2 Թեսաղոնիկեցիներ 3։1-18
3 Այսուհետեւ, եղբարք, աղօթք արէք մեզ համար, որ Տիրոջ խօսքն յառաջանայ, եւ ամեն տեղ փառաւորուի ինչպէս որ էլ ձեզ մօտ:
2 Եւ որ փրկուիք անօրէն եւ անզգամ մարդկանցից. որովհետեւ հաւատքն ամենի բան չէ:
3 Բայց Տէրը հաւատարիմ է, որ կ’հաստատէ ձեզ եւ կ’պահէ այն չարիցը:
4 Վստահութիւն ունինք ձեզ վերայ Տէրով, որ այն բաներն որ պատուիրեցինք ձեզ, եւ անում էք եւ կ’անէք էլ:
5 Իսկ Տէրը ուղղէ ձեր սրտերը դէպի Աստուծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը:
6 Եւ պատուիրում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովն, որ ետ քաշուիք ամեն եղբայրից, որ անկարգ է վարվում. եւ ոչ թէ այն պատուիրանքի պէս որ ընդունեց մեզանից:
7 Որովհետեւ դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս պէտք է ձեզ մեզ նմանիլ. որովհետեւ ձեր մէջ անկարգութիւնով չ’վարուեցանք:
8 Եւ ոչ էլ ձրի հաց կերանք մէկի մօտ, այլ ջանքով եւ աշխատանքով գիշեր եւ ցերեկ գործելով, որ ձեզանից մէկին ծանրութիւն չ’տանք:
9 Ոչ իբր թէ իշխանութիւն չ’ունինք, այլ որ մեր անձերն օրինակ տանք ձեզ որ մեզ նմանիք:
10 Որովհետեւ երբոր ձեզ մօտ էինք, սա էինք պատուիրում ձեզ, որ եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ:
11 Որովհետեւ ձեզանից ոմանց համար լսում ենք որ անկարգութիւնով են վարվում, բան չեն գործում, այլ հետաքրքիր ման են գալիս:
12 Այնպիսիներին պատուիրում ենք եւ աղաչում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսովը որ հանդարտութիւնով աշխատեն եւ իրանց հացն ուտեն:
13 Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարին գործելուց:
14 Եւ եթէ մէկը չ’հնազանդէ մեր խօսքին այս թղթովը, դուք նշանակեցէք նորան. եւ մի խառնուիք նորա հետ որ ամաչէ:
15 Բայց թշնամու պէս մի համարէք, այլ խրատեցէք նորան ինչպէս եղբայր:
16 Իսկ ինքը խաղաղութեան Տէրը տայ ձեզ խաղաղութիւնը ամեն ժամանակ, եւ ամեն կերպով. Տէրը ձեր ամենի հետ լինի:
17 Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքինն է, որ նշան է ամեն թղթերումը.
18 Այսպէս եմ գրում: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենի հետ լինի: Ամէն: