1 Տարեգրություն 10։1-14

10  Եւ Փղշտացիք պատերազմեցին Իսրայէլի հետ, եւ Իսրայէլի մարդիկը փախան Փղշտացիների առաջից, եւ սպանուած վայր ընկան Գեղբուէի սարի վերայ։  Եւ Փղշտացիք հասան Սաւուղին եւ նորա որդիներին, եւ Փղշտացիք զարկեցին Սաւուղի որդիք՝ Յովնաթանին, Աբինադաբին* եւ Մեղքիսաւէին։  Եւ պատերազմը սաստկացաւ Սաւուղի վերայ, եւ աղեղնաւոր մարդիկը գտան նորան, եւ վիրաւորուեցաւ աղեղնաւորներից։  Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. մի գուցե այս անթլփատները գան եւ ինձ ծաղր անեն. բայց նորա կապարճակիրը չ’ուզեց, որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։  Եւ երբոր նորա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, նա էլ իր սուրի վերայ ընկաւ եւ մեռաւ։  Այսպէս մեռաւ Սաւուղը , եւ նորա երեք որդիքը, եւ նորա բոլոր տունը միասին մեռան։  Եւ երբոր տեսան բոլոր Իսրայէլացիները որ հովտումն էին, որ նորանք փախան, եւ որ Սաւուղը եւ նորա որդիքը մեռան, այն ժամանակ թողեցին իրանց քաղաքները եւ փախան, եւ Փղշտացիները եկան եւ բնակուեցին նորանցում։  Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Փղշտացիները եկան մեռելները մերկացնելու, եւ գտան Սաւուղին եւ նորա որդկանցը ընկած Գեղբուէի սարի վերայ։  Եւ նորան մերկացրին եւ վեր առան նորա գլուխը եւ նորա զենքերը, եւ մարդ ուղարկեցին շուրջանակի Փղշտացիների երկիրը, որ իրանց կռատներին եւ ժողովրդին աւետիս տան։ 10  Եւ նորա զէնքերը դրին իրանց Աստուծոյ տանը, եւ նորա գագաթը կախեցին Դագոնի տանը։ 11  Եւ երբոր լսեցին Գաղաադի Յաբիսի բոլոր բնակիչները այն ամենը, որ Փղշտացիները արել էին Սաւուղին, 12  Բոլոր քաջ մարդիկը վեր կացան եւ վեր առան Սաւուղի դիակը եւ նորա որդկանց դիակը եւ բերին նորանց Յաբիս, եւ թաղեցին նորանց ոսկորները Յաբիսում բեւեկնիի տակին, եւ եօթն օր ծոմ պահեցին։ 13  Այսպէս մեռաւ Սաւուղն իր այն ապստամբութեան համար, որ ապստամբուեց Տիրոջ դէմ Տիրոջ խօսքի պատճառովը, որ չ’պահեց, եւ վհուկ ուզեց որ բան հարցնէ։ 14  Բայց Տիրոջը չ’հարցրեց, եւ նա նորան մեռցրեց եւ թագաւորութիւնը դարձրեց Յեսսէի որդի Դաւիթին։

Ծանոթագրություններ

10։2 ա Թագ. 14:49՝ կոչուած է «Յեսուի։»