2 Թագավորներ 13։1-25

13  Յուդայի թագաւոր՝ Ոքոզիայի որդի Յովասի քսանեւերեքերորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յէուիորդի Յովաքազը Սամարիայում տասնեւեօթը տարի թագաւորելով։  Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ գնաց Նաբատեան Յերոբովամի մեղքի ետեւից, որ Իսրայէլին մեղանչել տուաւ. նորանից չ’հեռացաւ։  Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Իսրայէլի դէմ, եւ նորանց մատնեց Ասորիների թագաւոր Ազայէլի եւ Ազայէլի որդի Բենադադի ձեռքը շարունակ։  Եւ Յովաքազն աղօթք արաւ դէպի Տիրոջ երեսը, եւ Տէրը լսեց նորան. որովհետեւ տեսաւ Իսրայէլի նեղութիւնը, որով Ասորիների թագաւորը նորանց նեղացնում էր։  Եւ Տէրը Իսրայէլին մէկ փրկիչ տուաւ, եւ նորանք դուրս եկան Ասորիների ձեռքի տակից, եւ Իսրայէլի որդիքը բնակվում էին իրանց վրաններումը ինչպէս երէկ եւ միւս օրը։  Միայն թէ չ’հեռացան Յերոբովամի տան մեղքիցը, որ մեղանչել տուաւ Իսրայէլին. նորանով գնացին. նաեւ կուռքի անտառը կենում էր Սամարիայում։  Որովհետեւ նա Յովաքազի համար զօրք չ’թողեց բացի յիսուն ձիաւոր եւ տասը կառք եւ տասը հազար հետեւակ զօրք, որովհետեւ Ասորիների թագաւորը դորանց բնաջինջ էր արել, եւ նորանց շինել էր իբրեւ կոխ տրուելու հող։  Եւ Յովաքազի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։  Եւ Յովաքազը ննջեց իր հայրերի հետ եւ նորան թաղեցին Սամարիայում, եւ նորա տեղ թագաւոր եղաւ նորա որդի Յովասը։ 10  Յուդայի Յովաս թագաւորի երեսունեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յովաքազի որդի Յովասը Սամարիայում՝ տասնեւվեց տարի թագաւորելով։ 11  Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. չ’հեռացաւ Նաբատեան Յերոբովամի բոլոր մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ. նորանով գնաց։ 12  Եւ Յովասի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա զօրութիւնը, որ Յուդայի Ամասիան թագաւորի հետ պատերազմ արաւ, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։ 13  Եւ Յովասը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա աթոռի վերայ նստեց Յերոբովամը. եւ Յովասը թաղուեցաւ Իսրայէլի թագաւորների հետ Սամարիայում։ 14  Եւ Եղիսէն հիւանդացաւ իր հիւանդութիւնովը, որով եւ մեռաւ. եւ Իսրայէլի Յովաս թագաւորը իջաւ նորա մօտ եւ լաց եղաւ նորա երեսին եւ ասեց. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները։ 15  Եւ Եղիսեէն ասեց նորան. Վեր առ մի աղեղ եւ նետեր. եւ նա մի աղեղ եւ նետեր առաւ։ 16  Եւ նա ասեց Իսրայէլի թագաւորին. Ձեռքդ պնդացրու աղեղիդ վերայ, եւ նա ձեռքը պնդացրեց. Եւ Եղիսէն իր ձեռքը թագաւորի ձեռքի վերայ դրաւ. 17  Եւ ասեց. բաց արա պատուհանը դէպի արեւելք. եւ նա բաց արաւ. եւ Եղիսէն ասեց. Նետը գցիր, եւ նա գցեց. Եղիսէն էլ ասեց. Տիրոջ փրկութեան նետը, եւ Ասորիների դէմ փրկութեան նետը. եւ դու պիտի յաղթես Ասորիներին Ափեկումը մինչեւ որ վերջանան։ 18  Եւ ասեց. Առ նետերը. եւ նա առաւ. եւ ասեց Իսրայէլի թագաւորին. Գետինը զարկիր. եւ նա զարկեց երեք անգամ ու կանգնեց։ 19  Եւ Աստուծոյ մարդը բարկացաւ նորա վերայ եւ ասեց. Հինգ կամ վեց անգամ պէտք էր զարկել, այն ժամանակ կ’զարկէիր Ասորիներին մինչեւ որ վերջանային, բայց հիմա միայն երեք անգամ ես զարկելու։ 20  Եւ Եղիսէն մեռաւ եւ նորան թաղեցին. եւ Մովաբացիների գունդերը միւս տարին եկան երկրի վերայ։ 21  Եւ նորանք մի մարդ էին թաղում, եւ ահա տեսան մի գունդ, եւ այն մարդը գցեցին Եղիսէի գերեզմանի մէջ. եւ մարդը գնաց դիպաւ Եղիսէի ոսկորներին, եւ կենդանացաւ իր ոտքերի վերայ կանգնեց։ 22  Եւ Ասորիների Ազայէլ թագաւորը նեղում էր Իսրայէլին Յովաքազի բոլոր օրերումը։ 23  Բայց Տէրը նորանց ողորմեց եւ գթաց նորանց եւ դէպի նորանց դարձաւ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ ունեցած ուխտի համար. եւ չ’ուզեց նորանց կորցնել, եւ նորանց չ’ձգեց իր երեսիցը մինչեւ հիմա։ 24  Եւ Ասորիների Ազայէլ թագաւորը մեռաւ, եւ նորա որդի Բենադադը թագաւորեց նորա տեղը։ 25  Եւ Յովաքազի որդի Յովասը դարձեալ ետ առաւ Ազայէլի որդի Բենադադի ձեռքիցն այն քաղաքները որ առել էր նա իր հայր Յովաքազի ձեռքից պատերազմի մէջ. երեք անգամ Յովասը յաղթեց նորան, եւ ետ դարձրեց Իսրայէլի քաղաքները։

Ծանոթագրություններ