1 Սամուել 4։1-22

4  Եւ Իսրայէլը դուրս եկաւ պատերազմով Փղշտացիների դէմ, եւ Աբենեզերի մօտ բանակ տուաւ, եւ Փղշտացիները Ափեկի մէջ բանակ տուին:  Եւ Փղշտացիները Իսրայէլի դէմառդէմ շարուեցան, եւ պատերազմը տարածուեցաւ եւ Իսրայէլը յաղթուեցաւ Փղշտացիների առաջին եւ պատերազմի դաշտումը չորս հազար մարդ զարկեցին:  Եւ ժողովուրդը եկաւ բանակը. եւ Իսրայէլի ծերերն ասեցին. Ի՞նչու համար Տէրը մեզ այսօր Փղշտացիների առաջին կոտրեց. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մօտ առնենք, եւ նա մեր մէջը գայ եւ մեզ ազատէ մեր թշնամիների ձեռքից:  Եւ ժողովուրդը մարդ ուղարկեց Սելով, եւ վեր առան այնտեղից քերովբէնէրի վերայ նստող Զօրաց Տիրոջ ուխտի տապանակը. եւ Հեղիի երկու որդիքը Ոփնին եւ Փենէհէսը այնտեղ էին Աստուծոյ ուխտի տապանակի հետ:  Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակը բանակի մէջ մտաւ, բոլոր Իսրայէլը մեծ ձայնով աղաղակեց, եւ գետինը դղրդաց:  Եւ Փղշտացիները այն աղաղակի ձայնը լսելով՝ ասեցին. Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է Եբրայեցիների բանակի մէջ. եւ իմացան որ Տիրոջ տապանակն եկել է բանակը:  Եւ Փղշտացիները վախեցան, որովհետեւ ասում էին. Աստուած եկել է բանակի մէջ. նաեւ ասեցին. Վա՜յ մեզ, որովհետեւ մինչեւ հիմա այսպիսի բան չէր եղած:  Վա՜յ մեզ, այս զօրաւոր Աստուածների ձեռքիցն ո՞վ պիտի ազատէ մեզ. սորանք այն Աստուածներն են որ Եգիպտոսին զարկեցին ամեն հարուածներով անապատի մէջ:  Ուժովացէք եւ քաջ եղիք, ով Փղշտացիներ, մի գուցէ Եբրայեցիներին ծառայ դառնանք ինչպէս որ նորանք ձեզ ծառայ եղան. ուստի քաջ եղիք եւ պատերազմեցէք: 10  Եւ երբոր Փղշտացիները պատերազմեցին, Իսրայէլը յաղթուեցաւ եւ ամեն մարդ փախաւ իր վրանը, եւ շատ մեծ կոտորած եղաւ, եւ Իսրայէլից երեսուն հազար հետեւակ զօրք ընկաւ: 11  Նաեւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ. եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնին եւ Փենէհէսը մեռան: 12  Եւ Բենիամինեան մի մարդ բանակիցը վազելով նոյն օրը հասաւ Սելով, եւ նորա հանդերձները պատառուած էին, եւ գլխին հող: 13  Եւ երբոր նա հասաւ, ահա Հեղին նստել էր մի աթոռի վերայ ճանապարհին եւ սպասում էր. որովհետեւ Աստուծոյ տապանակի համար սիրտը դողում էր: Եւ երբոր այն մարդն եկաւ որ քաղաքին պատմէ, բոլոր քաղաքը աղաղակեց: 14  Եւ Հեղին այն աղաղակի ձայնը լսելով՝ ասեց. Այս ի՞նչ աղմուկի ձայն է: Եւ այն մարդը շուտով վազեց եկաւ եւ Հեղիին պատմեց: 15  Եւ Հեղին իննսունեւութը տարեկան էր, եւ աչքերը դադարել էին որ չէր կարողանում տեսնել: 16  Եւ այն մարդը Հեղիին ասեց. Զօրքի միջից եկողը ես եմ, եւ ես փախայ այսօր պատերազմիցը. եւ նա ասեց. Որդեակս, բանը ի՞նչ եղաւ: 17  Եւ լրաբերը պատասխանեց եւ ասեց. Իսրայէլը Փղշտացիների առաջիցը փախաւ, եւ ժողովրդի մէջ էլ մեծ կոտորած եղաւ, եւ քո երկու որդիքը՝ Ոփնին եւ Փենէհէսն էլ մեռան, եւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ: 18  Ու երբոր նա Աստուծոյ տապանակը յիշեց, Հեղին աթոռիցը քամակի վերայ վայր ընկաւ դռան մօտ, եւ նորա վզի ոսկորը կոտրուեցաւ, եւ նա մեռաւ, որովհետեւ ծեր եւ ծանրացած մարդ էր. եւ նա Իսրայէլի մէջ քառասուն տարի դատաւորութիւն էր արել: 19  Եւ նորա հարսը՝ Փենէհէսի կինը յղի էր ծնելու մօտ, երբոր Աստուծոյ տապանակի առնուելու եւ իր սկեսրայրի եւ մարդի մեռնելու լուրը լսեց, ծնկերը թուլացան, եւ նա ծնեց, որովհետեւ ցաւերը նորան բռնեցին: 20  Եւ երբոր մեռնում էր, նորա մօտ կանգնող կիները նորան ասեցին. Մի վախենար, որովհետեւ տղայ ես ծնել. բայց նա չ’պատասխանեց եւ ուշադրութիւն չ’արաւ: 21  Եւ այն տղայի անունը Իքաբօդ* կոչեց, ասելով թէ Իսրայէլիցը փառքը վերացաւ. (որովհետեւ Աստուծոյ տապանակը առնուեցաւ, եւ նորա սկեսրայրն ու մարդը չ’կան:) 22  Նորա համար ասեց. Աստուծոյ տապանակը առնուելու համար Իսրայէլիցը փառքը վերացաւ:

Ծանոթագրություններ

4։21 Այսինքն՝ պատիւ չ’կայ։