1 Սամուել 31։1-13

31  Եւ Փղշտացիները պատերազմ էին անում Իսրայէլի հետ եւ Իսրայէլացի մարդիկը փախան Փղշտացիների առաջից եւ սպանուած վայր ընկան Գեղբուէ սարի վերայ։  Եւ Փղշտացիները Սաւուղին եւ նորա որդիներին հասան, եւ Փղշտացիները զարկեցին Սաւուղի որդկանց՝ Յովնաթանին, Աբինադաբին եւ Մեղքիսաւէին։  Եւ պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, եւ աղեղնաւորները նորան գտան. եւ աղեղնաւորներիցը շատ վիրաւորվեցաւ։  Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. մի գուցէ այս անթլփատները գան եւ ինձ խոցեն, եւ ինձ ծաղր անեն. բայց նորա կապարճակիրը չ’ուզեց որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։  Եւ երբոր նորա կապարճակիրը տեսաւ որ Սաւուղը մեռաւ, նա էլ իր սուրի վերայ ընկաւ, եւ մեռաւ նորա հետ։  Եւ այսպէս մեռան Սաւուղը եւ նորա երեք որդիքը, եւ նորա կապարճակիրը, եւ նորա բոլոր մարդիկը նոյն օրը մէկտեղ։  Եւ տեսան Իսրայէլի մարդիկը որ հովիտի այն կողմին եւ Յորդանանի այն կողմին էին, թէ Իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղը եւ նորա որդիքը՝ այն ժամանակ թողեցին քաղաքները եւ փախան. եւ Փղշտացիները եկան եւ նորանց մէջ բնակուեցան։  Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Փղշտացիները եկան մեռելները մերկացնելու, եւ գտան Սաւուղին եւ նորա երեք որդիներին Գեղբուէ սարի վերայ ընկած։  Այն ժամանակ նորա գլուխը կտրեցին, եւ զէնքերը հանեցին. եւ Փղշտացիների երկրի շրջակայքը մարդ ուղարկեցին որ իրանց կռատուններին ու ժողովրդին աւետիս տան։ 10  Եւ նորա զէնքերը դրին Աստարովթի տանը, եւ նորա մարմինը կախեցին Բեթսանի պարիսպիցը։ 11  Եւ երբոր Գաղաադի Յաբիսի բնակիչները լսեցնին ինչ որ Փղշտացիները արել էին Սաւուղին, 12  Բոլոր քաջ մարդիկը վերկացան, եւ բոլոր գիշերը գնացին, եւ վեր առան Սաւուղի մարմինը եւ նորա որդկանց մարմինները Բեթսանի պարսպիցը, եւ եկան Յաբիս եւ նորանց այրեցին այնտեղ, 13  Եւ նորանց ոսկորներն առան, եւ թաղեցին նորանց Յաբիսումն այն ծառի տակ. եւ եօթն օր ծոմ պահեցին։

Ծանոթագրություններ