2 Թագավորներ 18։1-37
18 Եւ Իսրայէլի թագաւոր Էլայի որդի Ովսէէ երրորդ տարին թագաւոր եղաւ Յուդայի թագաւոր Աքազի որդի Եզեկիան։
2 Քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Աբի՝ դուստր Զաքարիայի։
3 Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին՝ ինչպէս որ արել էր իր հայր Դաւիթը։
4 Նա վերցրեց բարձրաւանդակները եւ կոտրատեց արձանները եւ քանդեց կուռքի անտառը, եւ փշրեց այն օձի պղինձթ, որ Մովսէսը շինել էր. որովհետեւ մինչեւ այն օրերը Իսրայէլի որդիքը խունկ էին ծխում նորան, եւ նորա անունը դրաւ Նէեսթան*.
5 Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց, եւ նորանից յետոյ չ’եղաւ նորա նմանը Յուդայի բոլոր թագաւորների մէջ, եւ նորանց մէջ որոնք նորանից առաջ էին եղել։
6 Եւ Տիրոջը յարեց, նորա ետեւիցը չ’հեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները, որ պատուիրել էր Տէրը Մովսէսին։
7 Եւ Տէրը նորա հետ էր, եւ ամեն ուր որ գնում էր՝ յաջողվում էր. եւ ապստամբուեց Ասորեստանի թագաւորի դէմ եւ նորան չ’ծառայեց։
8 Նա ջարդեց Փղշտացիներին մինչեւ Գազա եւ նորա սահմանները, պահապանաց աշտարակիցը մինչեւ պարսպաւոր քաղաքը։
9 Եւ Եզեկիայի չորրորդ տարին, որ Իսրայէլի թագաւոր Էլայի որդի Ովսէէ եօթներորդ տարին էր, Ասորեստանի Սաղմանասար թագաւորն եկաւ Սամարիայի վերայ. եւ նորան պաշարեց.
10 Եւ երեք տարիից յետոյ առաւ նորան Եզեկիայի վեցերորդ տարիումը, որ Իսրայէլի Ովսէէ թագաւորի իններորդ տարին էր. այն ժամանակ Սամարիան առնուեցաւ։
11 Եւ Ասորեստանի թագաւորը Իսրայէլին փոխադրեց Ասորեստան, եւ նորանց դրաւ Քաղայում եւ Քաբովրում, Գովզան գետի մօտ, եւ Մարաց քաղաքներումը։
12 Նորա համար որ չէին լսել իրանց Տէր Աստուծոյ ձայնին, եւ զանց էին արել նորա ուխտը՝ այն ամենը ինչ որ Տիրոջ ծառայ Մովսէսը հրամայել էր. ոչ լսեցին եւ ոչ արին։
13 Եւ Եզեկիա թագաւորի տասնեւչորսերորդ տարին եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքների վերայ եւ առաւ նորանց։
14 Եւ Յուդայի Եզեկիա թագաւորը մարդ ուղարկեց Լաքիս Ասորեստանի թագաւորի մօտ ասելով. Յանցանք եմ արել, իմ վերայիցը ետ դարձիր. ինչ որ ինձ վերայ դնես՝ կ’հատուցանեմ։ Եւ Ասորեստանի թագաւորը Յուդայի Եզեկիա թագաւորի վերայ երեք հարիւր տաղանդ արծաթ եւ երեսուն տաղանդ ոսկի հարկ դրաւ։
15 Եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի տան գանձերումը գտնուած բոլոր արծաթը տուաւ։
16 Այն ժամանակ Եզեկիան քանդեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիների ոսկին, որ ինքը Յուդայի Եզեկիա թագաւորը նորանց պատել էր, եւ տուաւ Ասորեստանի թագաւորին։
17 Եւ Ասորեստանի թագաւորն Տարաթանին, Ռաբսարիսին եւ Ռաբսակին Լաքիսից շատ զօրքով Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ. եւ նորանք վեր գալով եկան Երուսաղէմ եւ այնտեղ հասնելով եկան կանգնեցին թափիչի ագարակի ճանապարհին եղող վերի աւազանի ջրմուղին վերայ,
18 Եւ թագաւորին կանչեցին. եւ նորանց մօտ դուրս եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը եւ Սեբնա ատենադպիրը եւ յիշատակաց դպիր Ասափի որդի Յովաքը։
19 Եւ Ռաբսակը նորանց ասեց. Եզեկիային ասեցէք. Այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը.Այդ ի՞նչ յոյս է որի վերայ դու ապաւինել ես.
20 Դու միայն շրթունքի խօսքեր ես խօսում, թէ խորհուրդ ու զօրութիւն ունեմ պատերազմի համար. հիմա ո՞ւմ ապաւինեցիր, որ ինձանից ապստամբուեցար։
21 Ահա դու հիմա ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մի մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կ’մտնէ եւ նորան կ’ծակէ. այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։
22 Բայց եթէ ինձ ասէք թէ Մենք մեր Եհովայ Աստուծուն ենք ապաւինել. մի՞թէ դա այն չէ որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց, եւ Յուդային եւ Երուսաղէմին ասեց. Միայն այն սեղանի առաջին Երուսաղէմումն երկրպագութիւն արէք։
23 Արդ՝ ուրեմն դաշինք դիր*՝ իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնող դնել.
24 Ապա ի՞նչպէս կարող ես դէմ կենալ իմ տիրոջ փոքրիկ ծառաներից մէկ կուսակալին, որ դու կառքերի եւ ձիերի համար Եգիպտոսին ես ապաւինում։
25 Հիմա ես առանց Եհովայի՞ն եմ եկել արդեօք այս երկրի վերայ որ նորան աւերեմ. Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր։
26 Եւ Քեղկեայի որդի Եղիակիմը եւ Սեբնան ու Յովաքը ասեցին Ռաբսակին. Խնդրում ենք՝ ծառաներիդ հետ Ասորերէն* խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք, եւ մեզ հետ Եբրայեցերէն մի խօսիր պարսպի վերայ եղող ժողովրդի ականջի առաջին։
27 Բայց Ռաբսակն ասեց նորանց. Մի՞թէ քո տիրոջ եւ քեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը այս խօսքերը խօսելու համար. չէ՞ որ այս մարդկանց համար, որոնք պարսպի վերայ նստած են որ ձեզ հետ պիտի իրանց աղբն ուտեն եւ իրանց մէզը խմեն։
28 Եւ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց Եբրայեցերէն եւ խօսեց ասելով. Լսեցէք մեծ թագաւորի՝ Ասորեստանի թագաւորի խօսքը.
29 Թագաւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չ’խաբէ. որովհետեւ նա չի կարող ձեզ նորա ձեռքիցն ազատել։
30 Եւ Եզեկիան ձեզ Եհովային չ’յուսացնէ՝ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չ’տրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։
31 Եզեկիային մի լսէք. որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ ինձ մօտ դուրս եկէք. եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենիիցն ուտէ, եւ ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ,
32 Մինչեւ որ ես գամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր, ցորենի եւ գինիի երկիր, հացի եւ այգիների երկիր, իւղ տուող ձիթենիների եւ մեղրի երկիր, որ ապրէք եւ չ’մեռնէք. եւ Եզեկիային մի լսէք, որովհետեւ ձեզ խաբում է ասելով թէ Եհովան մեզ ազատելու է։
33 Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածներն՝ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։
34 Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները, ո՞ւր են Սեփարուիմի, Անայի եւ Աւայի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից։
35 Ո՞րն է այդ երկիրների բոլոր աստուածներիցը, որ ազատած լինի իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ ազատէր Երուսաղէմը իմ ձեռքից։
36 Եւ ժողովուրդը լռեց եւ նորան ոչինչ պատասխան չ’տուին. որովհետեւ թագաւորը հրաման էր արել ասելով. Նորան չ’պատասխանէք։
37 Եւ Քեղկեայի որդի Եղիակիմ՝ պալատի հազարապետը, եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաք՝ յիշատակաց դպիրը գնացին հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։
Ծանոթագրություններ
^ 18։4 Այսինքն՝ պղնձի կտոր։
^ 18։23 Կամ՝ մրցիր. Ոմանք՝ պատանդ տուր։
^ 18։26 Կամ՝ Քաղդէարէն։