1 Տարեգրություն 18։1-17

18  Եւ նորանից յետոյ եղաւ որ Դաւիթը զարկեց Փղշտացիներին եւ նուաճեց նորանց եւ առաւ Փղշտացիների ձեռքից Գէթը եւ նորա գիւղերը։  Նաեւ զարկեց Մովաբին. եւ Մովաբացիները հարկատու ծառաներ եղան Դաւիթին։  Նաեւ զարկեց Դաւիթը Սուբայի թագաւոր Ադրազարին Եմաթում, երբոր գնում էր իր իշխանութիւնը Եփրատ գետի վերայ հաստատելու։  Եւ Դաւիթը նորանից հազար կառք եւ եօթը հազար ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց. եւ Դաւիթը ջարդեց բոլոր կառքերը, եւ նորանցից թողեց հարիւր կառք։  Եւ Դամասկոսի Ասորիները եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու. եւ Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։  Եւ Դաւիթը պահապաններ դրաւ Դամասկոսի Ասորիքում, եւ Ասորիքը Դաւիթին եղաւ իբրեւ հարկատու ծառաներ. եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։  Եւ Դաւիթն առաւ Ադրազարի ծառաների վերայ եղած ոսկի վահանները եւ Երուսաղէմ բերաւ նորանց։  Եւ Ադրազարի քաղաքներից՝ Տեբաթից եւ Քունից Դաւիթը խիստ շատ պղինձ առաւ. որից Սողոմոնը պղնձի ծովը, եւ սիւները եւ պղնձի անօթները շինեց։  Եւ երբոր Եմաթի թագաւոր Թովուն լսեց, թէ Դաւիթը ջարդեց Սուբայի թագաւոր Ադրազարի բոլոր զօրքերին, 10  Այն ժամանակ նա իր որդի Ադորամին* Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորա առողջութիւնը հարցնէ եւ նորան շնորհաւորէ, որ Ադրազարի հետ պատերազմեց եւ նորան յաղթեց. որովհետեւ Ադրազարի հետ պատերազմներ էր ունեցել Թովուն. եւ ամեն տեսակ ոսկիի, արծաթի եւ պղնձի անօթներ ուղարկեց։ 11  Դաւիթ թագաւորը սորանց էլ նուիրեց Տիրոջը այն արծաթի եւ ոսկիի հետ որ առել էր բոլոր ազգերիցը՝ Եդովմից, Մովաբից, Ամմոնի որդկանցից, Փղշտացիներից եւ Ամաղէից։ 12  Եւ Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորումը տասնեւութը հազար մարդ ջարդեց Եդովմացիներից։ 13  Եւ Եդովմի մէջ պահապաններ դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան։ Եւ Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։ 14  Եւ Դաւիթը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի վերայ. եւ իրաւունք ու արդարութիւն էր անում իր բոլոր ժողովրդին։ 15  Եւ Շարուհեան Յովաբը զօրքերի վերայ էր, եւ Աքիղուդի որդի Յովսափատը յիշատակաց դպիր էր։ 16  Եւ Աքիտովբի* որդի Սադովկը եւ Աբիաթարի որդի Սուսան* ատենադպիր էր. 17  Եւ Յովիադայի որդի Բանեան Քերեթիների եւ Փելեթիերի վերայ էր. եւ Դաւիթի որդիքը նախարարներ էին թագաւորի կշտին։

Ծանոթագրություններ

18։10 բ Թագ. 8:10՝ «Յովրամ։»
18։16 բ Թագ. 8:17՝ «Աքիմելէք։»
18։16 բ Թագ. 8:17՝ «Ստրայիա», և գ Թագ. 4:3՝ «Սիսա։»