1 Տարեգրություն 17։1-27

17  Եւ երբոր Դաւիթը բնակուեց իր տանը, այն ժամանակ Դաւիթն ասեց Նաթան մարգարէին. Ահա ես բնակվում եմ եղեւնափայտի տան մէջ եւ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է։  Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Բոլոր սրտումդ եղածը արա, որովհետեւ Աստուած քեզ հետ է։  Եւ նոյն գիշերը եղաւ Տիրոջ Խօսքը Նաթանին՝ ասելով.  Գնա եւ ասիր իմ Դաւիթ ծառային. Տէրն այսպէս է ասում. Դու չես շինիլ ինձ համար բնակուելու տուն.  Որովհետեւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանած օրիցս մինչեւ այս օրը տան մէջ չ’բնակուեցի, այլ գնացել եմ վրանից վրան եւ խորանից խորան։  Որչափ տեղ որ ման եկա Իսրայէլի բոլոր որդկանց հետ՝ մի՞թէ մէկ բան խօսեցի Իսրայէլի դատաւորների մէկի հետ, որոնց հրամայել եմ իմ ժողովուրդ Իսրայէլին հովուել, ասելով թէ Ի՞նչու համար ինձ եղեւնափայտի տուն չ’շինեցիք։  Եւ հիմա այսպէս ասիր իմ ծառայ Դաւիթին. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ես քեզ առի փարախիցը, ոչխարների ետեւիցը որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինես։  Եւ քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ քո առաջիցդ բոլոր թշնամիներիդ կոտորեցի, եւ երկրիս վերայ եղող մեծերի անուան պէս քո անունը մեծացրի։  Եւ իմ Իսրայէլ ժողովրդի համար մի տեղ որոշեցի եւ նորան տնկեցի, եւ իր տեղը բնակվում է, եւ այլ եւս պիտի չ’տանջեն. 10  Ինչպէս որ եղաւ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ դատաւորներ դրած օրիցս ի վեր. եւ ես նուաճելու եմ քո բոլոր թշնամիներին, եւ քեզ իմացնում եմ, թէ Տէրն է քեզ համար տուն շինելու։ 11  Եւ երբոր քո օրերը կ’լրանան որ գնաս քո հայրերի հետ, այն ժամանակ քեզանից յետոյ քո սերունդին որ քո որդիներիցը կ’լինի կ’բարձրացնեմ եւ կ’հաստատեմ նորա թագաւորութիւնը։ 12  Նա կ’շինէ ինձ համար տուն, եւ ես նորա աթոռը պիտի հաստատեմ մինչեւ յաւիտեան։ 13  Ես նորան հայր կ’լինեմ, եւ նա ինձ որդի կ’լինի. եւ իմ ողորմութիւնը ետ չեմ քաշիլ նորանից, ինչպէս որ նորանից ետ քաշեցի որ քեզանից առաջ էր։ 14  Եւ նորան պիտի հաստատեմ իմ տանը եւ իմ թագաւորութեան մէջ մինչեւ յաւիտեան. եւ նորա աթոռը յաւիտեան պիտի լինի։ 15  Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ բոլոր այս տեսելքը այսպէս ասեց Դաւիթին։ 16  Եւ Դաւիթ թագաւորը գնաց՝ Տիրոջ առաջը նստեց եւ ասեց. Ես ո՞վ եմ, ով Տէր Աստուած, որ ինձ բերիր մինչեւ այստեղ։ 17  Սակայն այս էլ պզտիկ երեւեցաւ քո աչքերին, ով Աստուած, եւ քո ծառայի տան վերայով հեռաւոր ժամանակի համար խօսեցիր. եւ ինձ մտիկ տուիր՝ բարձրաստիճան մարդի եղանակով, ով Տէր Աստուած։ 18  Էլ ի՞նչ աւելացնէ Դաւիթը քեզ՝ ծառադ պատուելուդ համար. եւ դու ճանաչում ես քո ծառային։ 19  Ով Տէր, այս բոլոր մեծ բաները քո ծառայի համար եւ քո սրտի համեմատ արիր, որ իմացնես այս բոլոր մեծամեծ բաները։ 20  Ով Տէր, չ’կայ քեզ նման մէկը, եւ քեզանից ջոկ Աստուած չ’կայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածին պէս։ 21  Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովուրդ Իսրայէլի պէս, որի համար ինքն Աստուած գնաց իր համար ժողովուրդ փրկելու, որ քեզ համար մեծամեծ եւ զարհուրելի գործքերով անուն հաստատես՝ քո ժողովրդի առաջից ազգեր քշելով, որին դու փրկեցիր Եգիպտոսից։ 22  Եւ քո ժողովուրդ Իսրայէլին քեզ համար ժողովուրդ շինեցիր յաւիտեան. եւ դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։ 23  Եւ հիմա, ով Տէր. թող այս խօսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, հաստատուի յաւիտեան. եւ արա ինչպէս որ ասել ես։ 24  Որ քո անունը հաստատ եւ մեծ լինի յաւիտեան, որ ասեն. Զօրաց Տէրը Իսրայէլի Աստուածը Իսրայէլին Աստուած է, եւ քո ծառայ Դաւիթի տունը մնայ քո առաջին։ 25  Որովհետեւ դու, ով Աստուած, քո ծառայի ականջին յայտնեցիր, թէ իր համար տուն պիտի շինես, սորա համար քո ծառան սիրտ արաւ այս աղօթքը քեզ անելու։ 26  Եւ հիմա, ով Տէր, դու ես այն Աստուածը, որ խօսեցիր քո ծառայի համար այս բարիքը։ 27  Եւ հիմա բարեհաճիր քո ծառայի տունը օրհնելու, որ յաւիտեան քո առաջին լինի. որովհետեւ դու օրհնեցիր, ով Տէր, եւ նա օրհնեալ է յաւիտեան։

Ծանոթագրություններ