1 Սամուել 25։1-44

25  Եւ Սամուէլը մեռաւ, եւ բոլոր Իսայէլը ժողովուեցան եւ նորա համար սուգ արին, եւ նորան թաղեցին իր տանը Ռամայումը։ Եւ Դաւիթը վեր կացաւ իջաւ Փառանի անապատը։  Եւ Մաոնի մէջ մի մարդ կար, եւ նորա գործը Կարմեղոսի մէջ էր. եւ նա շատ մեծ մարդ էր, եւ երեք հազար ոչխար եւ հազար այծ ունէր, եւ իր ոչխարները ասրակտուր անելու համար Կարմեղոսումն էր լինում։  Եւ այն մարդի անունը, Նաբաղ էր, եւ նորա կնկայ անունը Աբիգեա. եւ այն կինը խոհեմամիտ եւ գեղեցկադէմ էր, բայց մարդը խստաբարոյ եւ չարագործ էր, եւ նա Քաղեբեան էր։  Եւ Դաւիթը լսեց անապատի մէջ որ Նաբաղ իր ոչխարները խուզում է։  Եւ Դաւիթը տասը երիտասարդ ուղարկեց, եւ Դաւիթն այն երիտասարդներին ասեց. Վեր գնացէք Կարմեղոս եւ Նաբաղի մօտ գնացէք, եւ իմ անունովը նորա ողջութիւնը հարցրէք։  Եւ այսպէս ասեցէք. Ողջ կաց. քեզ եւ քո տանը եւ քո բոլոր ստացուածքին խաղաղութիւն լինի։  Եւ հիմա լսել եմ, որ ոչխարներդ խուզում ես. հիմա քո հովիւները մեզ հետ էին, նորանց վնաս չենք տուել, եւ նորանց մէկ բանը չէ պակասել՝ որչափ ժամանակ որ մնացել են Կարմեղոսումը։  Քո պատանիներին հարցրու, եւ թող նորանք քեզ ասեն. եւ այս երիտասարդները թող քո աչքերի առաջին շնորհք գտնեն, որովհետեւ բարի օր եկանք. շնորհք արա՝ քո ծառաներին եւ քո որդի Դաւիթին ձեռքիցդ եկածը տուր։  Եւ Դաւիթի երիտասարդները գնացին, եւ այս բոլոր խօսքերի համեմատ Դաւիթի անունովը խօսեցին Նաբաղի հետ եւ կանգնեցին։ 10  Եւ Նաբաղը Դաւիթի ծառաներին պատասխանեց եւ ասեց. Դաւիթն ո՞վ է, եւ Յեսսէի որդին ո՞վ է. այս օրերը իրանց տէրերի երեսից փախչող ծառաները շատացել են։ 11  Ես իմ հացը, իմ ջուրը եւ խուզողներիս համար մորթած անասուններս առնեմ եւ այն մարդկանց տա՞մ, որ չ’գիտեմ թէ որտեղից են։ 12  Եւ Դաւիթի երիտասանրդները իրանց ճանապարհը դարձան, եւ գնացին այս բոլոր խօսքերը նորան պատմեցին։ 13  Եւ Դաւիթն իր մարդկանց ասեց. Ամեն մարդ իր սուրը մէջքը կապէ. եւ ամեն մարդ իր սուրը մէջքը կապեց, եւ Դաւիթն էլ իր սուրը մէջքը կապեց. եւ Դաւիթի ետեւից չորս հարիւրի չափ մարդ դուրս եկաւ. եւ երկու հարիւր մարդ մնացին կարասիների մօտ։ 14  Եւ ծառաների մէկը Նաբաղի կնկան Աբիգեային իմացրեց եւ ասեց. Ահա Դաւիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր Տիրոջն օրհնելու համար, բայց նա նորանց դուրս արաւ։ 15  Բայց այն մարդիկը մեզ հետ շատ լաւ էին, եւ մեզ վնաս չ’տուին. եւ մեզանից մի բան չ’կորաւ դաշտումը որչափ ժամանակ որ նորանց հետ ման եկանք։ 16  Նորանք մեզ համար պարիսպ էին գիշերն էլ ցերեկն էլ, որչափ ժամանակ որ նորանց մօտ ոչխարները արածեցնում էինք։ 17  Եկ հիմա իմացիր եւ տես՝ թէ ինչ ես անելու. որովհետեւ մեր տիրոջ եւ նորա բոլոր տան վերայ չարիքը հասել է. որովհետեւ նա մի այնպիսի չար մարդ է, որ նորա հետ խօսել չի լինիլ։ 18  Եւ Աբիգեան շուտով երկու հարիւր հաց, եւ երկու տիկ գինի, եւ հինգ պատրաստուած ոչխար , եւ հինգ գրիւ հեղի ցորեն, հարիւր ողկոյզ չամիչ, եւ երկու հարիւր շարոց թուզ առաւ եւ էշերի վերայ դրաւ նորանց. 19  Եւ իր ծառաներին ասեց. Առաջս անցէք, ահա ես ձեր ետեւիցը գալիս եմ. բայց իր մարդին Նաբաղին չ’իմացրեց։ 20  Եւ երբոր այն կինը էշի վերայ հեծած՝ սարի անխուլ տեղովը իջնում էր, ահա Դաւիթը եւ նորա մարդիկը նորա առաջն էին իջնում, եւ նա նորանց հանդիպեց։ 21  Եւ Դաւիթն ասել էր. Ուրեմն զուր տեղն եմ անապատի մէջ այս մարդի բոլոր ունացած բաները պահել, եւ նորա բոլոր ունեցածիցը մի բան չ’կորաւ, բայց նա ինձ լաւութեան փոխարեն վատութիւն է անում։ 22  Աստուած Դաւիթի թշնամիներին այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ մինչեւ էգուց առաւօտ նորա մարդկանցից մէկ արու մարդ ողջ թողնեմ։ 23  Եւ Աբիգեան Դաւիթին հենց որ տեսաւ շուտով էշի վերայիցն իջաւ, եւ Դաւիթի առաջին երեսի վերայ ընկաւ եւ մինչեւ գետինը խոնարհութիւն արաւ։ 24  Եւ նորա ոտքն ընկաւ եւ ասեց. Ով տէր իմ, յանցանքը ինձ վերայ լինի. բայց հրաման տուր՝ որ աղախինդ քո առաջին խօսէ, եւ քո աղախնի խօսքերը լսիր։ 25  Աղաչում եմ՝ որ իմ տէրը այս չար մարդ Նաբաղի մասին իր սրտի մէջ մի բան չ’դնէ. որովհետեւ ինչպէս որ անունն է՝ այնպէս էլ ինքն է. նորա անունը Նաբաղ* է, եւ անզգամութինը իր հետն է. բայց ես քո աղախինն իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին չ’տեսայ։ 26  Եւ հիմա, ով տէր իմ, Տէրը կենդանի է եւ քո անձն էլ կենդանի է, որ Տէրը քեզ չ’թողեց որ արիւնի մէջ մտնես, եւ քո վրեժը քո ձեռքովն առնես. եւ հիմա քո թշնամիներն ու իմ տիրոջը վատութիւն ուզողները Նաբաղի պէս լինեն։ 27  Եւ հիմա այս ընծան որ քո աղախինը բերաւ իմ տիրոջը, թող իմ տիրոջ ետեւից եկող երիտասարդներին տրուի։ 28  Աղաչում եմ՝ քո աղախնի յանցանքը ներիր. որովհետեւ Տէրը իմ տիրոջ համար անպատճառ հաստատ տուն պիտի շինէ, որովհետեւ իմ տէրը Տիրոջ պատերազմները պատերազմեց, եւ քո օրերումը քեզ վերայ մի չարութիւն չ’գտնուեցաւ։ 29  Բայց թէեւ քեզ հալածելու ու քո անձը որոնելու համար մէկ մարդ վեր է կացել, իմ տիրոջ հոգին քո Տէր Աստուծոյ առաջին կեանքի ծրարի մէջ ծրարուած պիտի լինի. բայց քո թշնամիների հոգիները նա կ’շպռտէ պարսատիկի միջից դուրս եկածի պէս։ 30  Եւ երբոր Տէրը բոլոր քեզ համար ասած բարութիւնները իմ տիրոջն անէ, եւ քեզ Իսրայէլի վերայ թագաւոր նշանակէ, 31  Այս քեզ համար գայթակղութիւն եւ իմ տիրոջ սրտի համար խիղճ չ’լինի. թէ առանց պատճառի արիւն թափեցիր, կամ իմ տէրն ինքն իրան օգնեց. եւ երբոր Տէրը իմ տիրոջը բարութիւն անէ, այն ժամանակ քո աղախնին յիշես։ 32  Եւ Դաւիթն ասեց Աբիգեային. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմաւորելու. 33  Եւ օրհնեալ է քո խոհեմութիւնը. եւ օրհնեալ ես դու որ այսօր ինձ արգիլեցիր արիւնի մէջ մտնելուց, եւ որ իմ ձեռքն ինձ օգնէր։ 34  Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը՝ որ ինձ արգիլեց քեզ չարութիւն անելուց, որ եթէ դու շուտով չ’գայիր եւ առաջս չ’ելնէիր, մինչեւ էգուց առաւօտ Նաբաղի մէկ արու մարդը չէր մնալ։ 35  Եւ Դաւիթը նորա ձեռքիցն առաւ ինչ որ բերել էր նորա համար եւ նորան ասեց. Խաղաղութիւնով տունդ գնա. ահա խօսքիդ լսեցի եւ քո խնդիրքն ընդունեցի։ 36  Եւ Աբիգեան գնաց Նաբաղի մօտ, եւ ահա նա իր տանը մէջ թագաւորական խնջոյքի պէս խնջոյք ունէր. եւ Նաբաղի սիրտը զուարթացել էր, եւ նա շատ արբել էր. եւ կինը մինչեւ առաւօտեան լոյսը մի պզտիկ կամ մեծ բան չ’պատմեց նորան։ 37  Եւ առաւօտը երբոր Նաբաղը գինիիցն սթափուեցաւ, նորա կինը այս բաները պատմեց նորան. եւ նորա սիրտն իր միջումը մեռաւ, եւ քար դառաւ։ 38  Եւ տասը օրի չափ եղաւ՝ Տէրը զարկեց Նաբաղին որ մեռաւ։ 39  Եւ Դաւիթը Նաբաղի մեռնելը լսեց՝ ասեց. Օրհնեալ է Տէր, որ Նաբաղի ձեռքից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց, եւ իր ծառային չարութիւնից ետ պահեց. եւ Տէրը Նաբաղի չարութիւնը նորա գլխին դարձրեց։ Եւ Դաւիթը մարդ ուղարկեց՝ եւ Աբիգեայի հետ խօսեց, որ նորան իր համար կին առնէ։ 40  Եւ Դաւիթի ծառաները գնացին Կարմեղոս Աբիգեայի մօտ եւ նրա հետ խօսեցին եւ ասեցին. Դաւիթը մեզ քեզ մօտ ուղարկեց, որ քեզ իրան կին առնէ։ 41  Եւ նա վեր կացաւ եւ երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արաւ, եւ ասեց. Ահա քո աղախինը թող սպասաւոր լինի իմ տիրոջ ծառաները ոտքերը լուանալու համար։ 42  Եւ Աբիգեան շուտով կանգնեց՝ էշը հեծաւ ինքը եւ իրան հետեւող հինգ աղջիկները, եւ Դաւիթի պատգամաւորների ետեւից գնաց, եւ նորա կինը եղաւ։ 43  Դաւիթը Յեզրայէլից Աքինոամին էլ առաւ, եւ այս երկուսն էլ նորա կանայք եղան։ 44  Բայց Սաւուղն իր Մեղքող աղջիկը՝ որ Դաւիթի կինն էր՝ Գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիէլին տուաւ։

Ծանոթագրություններ

25։25 Այսինքն՝ յիմար. անզգամ։