2 Թագավորներ 12։1-21

12  Յէուի եօթներորդ տարին Յովասը թագաւոր եղաւ, եւ քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմումը եւ նորա մօր անունն էր Սաբիա՝ Բերսաբէէից։  Եւ Յովասն ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին իր բոլոր օրերումը, քանի որ Յովիադա քահանան նրան սովորեցնում էր։  Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրավանդակների վերայ։  Եւ Յովասն ասեց քահանաներին. Նուէրքի բոլոր փողը որ բերվում է Տիրոջ տունը՝ անց կենող փողը, իւրաքանչիւր մարդի անձանց գնահատութեան փողը՝ այն ամեն փողը, որ ամեն մարդ իր յօժար կամքովը նուիրում է որ Տիրոջ տունը բերէ,  Թող քահանաներն իրանց համար վեր առնեն ամեն մարդ իր ծանօթիցը եւ նորանով նորոգեն տան վնասուած տեղերը ուր որ էլ մի վնաս գտնուի։  Եւ եղաւ Յովաս թագաւորի քսանեւերեքերորդ տարին, որ քահանաները տան վնասուած տեղերը չէին նորոգել։  Եւ Յովաս թագաւորը կանչեց Յովիադա քահանային եւ քահանաներին եւ ասեց նորանց. Ի՞նչու համար չէք նորոգում տան վնասուած տեղերը, ուրեմն հիմա էլ փող չ’առնէք ձեր ծանօթներից, այլ տան վնասուածի համար տուէք այն։  Եւ հաճութիւն տուին քահանաները, որ ժողովրդիցը փող չ’առնեն, եւ տան վնասուածը չ’նորոգեն։  Եւ Յովիադա քահանան մի արկղ առաւ եւ նորա խուփի վերայ մի ծակ փորեց, եւ նորան դրաւ սեղանի կշտին Տիրոջ տունը եկող մարդկանց աջ կողմին. եւ դռան պահպանութիւնն անող քահանաները այնտեղ էին գցում ամեն փող, որ բերվում էր Տիրոջ տունը։ 10  Եւ եղաւ երբոր տեսնում էին որ արկղումը փողը շատ էր, այն ժամանակ գալիս էր թագաւորի գրագիրը եւ քահանայապետը եւ ծրարում էին եւ համարում Տիրոջ տանը գտնուած փողը։ 11  Եւ հաշուած փողը տալիս էին Տիրոջ տան վերայ նշանակուած գործաւորների ձեռքը. եւ նորանք վճարում էին հիւսներին եւ Տիրոջ տունը շինող գործաւորներին, 12  Եւ որմնադիրներին ու քարակոփներին. եւ որ փայտեր եւ տաշած քարեր առնեն Տիրոջ տան վնասուած տեղերը նորոգելու եւ այն ամեն բանի համար, որ ծախք կ’լինի տունը նորոգելու համար։ 13  Միայն թէ չ’շինուեցաւ Տիրոջ տան համար արծաթի բաժակներ, բազմակալներ, կոնքեր, փողեր եւ ամեն տեսակ ոսկի անօթներ եւ արծաթի անօթներ Տիրոջ տան մէջ եկած փողիցը։ 14  Այլ տալիս էին գործաւորներին եւ նորանով նորոգում էին Տիրոջ տունը։ 15  Եւ հաշիւ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործաւորներին տային, որովհետեւ հաւատարմութեամբ էին աշխատում։ 16  Յանցանքի փողը եւ մեղքի փողը Տիրոջ տունը չէր բերվում, քահանաներինն էր լինում։ 17  Այն ժամանակ վեր եկաւ Ասորիների Ազայէլ թագաւորը եւ պատերազմեց Գէթի դէմ ու յաղթեց նորան. եւ Ազայէլը դարձրեց իր երեսը, որ վեր գնայ Երուսաղէմ։ 18  Եւ Յուդայի Յովաս թագաւորն առաւ բոլոր նուէրները, որ նուիրել էին նորա հայրերը՝ Յովսափատը եւ Յովրամը եւ Ոքոզիան՝ Յուդայի թագաւորները, եւ իր նուէրները եւ թագաւորի տան եւ Տիրոջ տան գանձարաններում գտնուող բոլոր ոսկին եւ ուղարկեց Ասորիների Ազայէլ թագաւորին, եւ նա գնաց Երուսաղէմի վերայից 19  Եւ Յովասի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 20  Եւ նորա ծառաները վեր կացան եւ դաւաճանութիւն արին եւ սպանեցին Յովասին Մելօնի տան մէջ Սիլլայի զառիվայրումը։ 21  Եւ Յովզաքարը՝ Սամեթի որդին եւ Յովզաբադը՝ Սոմերի որդին՝ նորա ծառաները, զարկեցին նորան եւ նա մեռաւ. եւ նորան թաղեցին իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա տեղը թագաւոր եղաւ նորա որդի Ամասիան։

Ծանոթագրություններ