2 Թագավորներ 20։1-21

20  Այն օրերը Եզեկիան մերձ ’ի մահ հիւանդացաւ. եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակ արա քո տան մասին. որովհետեւ դու պիտի մեռնես ու չ’ապրես։  Եւ նա իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջն ասելով.  Աղաչում եմ, ով Տէր, յիշիր հիմա որ քո առաջին հաւատարմութեամբ ու կատարեալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լաց եղաւ։  Եւ Եսայիան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքիցը, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով.  Ետ դարձիր եւ ասիր իմ ժողովրդի իշխան Եզեկիային. Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Լսեցի քո աղօթքը, տեսայ քո արտասուքը. ահա ես քեզ կ’բժշկեմ եւ երրորդ օրը վեր կ’գնաս Տիրոջ տունը։  Եւ ես կ’աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի. եւ կ’ազատեմ քեզ եւ այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքից. եւ այս քաղաքը կ’պաշտպանեմ ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։  Եւ Եսայիան ասեց. Չորացրած թուզ առէք. եւ առան ու դրին վէրքի վերայ, եւ նա առողջացավ։  Եւ Եզեկիան ասեց Եսայիային. Ո՞րն է նշանը թէ Տէրը ինձ բժշկելու է, եւ որ ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տունը։  Եւ Եսայիան ասեց. Այս քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է իր ասած խօսքը. Ստուերը տասը աստիճան առա՞ջ գնայ կամ թէ տասը աստիճան ե՞տ դառնայ։ 10  Եւ Եզեկիան ասեց. Թեթեւ է ստուերի համար տասը աստիճան առաջ գնալը. ոչ այլ ստուերը տասը աստիճան դէպի ետ դառնայ։ 11  Եւ Եսայիա մարգարէն Տիրոջն աղաղակեց եւ ստուերը ետ դարձրեց տասը աստիճան այն աստիճաններով, որ իջել էր Աքազի աստիճաններովը։ 12  Այն ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք–բաղադան*՝ Բաբիլոնի թագաւորը նամակներ եւ ընծայ ուղարկեց Եզեկիայի մօտ. որովհետեւ լսել էր թէ հիւանդացել է Եզեկիան։ 13  Եւ Եզեկիան լսեց նորանց, եւ ցոյց տուաւ նորանց իր թանգագին բաների տունը, արծաթը, ոսկին եւ խունկերը եւ պատուական իւղը, եւ իր զէնքերի բոլոր տունը եւ բոլորը ինչ որ գտնվում էր իր գանձարաններումը. մի բան չ’կար որ Եզեկիան նորանց ցոյց տուած չ’լինէր իր տանը եւ իր բոլոր տէրութեան մէջ։ 14  Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ ասեցին այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ Եզեկիան ասեց. Հեռու երկրից են եկել՝ Բաբիլոնից։ 15  Եւ ասեց. Ի՞նչ են տեսել քո տանը. եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ իմ տանը՝ տեսել են. մի բան չ’կար որ ես ցոյց տուած չ’լինիմ նորանց իմ գանձարաններումը։ 16  Եւ Եսայիան ասեց Եզեկիային. 17  Լսիր Տիրոջ խօսքը. Ահա օրեր են գալիս, որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ էլ քո հայրերը հաւաքել են մինչեւ այս օրը, կ’տարուի Բաբիլոն. մէկ բան չի մնալ, ասում է Տէրը։ 18  Եւ քո որդիներից, որ պիտի քեզեաից յառաջ գան, որ դու կ’ծնես, կ’առնեն, եւ նորանք Բաբիլոնի թագաւորի պալատումը ներքինիներ կ’լինին։ 19  Եւ Եզեկիան ասեց Եսայիային. Բարի է Տիրոջ խօսքը որ դու ասեցիր. եւ նա ասեց. Չէ՞ որ, եթէ իմ օրերին խաղաղութիւն եւ ապահովութիւն կ’լինի։ 20  Եւ Եզեկիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր զօրութիւնը, եւ նորա շինած աւազազը եւ ջրմուղը, եւ որ ջուրը քաղաքը բերաւ, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 21  Եւ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Մանասէն թագաւոր եղաւ նորա տեղ։

Ծանոթագրություններ

20։12 Եբր.՝ Բարովդաք։