2 Կորնթացիներ 8։1-24

8  Բայց, եղբարք, իմացնում ենք ձեզ Աստուծոյ այն շնորհքը, որ Մակեդոնացիների եկեղեցիներին տրուած է:  Որովհետեւ նեղութեան մեծ փորձի մէջ նորանց ուրախութեան առաւելութիւնը եւ նորանց ծանր աղքատութիւնը շատ առատաձեռն եղաւ նորանց պարզութիւնովը:  Որովհետեւ իրանց կարողութեան չափ, վկայում եմ, եւ կարողութիւնիցն էլ աւելի յոժար կամքով,  Շատ աղաչանքով աղաչում էին մեզ, որ այն պաշտօնի ընծան եւ պաշտօնի հաղորդութիւնը՝ սուրբերի համար, ընդունենք մենք:  Եւ ոչ թէ որքան որ յոյս ունէինք, այլ իրանց անձերն էլ տուին առաջ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստուծոյ կամքովը.  Որ մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպէս առաջուց սկսեց՝ այնպէս կատարէ այդ շնորհքն էլ ձեր միջումը:  Բայց ինչպէս ամեն բանի մէջ աւելանում ենք հաւատքով, եւ խօսքով, եւ գիտութիւնով, եւ ամեն ջանքով, եւ ձեր սէրովը դէպի մեզ, որպէս զի այդ շնորհքումն էլ աւելանաք:  Ոչ թէ հրաման տալով եմ ասում, բայց ուրիշների ջանք անելու համար, եւ ձեր սէրի անկեղծութիւնը փորձելով:  Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք: 10  Եւ այս բանի մէջ մի խրատ եմ տալիս. որ սա օգուտ է ձեզ. որ ոչ թէ միայն անելը այլ եւ կամենալն առաջուց սկսեցիք հերուանից: 11  Բայց հիմա անելն էլ կատարեցէք. որ ինչպէս յօժարութիւն կայ կամենալու, այնպէս էլ կատարելը լինի ունեցածից: 12  Որովհետեւ եթէ յոժարութիւն կայ, ունեցածի չափովն է ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը: 13  Վասնզի ոչ թէ ուրիշներին հանգստութիւնն եմ կամենում, եւ ձեզ նեղութիւն. 14  Բայց հաւասարութիւնով՝ այժմեան ժամանակում ձեր աւելութիւնը ծառայէ նորանց պակասութեանը, որ նորանց աւելութիւնն էլ ծառայէ ձեր պակասութեանը, որ հաւասարութիւն լինի. ինչպէս գրուած է. 15  Թէ նա որ շատ՝ չ’աւելացաւ. եւ նա որ քիչ՝ չ’պակասեց. 16  Բայց շնորհակալութիւն Աստուծուն, որ նոյն ջանքը ձեզ համար տուաւ Տիտոսի սրտի մէջ. 17  Որովհետեւ նա աղաչանքն ընդունեց, եւ շտապելով յոժար կամքով ձեզ մօտ եկաւ: 18  Եւ նորա հետ ուղարկեցինք այն եղբօրը, որ գովասանք ունի աւետարանումն ամեն եկեղեցիների մէջ: 19  Եւ ոչ թէ միայն այսքան, այլ եկեղեցիներիցն էլ ընտրուած՝ մեր ճանապարհորդութեան ընկեր այս շնորհքումը, որին մենք ծառայում ենք Տիրոջ փառքի համար եւ ձեր յօժար սրտովը. 20  Այս բանիցն զգուշանալով, որ չ’լինի թէ մէկը արատաւորէ մեզ այս առատութիւնում, որին մենք ծառայում ենք: 21  Որովհետեւ մտածում ենք բարի բաներ անել՝ ոչ միայն Տիրոջ առաջին, այլ եւ մարդկանց առաջին: 22  Եւ նորանց հետ ուղարկեցինք մեր եղբօրը՝ որին փորձել ենք շատ բաների մէջ շատ անգամ որ ժիր է. եւ հիմա էլ աւելի ջանք անող այն մեծ վստահութեամբ որ ունի դէպի ձեզ: 23  Իսկ եթէ Տիտոսի համար խօսք լինի, նա իմ ընկերն է՝ եւ ձեզ համար իմ գործակիցը. եւ եթէ մեր եղբայրների համար, նորանք եկեղեցիների առաքեալներ* են՝ եւ Քրիստոսի փառքը: 24  Ուրեմն ձեր սէրի եւ մեր ձեր համար պարծենալու ապացոյցը ցոյց տուէք դորանց ամեն եկեղեցիների առաջին:

Ծանոթագրություններ

8։23 ուղարկուածներ։