1 Սամուել 22։1-23

22  Եւ Դաւիթն այնտեղից գնաց, եւ փախաւ Ոդողոմի քարայրը* հասաւ. եւ իր եղբայրները եւ իր հօր բոլոր տունը լսեցին, եւ իջան այնտեղ նորա մօտ։  Եւ նորա մօտ հաւաքուեցան ամեն հարստահարեալ մարդիկ, պարտք ունեցող մարդիկ եւ ամեն սիրտը վիրաւորուած մարդիկ, եւ նա նորանց վերայ զօրագլուխ եղաւ, եւ նորա հետ չորս հարիւրի չափ մարդ եղան։  Եւ Դաւիթն այնտեղից գնաց Մովաբի Մասփան, եւ Մովաբի թագաւորին ասեց. Աղաչում եմ՝ թող իմ հայրն ու մարյը ձեզ մօտ գան, մինչեւ որ իմանամ թէ Աստուած ինձ ինչ պիտի անէ։  Եւ նորանց Մովաբի թագաւորի առաջը բերել տուաւ. եւ նորանք նորա մօտ բնակուեցան՝ որչափ ժամանակ որ Դաւիթը բերդումն էր։  Եւ Գադ մարգարէն Դաւիթին ասեց. Բերդումը մի նստիր, եւ դուրս եկ գնա Յուդայի երկիրը։ Եւ Դաւիթը գնաց Հարեթի անտառը մտաւ։  Եւ Սաւուղը լսեց, որ Դաւիթը եւ նորա հետ եղող մարդիկը իմացուել են, եւ Սաւուղը Գաբաայի մէջ Ռամայի մոշի ծառի տակին նստել էր, եւ նիզակը իր ձեռքին, եւ իր ամեն ծառաներն էլ կանգնել էին իր մօտ ։  Եւ Սաւուղն ասեց իր մօտ կանգնող ծառաներին. Լսեցէք, ով Բենիամինի որդիք, Յեսսէի որդին ձեր ամենքիդ էլ արտեր եւ այգինե՞ր պիտի տայ, ամենքիդ էլ հազարապետներ ու հարիւրապետնե՞ր պիտի անէ,  Որ ամենքդ ինձ դէմ միաբանուել էք, եւ Յեսսէի որդիի իմ որդիի հետ արած դաշնակցութիւնը իմ ականջին ասող չ’կայ որ ինձ համար ցաւէ, եւ ինձ յայտնէ թէ իմ որդին՝ իմ ծառային ինձ դէմ է վեր կացրել, որ դարանամուտ լինի, ինչպէս որ այսօր է։  Եւ Սաւուղի ծառաների վերակացու Եդովմայեցի Դովեկը* պատասխանեց եւ ասեց. Ես Յեսսէի որդիին տեսայ որ եկաւ Նոբ Աքիտովբի որդի Աքիմելէքի մօտ. 10  Եւ նա նորա համար Տիրոջը հարցրեց, եւ նորան պաշար տուաւ, եւ Փղշտացի Գողիաթի սուրը տուաւ նորան։ 11  Այն ժամանակ թագաւորը մարդ ուղարկեց եւ Աքիտոբի որդի Աքիմելէք քահանային եւ նորա հօր բոլոր տունը՝ Նոբի մէջ եղող քահանաներին կանչեց. եւ ամենքն էլ եկան թագաւորի մօտ։ 12  Եւ Սաւուղն ասեց. Լսիր, ով Աքիտովբի որդի. եւ նա ասեց. Ահա ես, տէր իմ։ 13  Եւ Սաւուղը նորան ասեց. Ի՞նչու համար ինձ դէմ միաբանուեցաք դու եւ Յեսսէի որդին եւ դու նորան հաց ու սուր տուիր, եւ նորա համար Աստուծուն հարցրիր, որ նա ինձ դէմ վեր կենայ դարանամուտ լինի, ինչպէս որ այսօր է։ 14  Եւ Աքիմելէքը պատասխանեց թագաւորին եւ ասեց. Քո բոլոր ծառաների մէջ ո՞վ կայ Դաւիթի պէս հաւատարիմ, որ թագաւորի փեսայ, հրամաններ լսող, եւ քո տան մէջ պատուաւոր է։ 15  Մի՞թէ ես այսօր եմ սկսել նորա համար Աստուծուն հարցնելու. քաւ լիցի.թագաւորը իր ծառայի վերայ իմ հօր բոլոր տան վերայ մի բան չ’դնէ, որովհետեւ ծառադ այս բոլոր բաներից մի պզտիկ կամ մեծ բան չ’գիտէր։ 16  Եւ թագաւորն ասեց. Ով Աքիմելէք, անպատճառ պիտի մեռնես, եւ քո հօր բոլոր տունը։ 17  Եւ թագաւորն իր մօտ կանգնող սուրհանդակներին ասեց. Ետ դարձէք եւ Տիրոջ քահանաներին մեռցրէք, որ նորանց ձեռքն էլ Դաւիթի հետ է. որովհետեւ գիտէին նորա փախչելը՝ եւ ինձ չ’յայտնեցին. բայց թագաւորի ծառաները չ’ուզեցին իրենց ձեռքը ձգել Տիրոջ քահանաներին զարկելու։ 18  Եւ թագաւորը Դովեկին ասեց. Դու դարձիր եւ քահանաներին զարկ։ Եւ Եդովմայեցի Դովեկն ետ դառաւ եւ քահանաներին զարկեց, եւ այն օրը նա ութսունեւհինգ մարդ մեռցրեց, որ քթանի եփուդ էին հագնում։ 19  Եւ քահանաների Նոբ քաղաքը սուրի բերանով անցրեց, մարդից մինչեւ կին, երեխայից մինչեւ կաթնակեր մանուկը, եւ մինչեւ արջառը, էշը եւ ոչխարը սուրի բերանով անցրեց։ 20  Եւ Աքիտովբեան Աքիմելէքի մէկ որդին՝ որի անունը Աբիաթար էր, ազատուեցաւ եւ փախաւ Դաւիթի ետեւից։ 21  Եւ Աբիաթարը Դաւիթին պատմեց թէ Սաւուղը Տիրոջ քահանաներին մեռցրեց։ 22  Եւ Դաւիթն Աբիաթարին ասեց. Ես այն օրը իմացայ երբոր Եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, թէ անպատճառ Սաւուղին պատմելու է. քո հօր տան բոլոր հոգիների յանցաւորը ես եմ։ 23  Ինձ մօտ նստիր, մի վախենար. որովհետեւ իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում. բայց դու ապահով ես ինձ մօտ։

Ծանոթագրություններ

22։1 Սաղ. 57. և 142. վերնագիրները։
22։9 Գլ. 21:7։ Սաղ. 52. վերնագիրը։