1 Սամուել 9։1-27

9  Եւ Բենիամինիցը մի զօրաւոր մարդ կար անունը Կիս՝ Բենիամինեան Աբիայի որդիի Բեքովրաթի որդիի Սերօրի որդիի Աբիէլի որդին:  Եւ նա մի որդի ունէր, անունը Սաւուղ. սա մի տղամարդ էր եւ գեղեցիկ, եւ Իսրայէլի որդկանց մէջ նորանից գեղեցիկ մարդ չ’կար, ուսից վեր բարձր էր նա բոլոր ժողովրդիցը:  Եւ Սաւուղի հօր՝ Կիսի էշերը կորան, եւ Կիսն իր որդի Սաւուղին ասեց. Երիտասարդների մէկին հետդ առ, եւ վեր կաց գնա էշերը որոնիր:  Նա էլ Եփրեմի սարիցն անցաւ եւ Սաղիսա երկրիցն էլ անցաւ, բայց չ’գտան. եւ Սաղիմի երկրիցն անցան, բայց չ’կային. եւ Բենիամինեանց երկրիցն անցաւ, բայց չ’գտան:  Երբոր Սուփի երկիրն եկան, Սաւուղն ասեց իր հետ եղող երիտասարդին.Եկ ետ դառնանք, մի գուցէ իմ հայրը դադարէ էշերի մասին եւ մեզ համար հոգս անէ:  Բայց նա նորան ասեց. Ահա այս քաղաքումը Աստուծոյ մարդ կայ, եւ նա մի պատուաւոր մարդ է, ամեն ինչ որ ասէ՝ անպատճառ կ’կատարուի. եւ հիմա այնտեղ գնանք, գուցէ մեր գնալու ճանապարհը մեզ իմացնէ:  Եւ Սաւուղն իր երիտասարդին ասեց. Մենք որ գնում ենք, այն մարդին ի՞նչ տանենք. որովհետեւ մեր ամաններիցը հացը պակասել է, եւ մի ընծայ չ’ունենք Աստուծոյ մարդին տանելու. ի՞նչ ունենք մեզ մօտ:  Եւ երիտասարդը դարձեալ Սաւուղին պատասխանեց եւ ասեց. Ահա ինձ մօտ մէկ քառորդ սիկղ արծաթ կայ. Աստուծոյ մարդին կ’տամ այն, որ նա մեր ճանապարհը իմացնէ:  (Առաջուց Իսրայէլի մէջ մէկ մարդ՝ երբոր Աստուծուն հարցնելու գնար, այսպէս էր ասում. Եկ տեսանողի մօտ գնանք. որովհետեւ այսօրուայ մարգարէն առաջուց տեսանող էր ասվում:) 10  Եւ Սաւուղն իր երիտասարդին ասեց. Լաւ ասեցիր, եկ գնանք. եւ գնացին Աստուծոյ մարդի բնակած քաղաքը: 11  Նորանք քաղաքի զառիվերիցը վեր էին գնում եւ տեսան աղջկերք, որ դուրս էին եկել ջուր հանելու, եւ նորանց ասեցին. Տեսանողը այստե՞ղ է: 12  Եւ աղջկերքը նորանց պատասխանեցին եւ ասեցին. Այո, ահա առաջիդ է. հիմա շուտ արա, որովհետեւ նա այսօր քաղաքն է եկել, նորա համար որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղի վերայ զոհ ունի: 13  Հէնց որ քաղաքը մտաք, իսկոյն նորան այնտեղ կը գտնէք. քանի որ նա վեր չէ գնացել բարձր տեղը կերակուր ուտելու համար, որովհետեւ մինչեւ նորա գալը ժողովուրդը կերակուր չի ուտիլ. որովհետեւ նա է օրհնում զոհը. նորանից յետոյ հրաւիրուածները ուտում են. հիմա վեր ելէք, որովհետեւ հիմա կ’գտնէք նորան: 14  Եւ նորանք վեր գնացին քաղաքը. երբոր նորանք քաղաքն էին մտնում, ահա Սամուէլը նորանց դէմ դուրս եկաւ, որ բարձր տեղը գնար: 15  Եւ Տէրը Սամուէլին յայտնել էր Սաւուղի գալուց մի օր առաջ, 16  Ասելով թէ էգուց այս ժամանակ Բենիամինի երկրիցը քեզ մօտ մէկ մարդ եմ ուղարկելու, եւ դու նորան իշխան օծես իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ, որ իմ ժողովրդին Փղշտացիների ձեռքիցն ազատէ. որովհետեւ ժողովրդին նայեցայ, նորա համար որ նորա աղաղակն ինձ հասաւ: 17  Եւ երբոր Սամուէլը Սաւուղին տեսաւ, Տէրը նորան ասեց. Ահա այն մարդը որի մասին քեզ ասեցի, նա պիտի իշխէ իմ ժողովրդի վերայ: 18  Եւ Սաւուղը դռան մէջտեղը Սամուէլին մօտեցաւ եւ ասեց. Աղաչում եմ, ինձ ցույց տուր ո՞ւր է տեսանողի տունը: 19  Եւ Սամուէլը պատասխանեց Սաւուղին եւ ասեց. Տեսանողը ես եմ. վեր եկ առաջս բարձր տեղը, եւ այսօր ինձ հետ կերակուր կերէք. եւ էգուց քեզ ճանապարհ կ’դնեմ, եւ բոլոր սրտումդ եղածը քեզ կ’պատմեմ: 20  Եւ քո երեք օրից ի վեր կորած էշերի համար հոգս մի անիր. որովհետեւ նորանք գտնուել են. բայց Իսրայէլի բոլոր վայելչութիւնը որի՞նն է. չէ՞ որ քեզ եւ քո հօր բոլոր տան համար է: 21  Եւ Սաւուղը պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ ես Իսրայէլի ցեղերի փոքրագունիցը՝ Բենիամինեան չեմ, եւ իմ ազգատոհմը Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմների պզտիկը չէ՞. ի՞նչու համար ես ինձ այդպիսի խօսք ասում: 22  Եւ Սամուէլն առաւ Սաւուղին եւ նորա երիտասարդին եւ նորանց տարաւ սրահը, եւ նորանց կոչնականների վերեւում տեղ տուաւ, եւ նորանք երեսուն մարդի չափ էին: 23  Եւ Սամուէլն ասեց խոհարարին. Տուր այն բաժինը, որ ես քեզ տուի, եւ քեզ ասեցի որ այն քեզ մօտ պահես: 24  Եւ խոհարարը վեր առաւ ազդրը եւ նորա վերայինը եւ դրաւ Սաւուղի առաջը: Եւ Սամուէլն ասեց. Ահա մնացածը առաջդ դիր եւ կեր. որովհետեւ նոյն վայրկեանից, երբոր ասեցի թէ ժողովրդին հրաւիրել եմ, քեզ համար պահուած է. եւ այն օրը Սաւուղը կերաւ Սամուէլի հետ: 25  Եւ նորանք բարձր տեղից իջան քաղաքը, եւ նա կտուրի վերայ խօսեց Սաւուղի հետ: 26  Եւ առաւօը կանուխ վեր կացան, եւ հէնց որ լոյսը ծագեց, Սամուէլը Սաւուղին կանչեց կտուրը եւ ասեց. Վեր եկ որ քեզ ուղարկեմ: Եւ Սաւուղը վեր գնաց, եւ ինքը եւ Սամուէլը երկուսը մէկտեղ դուրս գնացին: 27  Երբոր նորանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուէլն ասեց Սաւուղին. Ասիր երիտասարդին որ մեզանից առաջ անցնէ. (եւ նա անցաւ.) եւ հիմա դու կանգնիր որ Աստուծոյ պատգամը քեզ իմացնեմ:

Ծանոթագրություններ