2 Կորնթացիներ 4։1-18

4  Սորա համար այս պաշտօնն ունենալով, ինչպէս որ ողորմութիւն գտանք, չենք ձանձրանում,  Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. եւ խորամանկութեամբ չենք վարվում: Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին:  Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած:  Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է:  Որովհետեւ մենք ոչ թէ մեր անձերն ենք քարոզում, այլ Տէր Յիսուս Քրիստոսին. եւ մեզ ձեր ծառաներ Յիսուսի համար:  Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը:  Բայց այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից:  Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. կարօտ ենք, բայց չենք տարակուսել.  Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած: 10  Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի: 11  Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը: 12  Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում: 13  Բայց միեւնոյն հաւատքի հոգին ունենալով, ինչպէս գրուած է. Հաւատացի եւ նորա համար խօսեցի. մենք էլ հաւատում ենք՝ եւ սորա համար էլ խօսում ենք: 14  Գիտենալով որ Տէր Յիսուսին յարուցանողը մեզ էլ Յիսուսի հետ կ’յարուցանէ, եւ ձեզ հետ իր առաջին կը կանգնեցնէ: 15  Որովհետեւ ամեն բան ձեզ համար է. որ շատացած շնորհքը շատերի գոհութիւնիցն՝ աւելանայ Աստուծոյ փառքի համար: 16  Նորա համար չենք թուլանում. այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է: 17  Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, 18  Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չերեւողները յաւիտենական:

Ծանոթագրություններ