էր սիրում Դաւիթին. եւ Յովնաթանը Դաւիթին իմացրեց եւ ասեց. Իմ հայր Սաւուղը ուզում է քեզ մեռցնել. ուրեմն հիմա մինչեւ առաւօտ զգոյշ կաց, եւ մէկ ծածուկ տեղ նստիր եւ թաք կաց։  Եւ ես դուրս կ’գամ եւ իմ հօր մօտ կ’կանգնեմ այն դաշտումը ուր որ դու կ’լինես, եւ քեզ համար իմ հօր հետ կ’խօսեմ, եւ ինչ որ իմանամ՝ քեզ կ’պատմեմ։  Եւ Յովնաթանը Դաւիթի մասին լաւ խօսեց իր հայր Սաւուղի հետ, եւ նորան ասեց. Թող թագաւորը իր ծառայ Դաւիթի դէմ մեղք չը գործէ. որովհետեւ նա քեզ դէմ մեղք չէ արել. եւ նորա գործքերը քեզ համար շատ լաւ են։  Ըստ որում նա իր հոգին իր ձեռքի մէջ դրաւ եւ Փղշտացիին զարկեց. եւ Տէրը բոլոր Իսրայէլին մեծ փրկութիւն շնորհեց. դու տեսար եւ ուրախացար, եւ ի՞նչու համար անմեղ արիւնով մեղանչես՝ Դաւիթն առանց պատճառի մեռցնելով։  Եւ Սաւուղը Յովնաթանի խօսքին լսեց, եւ Սաւուղն երդում արաւ՝ թէ Տէրը կենդանի է որ նա պիտի չ’մեռցնուի։  Եւ Յովնաթանը Դաւիթին կանչեց. եւ Յովնաթանը պատմեց նորան այս բոլոր խօսքերը. եւ Յովնաթանը Դաւիթին տարաւ Սաւուղի մօտ, եւ նա լինում էր նորա առաջին ինչպէս երէկ եւ միւս օրը։  Եւ դարձեալ պատերազմ եղաւ. եւ Դաւիթը դուրս եկաւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ, եւ նորանց մէջ մէկ մեծ կոտորած արաւ. եւ նորանք նորա առաջիցը փախան։  Եւ Տէրիցը չար ոգի եկաւ Սաւուղի վերայ, եւ նա իր տանը նստած էր, եւ նիզակը ձեռքին. Դաւիթն էլ իր ձեռքովը ածում էր քնարը։ 10  Եւ Սաւուղն ուզեց որ Դաւիթին նիզակով զարկէ՝ պատին բեւեռէ. բայց նա Սաւուղի երեսիցն իրան շուռ տուաւ, եւ նիզակը պատին զարկեց. եւ Դաւիթը փախաւ եւ այն գիշերը պրծաւ։ 11  Բայց Սաւուղը Դաւիթի տունը մարդիկ ուղարկեց*, որ նորան պաշարեն եւ առաւօտը մեռցնեն։ Սակայն Դաւիթի կին Մեղքողը նորան իմացրեց եւ ասեց. Եթէ այս գիշեր քո անձը չ’ապրեցնես, էգուց քեզ պիտի մեռցնեն։ 12  Եւ Մեղքողը Դաւիթին վայր իջեցրեց պատուհանիցը. եւ նա գնաց՝ փախաւ եւ պրծաւ։ 13  Եւ Մեղքողը մէկ արձան առաւ, եւ նորան անկողինի մէջ դրաւ, եւ նորա գլխի տակ այծի մազի բարձ դրաւ, եւ նորան ծածկոցով ծածկեց։ 14  Եւ երբոր Սաւուղը մարդիկ ուղարկեց Դաւիթին բռնելու համար, նա ասեց. Հիւանդ է։ 15  Եւ Սաւուղը մարդիկ ուղարկեց Դաւիթին տեսնելու համար, եւ ասեց. Նորան անկողինովը ինձ մօտ բերէք, որ մեռցնեմ։ 16  Եւ այն մարդիկն եկան. եւ ահա անկողինի մէջ մէկ արձան կար. եւ գլխի տակ այծի մազի բարձ։ 17  Եւ Սաւուղը Մեղքողին ասեց. Ի՞նչու համար այսպէս խաբեցիր ինձ, եւ իմ թշնամիին բաց թողեցիր, եւ նա էլ պրծաւ։ Եւ Մեղքողը Սաւուղին ասեց. Նա ինձ ասեց. Ինձ բաց թող, ի՞նչու համար քեզ մեռցնեմ։ 18  Այսպէս փախաւ Դաւիթը եւ պրծաւ, եւ գնաց Ռամա Սամուէլի մօտ, եւ նորան պատմեց այն ամենը որ Սաւուղն իրան արել էր։ Յետոյ նա Սամուէլի հետ գնաց, եւ Նաւաթի մէջ բնակուեցան։ 19  Եւ Սաւուղին իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ռամայի Նաւաթումն է։ 20  Այն ժամանակ Սաւուղը մարդիկ ուղարկեց որ Դաւիթին բռնեն, եւ երբոր նորանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովքը՝ եւ նորանց վերակացու Սամուէլին կանգնած, Աստուծոյ Հոգին Սաւուղի ուղարկած մարդկանց վերայ եկաւ, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։ 21  Եւ երբոր Սաւուղին իմացրին, նա ուրիշ մարդիկ ուղարկեց, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։ Եւ Սաւուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։ 22  Այն ժամանակ ինքն էլ գնաց Ռամա, եւ մինչեւ Սոկքովի մեծ ջրհորը գալը՝ հարցրեց եւ ասեց. Ո՞ւր են Սամուէլն ու Դաւիթը. Եւ ասեցին. Ահա նորանք Ռամայի Նաւաթումն են։ 23  Գնաց եւ Ռամայի Նաւաթը. եւ նորա վերայ էլ եկաւ Աստուծոյ Հոգին, եւ մինչեւ Ռամայի Նաւաթը հասնելը գնալով մարգարէութիւն էր անում։ 24  Եւ նա էլ իր հանդերձները հանեց, եւ Սամուէլի առաջին նա էլ էր մարգարէութիւն անում. եւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը մերկ վայր ընկաւ գետինը. նորա համար ասում են թէ՝ Սաւո՞ւղն էլ է մարգարէների մէջ։

Ծանոթագրություններ

19։11 Սաղ. 59. վերնագիրը։