1 Սամուել 24։1-22

24   Եւ երբոր Սաւուղը Փղշտացիներիցը ետ դառաւ՝ նորան իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ենգադդիի անապատումն է։ 2   Եւ Սաւուղը բոլոր Իսրայէլից երեք հազար ընտիր մարդիկ առաւ, եւ գնաց, որ Դաւիթին եւ նորա մարդկանցը որոնէ Այծեմանց ժայռերի վերայ։ 3   Եւ եկաւ ճանապարհի վերայ եղող ոչխարների փարախները, եւ այնտեղ մէկ քարայր կար. եւ Սաւուղը հարկաւորության համար ներս մտաւ. եւ Դաւիթն* իր մարդկանցովը այն քարայրի ներսումը նստել էր։ 4   Եւ Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է թէ Ահա, քո թշնամին քո ձեռքը կ’մատնեմ, եւ քո աչքերին հաճոյ երեւեցածը արա նորան։ Եւ Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի վերարկուի մի ծայրը ծածուկ կտրեց։ 5   Եւ յետոյ Դաւիթի սիրտը խղճաց, որ Սաւուղի վերարկուի ծայրը կտրեց։ 6   Եւ իր մարդկանց ասեց. Աստուած չ’անէ որ Տիրոջ օծեալին՝ իմ տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նորա վերայ մեկնեմ. որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։ 7   Եւ Դաւիթն այս խօսքերով իր մարդկանցը զսպեց, եւ նորանց թող չ’տուաւ որ Սաւուղի վերայ յարձակուին։ Եւ Սաւուղը քարայրիցը դուրս եկաւ եւ իր ճանապարհը գնաց։ 8   Եւ յետոյ Դաւիթը վեր կացաւ այն քարայրիցը դուրս եկաւ եւ Սաւուղի ետեւից կանչելով ասեց. Ով տէր իմ թագաւոր։ Եւ երբոր Սաւուղն ետ նայեց, Դաւիթն երեսի վերայ ծռելով խոնարհութիւն արաւ։ 9   Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ես մարդկանց խօսքին ականջ դնում, որ ասում են թէ Ահա Դաւիթը քո չարութիւնն է ուզում։ 10   Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տէրը այսօր քարայրի մէջ քեզ իմ ձեռքը մատնեց. եւ ասեցին որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզ խնայեցի, եւ ասեցի. Ես իմ ձեռքը դէպի իմ տիրոջը չեմ մեկնիլ. որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։ 11   Եւ տես, հայր իմ, տես, քո վերարկուի ծայրն իմ ձեռքին է. եւ ես քո վերարկուի ծայրը կտրելով՝ քեզ չ’մեռցրի. հասկացիր եւ տես, որ իմ ձեռքին չարութիւն եւ անօրէնութիւն չ’կայ, եւ քեզ դէմ մի յանցանք չեմ արել, բայց դու ուզում ես իմ անձը մեռցնես։ 12   Տէրը դատաստան անէ իմ ու քո մէջ, եւ Տէրը իմ վրեժը քեզանից առնէ. բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։ 13   Ինչպէս որ վաղեմի առակն ասում է. Անօրէններիցը դուրս կ’գայ անօրէնութիւնը, բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։ 14   Իսրայէլի թագաւորը որի՞ ետեւից է դուրս եկել, եւ դու որի՞ ետեւից ես ընկնում. մի մեռած շա՞ն ետեւից, մի լուի՞ ետեւից։ 15   Եւ Տէրը դատաւոր լինի, եւ իմ ու քո մէջ դատաստան անէ. եւ տեսնէ ու իմ դատը վարէ, եւ ինձ քո ձեռքիցն ազատէ։ 16   Եւ երբոր Դաւիթը վերջացրեց այս խօսքերը Սաւուղին ասելը. Սաւուղն ասեց. Այս քո ձա՞յնն է, որդեակ իմ Դաւիթ. եւ Սաւուղն իր ձայնը բարձրացրեց եւ լաց եղաւ. 17   Եւ Դաւիթին ասեց. Դու ինձանից որդար ես. որովհետեւ դու ինձ բարիք հատուցրիր, բայց ես քեզ չարինք հատուցրի։ 18   Եւ դու ինձ այսօր քո ինձ արած բարութիւնը յայտնեցիր, որ Տէրը ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չ’մեռցրիր։ 19   Որովհետեւ երբ մէկ մարդ իր թշնամիին գտնելու լինի, թող կ’տա՞յ որ նա խաղաղութեամբ գնայ, եւ այսօր քո ինձ արածի փոխարենը Տէրը քեզ բարիք հատուցանէ։ 20   Եւ ահա հիմա գիտեմ որ դու անշուշտ թագաւոր պիտի դառնաս, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքումը պիտի հաստատուի։ 21   Եւ հիմա Տէրովն ինձ երդում արա թէ ինձանից յետոյ իմ սերունդին չես մեռցնիլ, եւ իմ հօր տանից իմ անունը բնաջինջ չես անիլ։ 22   Եւ Դաւիթը Սաւուղին երդում արաւ։ Եւ Սաւուղը գնաց իր տունը, եւ Դաւիթն իր մարդկանցովը վեր ելաւ պինդ տեղը։

Ծանոթագրություններ

24։3 Սաղ. 57 և 142. վերնագիրները։