1 Սամուել 6։1-21

6  Եւ Տիրոջ տապանակը մնաց Փղշտացիների երկրումը եօթը ամիս:  Եւ Փղշտացիները կանչեցին քուրմերին եւ գուշակողներին եւ ասեցին. Եհովայի տապանակին ի՞նչ անենք. մեզ իմացրէք թէ նորան ի՞նչով իր տեղն ուղարկենք:  Նորանք էլ ասեցին. Եթէ Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկէք. նորան դարտակ չ’ուղարկէք, այլ անպատճառ յանցանքի պատարագ տուէք նորան, այն ժամանակ կ’բժշկուիք, եւ ձեզ յայտնի կ’լինի թէ ի՞նչու համար նորա ձեռքը ձեզանից չէ հեռանում:  Եւ նորան ասեցին. Ո՞րն է այն պատարագը որ նորան մատուցանենք: Եւ նորան ասեցին. Փղշտացիների նախարարների թիւովը հինգ ոսկեղէն թանչքի ուռեցքներ եւ հինգ ոսկի մուկ է. որովհետեւ մի եւ նոյնն էր հարուածը ձեր ամենի վերայ՝ եւ ձեր նախարարների վերայ:  Եւ հիմա ձեր թանչքի ուռեցքների պատկերները, եւ ձեր երկիրն աւերող մուկերի պատկերները շինեցէք, եւ Իսրայէլի Աստուծուն փառք տուէք, կարելի է որ նա իր ձեռքը ձեր վերայից ձեր աստուածների վերայից, եւ ձեր երկրի վերայից թեթեւացնէ:  Եւ ի՞նչու համար էք ձեր սիրտերը խստացնում, ինչպէս որ Եգիպտացիները եւ Փարաւօնն իրանց սիրտերը խստացրին. չէ՞ որ Աստուած նորանց մէջ հրաշալի գործքեր անելուց յետոյ՝ նորանք թող տուին նորանց որ գնան:  Հիմա մէկ նոր սայլ շինեցէք, եւ երկու հատ կաթնատու երինջ առէք, որոնց վերայ բնաւ լուծ դրուած չ’լինի. եւ երինջները սայլին լծեցէք, եւ նորանց հորթերը նորանց քամակիցը ետ տարէք տուն:  Եւ Եհովայի տապանակն առէք, եւ սայլի վերայ դրէք նորան, եւ այն ոսկեղէն անօթները, որ դուք յանցանքի համար նորան ընծայ պիտի տաք, մի պզտիկ արկղով նորա մէկ կողմին դրէք, եւ նորան ճանապարհեցէք որ գնայ:  Եւ նայեցէք, եթէ իր սահմանի ճանապարհովը Բեթսամիւս է գնում, այս մեծ չարիքը մեզ անողը նա է. ապա եթէ ոչ, գիտենանք որ նորա ձեռքը չէ մեզ դպել. այս բանը դիպուածով է պատահել մեզ: 10  Եւ այն մարդիկը այնպէս արին. երկու հատ կաթնատու երինջ առան, եւ նորանց լծեցին սայլին, եւ նորանց հորթերին տան մէջ փակեցին: 11  Եւ Տիրոջ տապանակը, եւ ոսկի մուկերի եւ իրանց թանչքի ուռեցքների պատկերների պզտիկ արկղը դրին այն սայլի վերայ: 12  Եւ երինջները ճանապարհ ընկան ուղիղ դէպի Բեթսամիւսի ճանապարհը, եւ մէկ շաւիղով գնալով բառաչում էին, եւ աջ կամ ձախ կողմը չ’խոտորուեցան. եւ Փշղտացիների նախարարները գնում էին մինչեւ Բեթսամիւսի սահմանը նորանց ետեւից: 13  Եւ Բեթսամիւսացիները հովտի մէջ ցորենի հունձ էին հնձում, եւ իրանց աչքերը բարձրացրին եւ տապանակը տեսան, եւ ուրախացան որ տեսան: 14  Եւ սայլը Բեթսամիւսացի Յեսուի արտը մտաւ եւ այնտեղ կանգնեց, եւ այնտեղ մէկ մեծ քար կար. եւ սայլի փայտերը ճեղքեցին եւ այն երինջներին ողջակէզ մատուցրին Տիրոջը: 15  Եւ Ղեւտացիները իջեցրին Տիրոջ տապանակը եւ նորա հետ եղող ոսկի անօթների պզտիկ արկղը եւ դրին այն մեծ քարի վերայ. եւ այն օրը Բեթսամիւսի մարդիկը ողջակէզներ եւ զոհեր մատուցրին Տիրոջը: 16  Եւ Փղշտացիների հինգ նախարարները տեսան եւ ետ դառան նոյն օրը Ակկարոն: 17  Եւ այն ոսկեղէն թանչքի ուռեցքները՝ որ Փղշտացիները իբրեւ յանցանքի ընծայ տուին Տիրոջը, սորանք էին. մէկ հատ Ազովտոսի համար, մէկ հատ Գազայի համար, մէկ հատ Ասկաղոնի համար, մէկ հատ Գէթի համար, մէկ հատ Ակկարոնի համար: 18  Եւ ոսկի մուկերը Փղշտացիների հինգ նախարարութիւնների բոլոր քաղաքների թիւովն էին, պարսպաւոր քաղաքից մինչեւ անպարիսպ գիւղը, եւ մինչեւ այն մեծ քարը՝ որի վերայ Տիրոջ տապանակը դրուեցաւ, որ կայ մինչեւ այս օր Բեթսամիւսացի Յեսուի արտումը: 19  Եւ Տէրը Բեթսամիւսի մարդկանցը զարկեց, որովհետեւ նորանք նայեցին Տիրոջ տապանակի մէջ. եւ ժողովրդիցը յիսուն հազար եօթանասուն մարդ զարկեց, եւ ժողովուրդը սուգ բռնեց, որովհետեւ Տէրը ժողովրդի մէջ մեծ կոտորած արաւ: 20  Եւ Բեթսամիւսի մարդիկն ասեցին. Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստուած Եհովայի առաջին, եւ նա ո՞րի մօտ պիտի գնայ մեր մօտիցը: 21  Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին՝ ասելով. Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել. իջէք վեր տարէք նորան ձեզ մօտ:

Ծանոթագրություններ