2 Թագավորներ 3։1-27

3  Եւ Աքաաբի որդի Յովրամը թագաւոր եղաւ Իսրայէլիվերայ Յուդայի Յովսափատ թագաւորի տասնեւութերորդ տարիումը, եւ թագաւորեց տասնեւերկու տարի։  Եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ թէ իր հօրը եւ մօրը պէս, եւ հեռացրեց իր հօր շինած Բահաղի արձանը։  Սակայն Նաբատեան Յերոբովամի այն մեղքին հետեւեց, որով նա Իսրայէլին մեղանչել տուաւ. Նորանից չ’հեռացաւ։  Եւ Մովաբացիների Մեսա թագաւորը հարուստ էր հօտերով, եւ նա տալիս էր Իսրայէլի թագաւորին հարիւր հազար գառն եւ հարիւր հազար գեղմնաւոր խոյեր։  Եւ երբոր Աքաաբ թագաւորը մեռաւ, Մովաբի թագաւորը ապստամբուեց Իսրայէլի թագաւորի դէմ։  Եւ այն ժամանակ Յովրամը դուրս եկաւ Սամարիայից եւ հանդէս արաւ բոլոր Իսրայէլին։  Եւ գնաց մարդ ուղարկեց Յուդայի Յովսափատ թագաւորին ասելով. Մովաբացիների թագաւորը ապստամբուել է ինձ դէմ. Ինձ հետ պատերազմելու կ’գնա՞ս Մովաբի վերայ. Եւ նա ասեց. Կ’գնամ. Ինչպէս որ դու՝ այնպէս է ես, ինչպէս որ քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը, ինչպէս որ քո ձիանքն՝ այնպէս էլ իմ ձիանքը։  Եւ նա ասեց. Ո՞ր ճանապարհով գնանք. նա էլ ասեց. Եդովմի անապատի ճանապարհովը։  Եւ գնացին Իսրայէլի թագաւորը, Յուդայի թագաւորը եւ Եդովմի թագաւորը եւ եօթն օր պտոյտ տուին, եւ ջուր չ’կար ոչ բանակի համար եւ ոչ էլ նորանց հետ եղող անասունների համար։ 10  Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Ափսո՛ս որ Տէրը կանչել է երեք թագաւորներիս, որ Մովաբի թագաւորի ձեռքը մատնէ։ 11  Եւ Յովսափատն ասեց. Այստեղ Տիրոջ մարգարէ չ’կա՞յ, որ Տիրոջ խօսքը հարցնենք նորանից. եւ Իսրայէլի թագաւորի ծառաներից մէկը պատասխանեց եւ ասեց. Այստեղ է Սափատի որդի Եղիսէն, որ ջուր էր ածում Եղիայի ձեռքերին։ 12  Եւ Յովսափատն ասեց. Տիրոջ խօսքը կայ նորա մօտ։ Եւ վայր իջան նորա մօտ Իսրայէլի թագաւորը եւ Յովսափատը եւ Եդովմի թագաւորը։ 13  Եւ Եղիսէն ասեց Իսրայէլի թագաւորին. Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. գնա քո հօր մարգարէների մօտ եւ քո մօր մարգարէների մօտ։ Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Ոչ, որովհետեւ Տէրն այս երեք թագաւորին կանչել է, որ նորանց տայ Մովաբի թագաւորի ձեռքը։ 14  Եւ Եղիսէն ասեց. Կենդանի է Զօրաց Տէրը որի առաջին կանգնած եմ, եթէ ես չ’յարգէի Յուդայի Յովսափատ թագաւորին, քեզ մտիկ չէի տալ եւ քեզ չէի տեսնիլ։ 15  Բայց հիմա ինձ համար մի նուագածու բերէք. Եւ երբոր նուագածուն նուագեց, այն ժամանակ նորա վերայ եղաւ Տիրոջ ձեռքը. 16  Եւ նա ասեց. Այսպէս է ասում Տէրը. Այս հեղեղատը փոս փոս արէք։ 17  Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Քամի չէք տեսնիլ, եւ անձրեւ չէք տեսնիլ, բայց այս հեղեղատը ջրով կ’լցուի եւ կ’խմէք դուք եւ ձեր հօտերը եւ ձեր անասունները։ 18  Բայց այս թեթեւ բան է Տիրոջ աչքի առաջին, նա Մովաբն էլ պիտի յանձնէ ձեր ձեռքը։ 19  Եւ դուք պիտի ջարդէք ամեն պարսպաւոր քաղաքները, եւ ամեն ընտիր քաղաքները եւ բոլոր ազնիւ ծառերը պիտի կտորէք, եւ բոլոր ջրի աղբիւրները պիտի խցկէք, եւ բոլոր ընտիր արտերը քարերով պիտի փչացնէք։ 20  Եւ առաւօտեան զոհը մատուցանելիս, ահա ջուրեր էին գալիս Եդովմի կողմից, եւ երկիրը լցուեցաւ ջրով։ 21  Եւ բոլոր Մովաբացիները լսեցին, որ թագաւորներն եկել են նորանց հետ պատերազմելու, եւ բոլոր գօտի կապողները եւ նորանցից էլ մեծերը ժողովուեցան եւ կանգնեցին սահմանի վերայ։ 22  Եւ առաւօտը կանուխ վեր կացան, եւ երբոր արեգակը ծագեց ջրերի վերայ, Այն ժամանակ Մովաբացիները հեռուանց մտիկ արին կարմիր ջրերին իբրեւ արիւնի։ 23  Եւ ասում էին. Այս արիւն է. Թագաւորները կռուել են իրար հետ եւ իրար ջարդել. Եւ արդ, ով Մովաբացիներ, աւարի՜ գնանք։ 24  Եւ եկան Իսրայէլի բանակը, բայց Իսրայէլացիները վեր կացան ու ջարդեցին Մովաբացիներին, եւ նորանք փախան նորանց առաջից. բայց նորանք մտան նորա մէջը (այսինքն Մովաբացիների երկիրը) եւ ջարդեցին Մովաբացիներին. 25  Եւ քաղաքները քանդեցին, եւ ամեն մարդ իր քարը ամեն լաւ արտի մէջ գցեց եւ նորան լցրին եւ խցկեցին բոլոր ջրի աղբիւրները, եւ կտորեցին ամեն ազնիւ ծառերը, այնպէս որ Կիրհարէսէթում միայն քարերը մնացին. եւ պարսաւորները պաշարեցին նորան եւ ջարդեցին։ 26  Եւ երբոր Մովաբի թագաւորը տեսաւ, որ պատերազմը իր վերայ սաստկացաւ, եօթը հարիւր սուսերամերկ զօրք առաւ իր հետը, որ ճղեն անցնեն մինչեւ Եդովմի թագաւորը, բայց չ’կարողացան։ 27  Եւ նա վեր առաւ իր անդրանիկ որդին, որ պիտի թագաւորէր իր տեղը, եւ նորան ողջակէզ մատուցրեց պարսպի վերայ. եւ Իսրայէլացիների դէմ մեծ բարկութիւն եղաւ. Եւ նորանք ետ քաշուեցան նորանից եւ ետ դառան իրանց երկիրը։

Ծանոթագրություններ