2 Թագավորներ 5։1-27

5  Եւ Ասորիների թագաւորի զօրագլուխ Նէեմանը մի մեծ եւ յարգելի մարդ էր իր տիրոջ առաջին. Որովհետեւ Տէրը նորա միջոցով փրկութիւն էր տուել Ասորիներին. Եւ այս մարդը քաջ զօրաւոր էր, բայց բորոտ էր։  Ասորիները մէկ անգամ գունդերով էին եկել եւ Իսրայէլի երկրից մի փոքր աղջիկ գերի տարել, որ Նէեմանի կնկայ առաջին էր լինում։  Եւ սա ասեց իր տիկնոջը. Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. այն ժամանակ նա նորան կ’բժկէր իր բորոտութիւնիցը։  Եւ Նէեմանը գնաց եւ պատմեց իր տիրոջն ասելով. Այսպէս եւ այսպէս է խօսել այն Իսրայէլի երկրից եղող աղջիկը։  Եւ Ասորիների թագաւորն ասեց. Ճանապարհուիր գնա. եւ ես նամակ կ’ուղարկեմ Իսրայէլի թագաւորին։ Եւ նա գնաց եւ իր հետը վեր առաւ տասը տաղանդ արծաթ եւ վեց հազար ոսկի, եւ տասը փոխնորդ հանդերձներ։  Եւ նամակը բերաւ տուաւ Իսրայէլի թագաւորին ասելով. Եւ արդ այս նամակը հէնց որ քեզ հասաւ ահա ուղարկում եմ քեզ մօտ իմ Նէեման ծառային, որ դու բժշկես նորան իր բորոտութիւնիցը։  Եւ երբոր Իսրայէլի թագաւորը կարդաց նամակը, պատառեց իր հանդերձները եւ ասեց. Մի՞թէ ես Աստուած եմ որ մեռցնեմ կամ ապրեցնեմ, որ սա ինձ մօտ է ուղարկում մարդին իր բորոտութիւնիցը բժշկելու. Սակայն դուք իմացէք եւ տեսէք որ նա պատճառ է որոնում ինձանից։  Եւ երբոր Աստուծոյ մարդը՝ Եղիսէն լսեց, որ Իսրայէլի թագաւորը պատառել է իր հանդերձը, այն ժամանակ մարդ ուղարկեց թագաւորին ասելով. Ի՞նչու համար պատառեցիր հանդերձդ. Թող նա ինձ մօտ գայ եւ իմանայ որ մարգարէ կայ Իսրայէլի մէջ։  Եւ Նէեմանը գնաց իր ձիերովն ու կառքովը եւ կանգնեց Եղիսէի տան դռան մօտ։ 10  Եւ Եղիսէն պատգամաւոր ուղարկեց նորա մօտ ասելով, Գնա եւ եօթն անգամ լուացուիր Յորդանանումը, եւ մարմինդ քեզ մօտ կ’դառնայ եւ կ’մաքրուիս։ 11  Բայց Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. Ահա ես կարծում էի թէ անպատճառ ինձ մօտ դուրս կ’գայ եւ կ’կանգնէ ու իր Եհովայ Աստուծոյ անունը կ’կանչէ, եւ ձեռքը կ’դնէ այն տեղի վերայ, եւ այն ժամանակ բորոտութիւնը կ’բժշկէ։ 12  Մի՞թէ Դամասկոսի Աբանա եւ Փարփար գետերը Իսրայէլի բոլոր ջրերիցը լաւ չեն. մի՞թէ նորանցում չէի լուացուիլ եւ մաքրուիլ։ Եւ նա ետ դառաւ գնաց բարկութեամբ։ 13  Բայց նորա ծառաները մօտեցան եւ խօսեցին նորա հետ եւ ասեցին. Ով հայր, եթէ մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր, չէի՞ր անիլ. ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր եւ կ’մաքրուիս։ 14  Եւ նա վայր իջաւ եւ եօթն անգամ թաղուեցաւ Յորդանանի մէջ Աստուծոյ մարդի խօսքին համեմատ. եւ նորա մարմինը ետ դառաւ իբրեւ մի փոքր տղայի մարմին, եւ նա մաքրուեցաւ։ 15  Եւ նա ետ դառաւ իր բոլոր բանակովը Աստուծոյ մարդի մօտ եւ եկաւ կանգնեց նորա առաջին եւ ասեց. Ահա իմացայ որ բոլոր երկրիս վերայ Աստուած չ’կայ բայց միայն Իսրայէլումը. եւ հիմա խնդրեմ՝ ծառայիցդ մի ընծայ ընդունիր։ 16  Բայց նա ասեց. Կենդանի է Տէրը, որի առաջին ես կանգնած եմ, եթէ ընդունեմ. եւ նա ստիպեց նորան, բայց նա մերժեց։ 17  Եւ Նէեմանն ասեց. Հիմա որ ոչ, թող ծառայիդ երկու ջորիի բեռ հող տրուի. որովհետեւ ծառադ այլ եւս բացի Եհովայից ուրիշ աստուածների ողջակէզ կամ զոհ չի անելու։ 18  Այս բանը միայն թող ներէ Եհովան քո ծառային, այսինքն երբոր իմ տէրը Ռեմօնի տունը մտնէ այնտեղ երկրպագութիւն անելու համար, եւ նա կռնէ իմ ձեռքին եւ ես կռանամ Ռեմօնի տանը, այն ժամանակ այս բանի համար՝ այսինքն Ռեմօնի տանը իմ կռանալու համար՝ թող Տէրը ներէ քո ծառային։ 19  Եւ նա ասեց նորան. Գնա խաղաղութեամբ. եւ նա գնաց նորա մօտից բաւական տեղ։ 20  Եւ Գէեզին՝ Աստուծոյ մարդ Եղիսէի ծառան՝ ասեց. Ահա իմ տէրը խնայեց այս Ասորի Նէեմանին նորա բերածը ձեռքիցը առնելու. կենդանի է Տէրը, եթէ ես չ’վազեմ նորա ետեւից եւ նորանից մի բան չ’առնեմ։ 21  Եւ Գէեզին վազեց Նէեմանի ետեւիցը. եւ Նէեմանը տեսաւ մէկը ետեւիցը վազ էր տալիս. եւ նա վայր թռաւ կառքիցը նորան դիմաւորելու եւ ասեց. Խաղաղութի՞ւն է. եւ նա ասեց. 22  Խաղաղութիւն. իմ տէրն ինձ ուղարկեց թէ Ահա հիմա ինձ մօտ երկու պատանիներ են եկել Եփրեմի սարից մարգարէների որդկանցից. խնդրեմ նորանց համար մի տաղանդ արծաթ եւ երկու փոխնորդ հանդերձ տուր։ 23  Եւ Նէեմանն ասեց. Բարեհաճիիր՝ երկու տաղանդ առ, եւ ստիպեց նորան, եւ ծրարեց երկու տաղանդ արծաթը երկու պարկի մէջ եւ երկու փոխնորդ հանդերձը եւ տուաւ իր երկու ծառաներին, որ տարին նորա առաջիցը։ 24  Եւ երբոր բլրին հասան, առաւ նորանց ձեռքիցը եւ թաքցրեց տան մէջ. բայց մարդկանցը ճանապարհ դրաւ, եւ նորանք գնացին։ 25  Իսկ ինքն եկաւ ու կանգնեց իր տիրոջ առաջին. եւ Եղիսէն ասեց նորան. Ո՞րտեղից, Գէեզի. եւ նա ասեց. Ծառյդ այս կամ այն կողմ չէ գնացել։ 26  Եւ Եղիսէն նորան ասեց. Չէ՞ որ իմ հոգին գնացել էր երբոր մարդը ետ դառաւ իր կառքիցը քեզ դիմաւորելու. ժամանա՞կն է արծաթ առնելու եւ հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հօտեր, արջառներ եւ ծառաներ ու աղախիններ առնելու։ 27  Ուստի Նէեմանի բորոտութիւնը քեզ եւ քո սերունդին փակչի յաւիտեան. եւ նա դուրս եկաւ նորա առաջիցը ձիւնի պէս բորոտ։

Ծանոթագրություններ