2 Թագավորներ 7։1-20

7  Եւ Եղիսէն ասեց. Լսեցէք Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէրը. Էգուց այս ժամանակ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ կ’լինի Սամարիայի դռանը։  Եւ պատասխանեց այն նախարարը, որի ձեռքի վերայ կռնում էր թագաւորը, Աստուծոյ մարդին եւ ասեց. Ահա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կ’լինի՞ այդ բանը. բայց նա ասեց. Ահա կ’տեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։  Եւ քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, եւ նորանք իրար ասեցին. Մենք ի՞նչ ենք այստեղ նստում մինչեւ որ մեռնենք։  Եթէ ասենք՝ գնանք քաղաքը, սով կայ քաղաքումը եւ այնտեղ կ’մեռնենք. եւ եթէ այստեղ մնանք, կ’մեռնենք. ուրեմն հիմա եկէք ընկնենք Ասորիների բանակը. եթէ մեզ ողջ թողեցին, կ’ապրենք. բայց եթէ մեզ մեռցրին, կը մեռնենք։  Եւ մութ ժամանակին վեր կացան որ գնան Ասորիների բանակը, եւ եկան մինչեւ Ասորիների բանակի ծայրը. եւ ահա այնտեղ մարդ չ’կար.  Որովհետեւ Տէրը Ասորիների բանակի մէջ կառքերի ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զօրքի ձայն էր լսել տուել, որ իրար ասեցին. Ահա Իսրայէլի թագաւորը Քետացիների թագաւորներին եւ Եգիպտոսի թագաւորներին վարձել է մեզ դէմ, որ գան մեզ վերայ։  Եւ վեր կացան եւ փախան մութ ժամանակին, եւ թողեցին իրանց վրանները, իրանց ձիերը եւ իրանց էշերն ու բանակը, ինչպէս որ էր, եւ փախան իրանց անձինքը պրծեցնելով։  Եւ այն բորոտները եկան մինչեւ բանակի ծայրը եւ մտան մի վրանի մէջ եւ կերան ու խմեցին եւ արծաթ ու ոսկի ու հանդերձներ առան գնացին եւ թաքցրին. եւ ետ դառան ու մտան մի ուրիշ վրանի մէջ, եւ այնտեղից էլ վեր առան ու գնացին թաքցրին։  Եւ իրար ասեցին. Մենք այսպէս չէինք անելու. այս օրը աւետիքի օր է, եւ մենք լռել ենք եւ մնում ենք մինչեւ առաւօտեան լոյսը, այն ժամանակ մենք յանցաւոր կ’գտնուինք. եւ արդ եկէք գնանք եւ յայտնենք թագաւորի տանը։ 10  Եւ նորանք եկան եւ կանչեցին քաղաքի դռնապանին եւ պատմեցին նորանց ասելով. Մենք գնացինք Ասորիների բանակը, եւ ահա այնտեղ ոչ մարդ կայ եւ ոչ մարդի ձայն, այլ կապած ձիեր եւ կապած էշեր եւ վրանները ինչպէս որ կան։ 11  Եւ դռնապանները կանչեցին ու յայտնեցին թագաւորի տանը՝ ներսումը։ 12  Եւ թագաւորը վեր կացաւ գիշերը եւ ասեց իր ծառաներին. Թողէք ձեզ պատմեմ Ասորիների մեզ արածը. նորանք գիտեն որ մենք սոված ենք, եւ դուրս են գնացել բանակիցը դաշտումը թաքնուելու ասելով թէ Երբոր քաղաքիցը դուրս գան, մենք նորանց ողջ ողջ կ’բռնենք, եւ քաղաքը կ’մտնենք։ 13  Բայց նորա ծառաներից մէկը պատասխան տուաւ եւ ասեց. Նորանում այսինքն քաղաքումը մնացած ձիերից հինգը թող առնեն (ահա ինչպէս որ է բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ նորանում մնացել է, ահա նոյնպէս է եւ բոլոր Իսրայէլի բազմութիւնը որ փչացել է) թողէք ուղարկենք եւ տեսնենք։ 14  Եւ երկու կառքեր առան ձիերովը. եւ թագաւորը մարդ ուղարկեց Ասորիների բանակի ետեւից ասելով. Գնացէք եւ տեսէք։ 15  Եւ նորանք գնացին նորանց ետեւից մինչեւ Յորդանան, եւ ահա բոլոր ճանապարհը լիքն էր հանդերձներով եւ անօթներով որ Ասորիները շտապելով դէն էին գցել, եւ պատգամաւորները ետ դառան ու պատմեցին թագաւորին։ 16  Եւ ժողովուրդը դուրս գնաց, եւ կողոպտեցին Ասորիների բանակը. եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը դառաւ մէկ սիկղ եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ՝ Տիրոջ խօսքին համեմատ։ 17  Եւ թագաւորը դռան վերակացու դրաւ այն նախարարին, որի ձեռքի վերայ կռնում էր, եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ եւ նա մեռաւ, ինչպէս Աստուծոյ մարդը խօսել էր որ ասեց թագաւորը նորա մօտ իջնելիս։ 18  Եւ երբոր Աստուծոյ մարդը թագաւորի հետ խօսեց ասելով. Երկու գրիւ գարին մէկ սիկղ եւ մէկ գրիւ շարմաղ ալիւրը մէկ սիկղ կը դառնայ էգուց այս ժամանակ Սամարիայի դռանը։ 19  Եւ այն նախարարը պատասխանել էր Աստուծոյ մարդիկն եւ ասել. Ահա եթէ Տէրը երկնքումը պատուհաններ էլ շինէր, կ’լինի՞ այդ բանը. նա էլ ասել էր ահա կ’տեսնես քո աչքերովը, սակայն ինքդ նորանից չես ուտիլ։ 20  Եւ նորան այնպէս էլ եղաւ. եւ ժողովուրդը նորան կոխ տուաւ դռան մէջ, եւ նա մեռաւ։

Ծանոթագրություններ