2 Թագավորներ 10։1-36

10  Եւ Աքաաբը եօթանասուն որդի ունէր Սամարիայում։ Եւ Յէուն նամակներ գրեց ու Սամարիա ուղարկեց Յեզրայէլի իշխաններին եւ ծերերին եւ Աքաաբի որդկանց հոգաբարձուներին, ասելով.  Արդ՝ երբոր այս նամակը ձեզ հասնէ, եւ դուք, որ ձեզ մօտ են ձեր տիրոջ որդիքը եւ ձեզ մօտ են կառքերը եւ ձիերը, եւ պարսպաւոր քաղաքն ու զէնքերը,  Տեսէք թէ ո՞րն է ձեր տիրոջ որդիներից լաւը եւ յարմարը, եւ նորան դրէք իր հօր աթոռի վերայ, եւ ձեր տիրոջ տան համար պատերազմ արէք։  Բայց նորանք շատ ու շատ վախեցան եւ ասեցին. Ահա երկու թագաւորներ նորա առաջին չ’կանգնեցին, ուրեմն մե՞նք ինչպէս պիտի կանգնենք։  Եւ պալատի տեսուչը եւ քաղաքապետն ու ծերերը եւ հոգաբարձուները մարդ ուղարկեցին Յէուի մօտ ասելով. Մենք քո ծառաներն ենք, եւ ամեն ինչ որ մեզ ասես՝ կ’անենք. մենք ոչ մէկին թագաւոր չենք դնիլ. ինչ որ քո աչքին հաճելի է, արա։  Եւ նորանց մի երկրորդ նամակ գրեց ասելով. Եթէ դուք իմ կողմիցն էք ու իմ խօսքին լսում էք, վեր առէք ձեր տիրոջ որդիների մարդկանց գլուխները եւ էգուց այս ժամանակին եկէք Յեզրայէլ. եւ թագաւորի որդիները եօթանասուն հոգի էին քաղաքի մեծամեծների մօտ որ նորանց մեծացնում էին։  Եւ երբոր նամակը հասաւ նորանց, առան թագաւորի որդկանցը եւ կոտորեցին այն եօթանասուն հոգիներին, եւ նորանց գլուխները դրին կողովների մէջ եւ ուղարկեցին նորա մօտ Յեզրայէլ։  Եւ պատգամաւորն եկաւ նորա մօտ եւ ասեց. Թագաւորի որդկանց գլուխները բերել են. նա էլ ասեց. Դորանցից երկու դէզ շինեցէք դրէք քաղաքի դռան մուտքի մօտ մինչեւ առաւօտ։  Եւ երբոր առաւօտ եղաւ, նա դուրս եկաւ ու կանգնեց եւ ասեց բոլոր ժողովրդին. Դուք արդար էք, ահա ես ապստամբուեցի իմ տիրոջ դէմ ոեւ նորան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս ամենին։ 10  Արդ իմացէք, որ Տիրոջ խօսքիցը մի բան գետինը չի ընկնիլ, որ Տէրը խօսել է Աքաաբի տան մասին, եւ Տէրը արաւ, ինչ որ ասել էր իր Եղիա ծառայի ձեռովը։ 11  Եւ Յէուն կոտորեց Աքաաբի տան բոլոր մնացորդը Յեզրայէլում, եւ նորա բոլոր մեծամեծներին, նորա ծանօթներին եւ քահանաներին, մինչեւ որ մէկ պրծնող չ’մնաց։ 12  Եւ նա վերկացաւ եկաւ հասաւ Սամարիա. ճանապարհին հովիւների Բեթակադումն էր. 13  Եւ այնտեղ Յէուն գտաւ Յուդայի Ոքոզիա թագաւորի եղբայրներին, եւ ասեց. Դուք ո՞վ էք. եւ նորանք ասեցին. Մենք Ոքոզիայի եղբայրներն ենք, եւ իջնում ենք թագաւորի որդիներին եւ թագուհիի որդիներին բարեւելու։ 14  Եւ նա ասեց. Ողջ բռնեցէք դորանց. եւ նորանց ողջ բռնեցին. եւ սպանեցին նորանց Բեթակադի ջրհորի մօտ՝ քառասունեւերկու հոգի. եւ նորանցից մէկ հոգի չ’թողեցին։ 15  Եւ այնտեղից գնաց ու գտաւ Ռեքաբի որդի Յովնադաբին իր դիմացը եւ նորան բարեւ տուաւ ու ասեց նորան. Սիրտդ ուղի՞ղ է, ինչպէս որ իմ սիրտը քո սրտի հետ. եւ Յովնադաբն ասեց Այո։ Թէ որ այո, ուրեմն ձեռքդ տուր. եւ նա ձեռքը տուաւ. եւ նա նորան վեր հանեց կառքը իր մօտ։ 16  Եւ ասեց. Եկ ինձ հետ եւ տես իմ նախանձաւորութիւնը Տիրոջ համար. եւ նորան հեծացրին նորա կառքը։ 17  Եւ նա եկաւ Սամարիա եւ կոտորեց Աքաաբի բոլոր մնացածներին Սամարիայումը, մինչեւ որ բնաջինջ արաւ նորան Տիրոջ խօսքին համեմատ, որ խօսել էր Եղիայի հետ։ 18  Եւ Յէուն ժողովեց բոլոր ժողովրդին եւ ասեց նորանց. Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Յէուն նորան շատ պիտի ծառայէ։ 19  Եւ արդ՝ ինձ մօտ կանչեցէք Բահաղի բոլոր մարգարէներին, նորա բոլոր քահանաներին, մէկ մարդ պակաս չ’լինի. որովհետեւ ես մեծ զոհ ունեմ Բահաղի համար. ով որ չ’գտնուի, պիտի ողջ չ’մնայ. բայց Յէուն խորամանգութեամբ արաւ որպէս զի Բահաղի պաշտօնեաներին փչացնէ։ 20  Եւ Յէուն ասեց. Սուրբ տօնախմբութիւն որոշեցէք Բահաղի համար. եւ նորանք ծանուցում արին։ 21  Եւ Յէուն մարդիկ ուղարկեց բոլոր Իսրայէլին, եւ Բահաղի բոլոր պաշտօնեաներն եկան, եւ մէկ մարդ չ’մնաց չ’եկած. եւ գնացին Բահաղի տունը, եւ Բահաղի տունը լցուեցաւ ծայրէ ի ծայր։ 22  Եւ Յէուն ասեց հանդերձարանապետին. Հանդերձ հանիր Բահաղի բոլոր ծառաների համար. եւ նորանց համար հանդերձը հանեց։ 23  Եւ Յէուն ու Ռեքաբի որդի Յովնադաբն եկան Բահաղի տունը, եւ նա ասեց Բահաղի պաշտօնեաներին. Որոնեցէք եւ տեսէք, մի գուցէ Եհովայի ծառաներից մէկը լինի այստեղ ձեզ հետ, այլ լինեն միմիայն Բահաղի պաշտօնեաները։ 24  Եւ եկան զոհեր եւ ողջակէզներ մատուցանելու. եւ Յէուն իր համար դրսումը ութսուն մարդ դրաւ եւ ասեց. Այն մարդը, որի ձեռքից որ ազատուի այս իմ ձեր ձեռքը տրուած մարդկանցից մէկը, նորա անձը պէտք է լինի այն փախչող անձի տեղ։ 25  Եւ երբոր նորանք վերջացրել էին ողջակէզը, այն ժամանակ Յէուն ասեց սուրհանդակներին եւ զօրապետներին. Գնացէք նորանց ջարդեցէք, մի մարդ դուրս չ’գայ. եւ նորանք ջարդեցին նորանց սուրի բերանով, եւ սուրհանդակներն ու զօրապետները նորանց դէն գցեցին, եւ գնացին մինչեւ Բահաղի տան քաղաքը։ 26  Եւ դուրս հանեցին Բահաղի տան արձանները եւ այրեցին նորանց։ 27  Եւ քանդեցին Բահաղի արձանը, եւ կործանեցին Բահաղի տունը եւ աղբանոց շինեցին նորան մինչեւ այսօր։ 28  Եւ Յէուն Բահաղին բնաջինջ արաւ Իսրայէլիցը։ 29  Միայն թէ Նաբատեան Յերոբովամի մէղքը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, այսինքն Բեթէլում եւ Դանում լինող ոսկի որթերի ետեւից Յէուն չ’հեռացաւ։ 30  Եւ Տէրն ասեց Յէուին. Որովհետեւ դու լաւ արիր որ իմ աչքին հաճելի եղածը բոլորովին իմ սրտի մէջ եղածի պէս կատարեցիր Աքաաբի տանը, քո որդիքը մինչեւ չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայէլի աթոռի վերայ։ 31  Բայց Յէուն չ’զգուշացաւ որ Իսրայէլի Տէր Աստուծոյ օրէնքի մէջ գնար իր բոլոր սրտովը, նա չ’հեռացաւ Յերոբովամի մեղքիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։ 32  Այն ժամանակները Տէրը սկսեց Իսրայէլից կտորներ կտորել. եւ Ազայէլը զարկեց նորանց Իսրայէլի բոլոր սահմաններումը, 33  Յորդանանից արեւելեան կողմում Գաղաադի բոլոր երկիրը, Գադեաններին, Ռուբենեաններին եւ Մանասեաններին Առնոն ձորի վերայ եղող Արոերից մինչեւ Գաղաադ եւ Բասան։ 34  Եւ Յէուի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա բոլոր զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։ 35  Եւ Յէուն ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Սամարիայում. եւ նորա որդի Յովազը թագաւոր եղաւ նորա տեղ։ 36  Եւ Յէուի Իսրայէլի վերայ արած թագաւորութեան ժամանակն էր քսանեւութ տարի Սամարիայում։

Ծանոթագրություններ