2 Թագավորներ 6։1-33

6  Եւ մարգարէի որդիքն ասեցին Եղիսէին. Ահա այն տեղը՝ ուր որ մենք բնակվում ենք քո առաջին, մեզ համար նեղ է։  Թող գնանք մինչեւ Յորդանան, եւ ամեն մէկս վեր առնենք այնտեղից մէկ գերան, եւ այնտեղ մեզ համար տեղ շինենք այնտեղ բնակուելու. եւ նա ասեց. Գնացէք։  Եւ նորանցից մէկն ասեց. Բարեհաճիր, դու էլ գնա ծառաներիդ հետ. եւ նա ասեց. Ես կ’գամ։  Եւ գնաց նորանց հետ, եւ եկան Յորդանան եւ ծառերը կտրում էին։  Եւ մէկը գերանը կտրելիս տապարի երկաթն ընկաւ ջուրը, եւ նա գոչելով ասեց. Վա՜յ, տէր իմ, նաև փոխ առուած էր։  Եւ Աստուծոյ մարդն ասեց. Ո՞ւ ընկաւ. եւ նա տեղը նորան ցոյց տուաւ. նա էլ մի փայտ կտրեց եւ գցեց այնտեղ, եւ երկաթին լողալ տուաւ։  Եւ ասեց. Այդ վեր առ. նա էլ ձեռքը մեկնեց ու վեր առաւ նորան։  Եւ Ասորիների թագաւորը պատերազմում էր Իսրայէլի դէմ, եւ իր ծառաների հետ խորհուրդ արաւ ասելով. Այսինչ կամ այնինչ տեղը բանակ դնեմ։  Բայց Աստուծոյ մարդը Իսրայէլի թագաւորին լուր ուղարկեց ասելով. Զգուշացիր այստեղով անցկենալուց. որովհետեւ Ասորիները այնտեղ բանակ են տուել։ 10  Եւ Իսրայէլի թագաւորը մարդ էր ուղարկում այնտեղը որի համար Աստուծոյ մարդն ասում էր եւ նորան զգուշացնում. եւ նա զգուշացաւ այն տեղիցը ոչ թէ մէկ եւ ոչ թէ երկու անգամ։ 11  Եւ Ասորիների թագաւորի սիրտը չփոթուեցաւ այս բանի վերայ եւ իր ծառաներին կանչեց ու ասեց նորանց. Չէ՞ք իմացնիլ ինձ թէ մեր մարդկանցից ով է Իսրայէլի թագաւորի հետ։ 12  Եւ նորա ծառաներից մէկն ասեց. Ոչ, ով իմ տէր թագաւոր, այլ Իսրայէլումն եղող Եղիսէ մարգարէն է իմացնում Իսրայէլի թագաւորին այն բաները, որ դու խօսում ես քո անկողնի սենեակումը։ 13  Եւ նա ասեց. Գնացէք եւ տեսէք, նա ուր է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ. եւ նորան իմացրին ասելով. Ահա Դօթայումն է։ 14  Եւ այնտեղ ձիեր եւ կառքեր եւ մեծ զօրք ուղարկեց, եւ սորանք գիշերը եկան ու քաղաքը պաշարեցին։ 15  Եւ Աստուծոյ մարդի ծառան առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ դուրսը եկաւ, եւ ահա զօրքը պատել էր քաղաքը՝ նաեւ ձիերն ու կառքերը. եւ նորա ծառան ասեց նորան. Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք։ 16  Նա էլ ասեց. Մի վախենար. որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները։ 17  Եւ Եղիսէն աղօթք արաւ եւ ասեց. Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ. եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը։ 18  Եւ նորանք իջան նորա մօտ. բայց Եղիսէն աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Աղաչում եմ՝ զարկիր այս ժողովրդին կուրութեամբ։ Եւ նորանց զարկեց կուրութեամբ Եղիսէի խօսքին համեմատ։ 19  Եւ Եղիսէն ասեց նորանց. Ճանապարհը այս չէ. եւ քաղաքը այս չէ. իմ ետեւիցը եկէք եւ ձեզ կ’տանեմ այն մարդի մօտ, որին դուք որոնում էք. եւ նա նորանց տարաւ Սամարիա։ 20  Եւ երբոր եկան Սամարիա , այն ժամանակ Եղիսէն ասեց. Ով Տէր, սորանց աչքերը բաց որ տեսնեն. եւ Տէրը բացաւ նորանց աչքերը եւ նորանք տեսան, եւ ահա Սամարիայի մէջ էին։ 21  Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Եղիսէին՝ երբոր նորանց տեսաւ. Զարկե՞մ, զարկե՞մ, հայր իմ։ 22  Եւ նա ասեց. Մի զարկիր. մի՞թէ դու սպանում ես նորանց որ քո սուրովը եւ աղեղովը գերի արիր. հաց ու ջուր դիր նորանց առաջին որ ուտեն եւ խմեն եւ յետոյ գնան իրանց տիրոջ մօտ։ 23  Եւ նորանց համար մի մեծ հացկերոյթ պատրաստեց, եւ նորանք կերան ու խմեցին. եւ յետոյ նորանց արձակեց եւ նորանք գնացին իրանց տիրոջ մօտ, եւ Ասորիների գունդերը այլ եւս չ’եկան Իսրայէլի երկիրը։ 24  Եւ սորանից յետոյ ժողովեց Ասորիների Բենադադա թագաւորն իր բոլոր բանակը եւ վեր գնաց ու պաշարեց Սամարիան։ 25  Եւ մեծ սով եղաւ Սամարիայումը. որովհետեւ պաշարել էին նորան, մինչեւ որ մէկ էշի գլուխը ութսուն սիկղ արծաթ եւ մէկ կապճի չորրորդ մաս աղաւնիի աղբը* հինգ սիկղ արծաթ եղաւ։ 26  Եւ երբոր Իսրայէլի թագաւորը պարսպի վերայից անցնում էր, մի կին դէպի նորան գոռաց ասելով. Օգնիր ինձ, ով իմ տէր թագաւոր։ 27  Եւ նա ասեց. Եթէ Տէրը քեզ չ’օգնէ, ես ո՞րտեղից օգնեմ քեզ. կալի՞ցը թէ հնձանիցը։ 28  Եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ ունես. նա էլ ասեց. Այս կինը ինձ ասեց՝ Տուր տղադ այսօր ուտենք, իմ տղան էլ էգուց կ’ուտենք։ 29  Մենք էլ եփեցինք տղաս եւ կերանք նորան, եւ ես ասում եմ իրան միւս օրը. Տուր տղադ որ ուտենք, բայց դա թաքցրել է իր տղային։ 30  Եւ երբոր թագաւորը լսեց այն կնկայ խօսքերը, պատառեց հանդերձը պարսպի վերայով գնալիս, եւ ժողովուրդը տեսաւ որ ահա ներսեւանց քուրձը նորա մարմնի վերայ էր։ 31  Եւ նա ասեց. Աստուած ինձ այսպէս անէ եւ սորանից աւելի անէ, եթեէ Սափատեան Եղիսէի գլուխը այսօր նորա վերայ մնալու լինի։ 32  Եւ Եղիսէն նստել էր իր տանը եւ ծերերն էլ նստել էին նորա հետ. եւ թագաւորը մարդ ուղարկեց իր առաջից. բայց պատգամաւորը դեռ չէր եկել նորա մօտ, որ նա ասեց ծերերին. Տեսնո՞ւմ էք որ այս մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու. տեսէք, հէնց որ պատգամաւորը եկաւ՝ դուռը կողպեցէք եւ նորան սեղմեցէք դռանը. չէ՞ որ նորա տիրոջ ոտքերի ձայնը նորա ետեւնցը գալիս է։ 33  Նա տակաւին նորանց հետ խօսելիս ահա պատգամաւորն իջաւ նորա մօտ եւ ասեց. Ահա այս չարիք է Տիրոջ կողմիցը, այլ եւս ի՞նչ սպասեմ Տէրիցը։

Ծանոթագրություններ

6։25 Մի տեսակ ուտելիք։