2 Կորնթացիներ 3։1-18

3  Դարձեալ սկսում ե՞նք մեր անձերը յանձնարարել. կամ թէ ոմանց պէս պէտք են մեզ յանձնարարական թղթեր ձեզ վերայ՝ կամ ձեզանից յանձնարարականներ:  Մեր թուղթը դուք էք՝ մեր սրտի մէջ գրուած՝ ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած:  Դուք յայտնի էք թէ Քրիստոսի թուղթն էք՝ մեր ծառայութիւնովը եղած. եւ գրուած՝ ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը. ոչ թէ քարի տախտակների վերայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ:  Եւ այսպիսի վստահութիւն ունինք առ Աստուած Քրիստոսի ձեռովը:  Ոչ թէ մենք մեզանից բաւական ենք մի բան միտք անելու ինչպէս մեզանից, այլ մեր բաւական լինելն Աստուածանից է.  Որ մեզ բաւական էլ արաւ Նոր Կտակարանի պաշտօնեայք լինելու՝ ոչ թէ գրի, այլ հոգու. որովհետեւ գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է:  Բայց եթէ մահի պաշտօնը գրով քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր,  Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի:  Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է: 10  Վասնզի այն փառաւորն էլ փառաւոր չէ այս մասին այն գերազանցող փառքի համար: 11  Որովհետեւ եթէ այն խափանուողը փառքով էր, ո՞րքան աւելի փառքով է հաստատ մնացողը: 12  Արդ այսպիսի յոյս ունենալով շատ համարձակութեամբ ենք վարվում: 13  Եւ ոչ թէ ինչպէս Մովսէսն իր երեսի վերայ քօղ էր գցում՝ որ Իսրայէլի որդիքը չ’նայեն խափանուելիք բաների վախճանին. 14  Բայց նորանց միտքը կուրացաւ. որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ’առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է: 15  Այլ մինչեւ այսօր երբոր Մովսէսին կարդում են, մի քօղ ընկած է նորանց սրտերի վերայ: 16  Բայց երբոր դէպի Տէրը կ’դառնան, այն քօղը վեր կ’առնուի: 17  Որովհետեւ Տէրն է Հոգին. որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն: 18  Բայց մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ տեսնելով՝ նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք, ինչպէս թէ Տիրոջ Հոգուցը:

Ծանոթագրություններ