2 Թագավորներ 11։1-21

11  Եւ երբոր Ոքոզիայի մայրը Գոթողիան տեսաւ, որ իր որդին մեռաւ, վեր կացաւ բոլոր թագաւորական սերունդը բնաջինջ արաւ։  Բայց Յովրամ թագաւորի աղջիկը՝ Ոքոզիայի քոյր Յովսաբէէն՝ առաւ Ոքոզիայի որդի Յովասին եւ գողացաւ նորան թագաւորի սպանուած որդկանց միջիցը եւ նորա դայեակին անկողինների սենեակումը, եւ նորան թաքցրին Գոթողիայի երեսիցը, եւ նա չ’մեռցուեցաւ։  Եւ նա թաքցուած էր նորա հետ Տիրոջ տանը վեց տարի. եւ Գոթողիան թագաւորում էր երկրի վերայ։  Եւ եօթներորդ տարին Յովիադան մարդ ուղարկեց եւ առաւ թիկնապահների եւ սուրհանդակների հարիւրապետներին, եւ նորանց տարաւ իր մօտ Տիրոջ տունը, եւ նորանց հետ դաշինք կապեց եւ նորանց երդում տուաւ Տիրոջ տանը, եւ նորանց ցոյց տուաւ թագաւորի որդիին։  Եւ նորանց պատուիրեց ասելով. Այս է ձեր անելու բանը. ձեր երրորդ մասը, որ գալիս են շաբաթ օրը որ թագաւորի պալատի պահպանութիւնն անեն.  Եւ երրորդ մասը՝ սուրի դռանը, եւ երրորդ մասը՝ սուրհանդակների ետեւի դռանը. այսպէս տանը պահապանութիւնը արէք փոփոխակի։  Եւ ձեզանից երկու գունդ՝ ամենքը որ շաբաթ օրը պիտի դուրս գան, Տիրոջ տան պահապանութիւնն անեն թագաւորի համար։  Եւ թագաւորին շրջապատեցէք շուրջանակի ամեն մարդ զէնքը ձեռքին. եւ կարգերի մէջը մտնողը սպանուի. եւ թագաւորի հետը լինէք՝ նա դուրս գալիս եւ մտնելիս։  Եւ հարիւրապետները արին ամեն ինչ որ Յովիադա քահանան պատուիրել էր, եւ իւրաքանչիւրն առաւ իր մարդկանցը, որ գալիս են շաբաթ օրը, շաբաթ օրուայ գնացողների հետ եւ եկան Յովիադա քահանայի մօտ։ 10  Եւ քահանան տուաւ հարիւրապետներին Դաւիթ թագաւորի նիզակները եւ վահանները, որ Տիրոջ տանն էին։ 11  Եւ սուրհանդակները՝ իւրաքանչիւրն իր զէնքերը ձեռքին կանգնեցին տան աջ կողմիցը մինչեւ տան ձախ կողմը սեղանի մօտ եւ տան մօտ թագաւորի շուրջը։ 12  Յետոյ նա դուրս հանեց թագաւորի որդիին, եւ նորա վերայ դրաւ թագը եւ վկայութիւնը, եւ նորան թագաւոր շինեցին եւ օծեցին նորան, եւ ծափ տուին եւ ասեցին. Կեցցէ՜ արքայ։ 13  Եւ Գոթողիան լսեց վազող ժողովրդի ձայնը եւ գնաց դէպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։ 14  Եւ մտիկ տուաւ, որ ահա թագաւորը կանգնած էր սիւնի մօտ սովորութեան պէս, եւ զօրապետներն ու փողերը թագաւորի մօտ, եւ երկրի բոլոր ժողովուրդը ուրախանում էր եւ փողերը հնչեցնում. եւ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ աղաղակեց. Դաւաճանութի՜ւն դաւաճանութի՜ւն։ 15  Եւ Յովիադա քահանան հրամայեց հարիւրապետներին, որ նշանակուած էին զօրքերի վերայ եւ ասեց նորանց. Նորան դուրս հանեցէք կարգերի միջից, եւ նորա ետեւից գնացողին սրով սպանեցէք. որովհետեւ քահանան ասել էր, որ Տիրոջ տան մէջ չ’սպանուի։ 16  Եւ իրանց ձեռքերը ձգեցին նորա վերայ. եւ երբոր նա թագաւորի պալատը մտնող ձիերի ճանապարհովը գնում էր, այնտեղ սպանուեցաւ։ 17  Եւ Յովիադան ուխտ դրաւ Տիրոջ եւ թագաւորի մէջ եւ ժողովրդի մէջ, որ Տիրոջ ժողովուրդը լինեն. նաեւ թագաւորի եւ ժողովրդի մէջ։ 18  Եւ երկրի բոլոր ժողովուրդը եկաւ Բահաղի տունը եւ քանդեցին նորա սեղանները եւ նորա պատկերները լաւ փշրեցին, եւ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին սեղանների առաջին եւ քահանան ոստիկաններ դրաւ Տիրոջ տան վերայ։ 19  Եւ վեր առաւ հարիւրապետներին եւ թիկնապահներին ու սուրհանդակներին եւ երկրի բոլոր ժողովրդին, եւ իջեցրին թագաւորին Տիրոջ տանիցը եւ սուրհանդակների դռնովն եկան թագաւորի պալատը. եւ նա նստեց թագաւորական աթոռի վերայ։ 20  Եւ երկրի ամեն ժողովուրդն ուրախացաւ, եւ քաղաքը խաղաղուեցաւ։ Եւ Գոթողիային սրով սպանեցին թագաւորի տանը։ 21  Եւ Յովասը եօթը տարեկան էր երբոր թագաւոր եղաւ։

Ծանոթագրություններ