2 Սամուել 10։1-19

10  Եւ նորանից յետոյ եղաւ որ Ամմոնի որդկանց թագաւորը մեռաւ. եւ նորա որդի Անոնը նորա տեղ թագաւոր եղաւ։  Եւ Դաւիթն ասեց. Նաասի որդի Անոնին մարդասիրութիւն անեմ. ինչպէս որ նորա հայրը ինձ մարդասիրութիւն արաւ. եւ Դաւիթն իր ծառաներին նորա մօտ ուղարկեց, որ նորան իր հօր մասին մխիթարեն. եւ Դաւիթի ծառաները գնացին Ամմոնի որդկանց երկիրը։  Եւ Ամմոնի որդկանց իշխաններն իրանց տէր Անոնին ասեցին. Մի՞թէ Դաւիթը քո հօրը քո առաջին մեծարելու համար քեզ մօտ մխիթարիչներ ուղարկեց. չէ՞ որ Դաւիթն իր ծառաներին քեզ մօտ ուղարկեց, որ քաղաքը աչքից անցնեն եւ լրտեսեն որ նորան կործանէ։  Եւ Անոնը Դաւիթի ծառաներին առաւ եւ նորանց մօրուքի կէսը ածիլել տուաւ, եւ նորանց հանդերձների էլ կէսը մինչեւ նստելու տեղը կտրել տուաւ, եւ ետ ուղարկեց նորանց։  Եւ այս բանը Դաւիթին պատմեցին, եւ նա նորանց դիմաւորելու մարդ ուղարկեց, որովհետեւ այն մարդիկը շատ անարգուել էին, եւ թագաւորն ասեց. Նստեցէք Երիքովումը ինչեւ որ ձեր մօրուքը աճի, եւ յետոյ դարձէք։  Եւ երբոր Ամմոնի որդիքը տեսան, որ Դաւիթի հետ իրանց բանը վատ է, Ամմոնի որդիքը մարդ ուղարկեցին եւ Բեթրոոբի Ասորիներից եւ Սուբայի Ասորիներից քսան հազար հետեւակ, եւ Մաաքայի թագաւորից հազար մարդ, եւ Իստովբից տասնեւերկու հազար մարդ վարձքով բռնեցին։  Եւ երբոր Դաւիթն այս լսեց, Յովաբին եւ բոլոր զօրաւոր զօրքերին ուղարկեց։  Եւ Ամմոնի որդիքը դուրս եկան, եւ քաղաքի դռան առաջին կարգաւ պատերազմի շարուեցան, բայց Սուբայի եւ Րոոբի Ասորիները եւ Իստովբն ու Մաաքան դաշտի մէջ ջոկ կանգնել էին։  Եւ Յովաբը տեսաւ որ պատերազմը առաջիցն ու ետեւիցն իր վերայ է հասնում, Իսրայէլի բոլոր ընտրուած մարդկանցից ընտրեց, եւ Ասորիների դէմ պատերազմի շարեց. 10  Եւ մնացած զօրքը հանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդկանց դիմաց շարէ. 11  Եւ ասեց. Եթէ Ասորիները ինձ յաղթելու լինեն, ինձ օգնութեան հասնես. եւ եթէ Ամմոնի որդիքը քեզ յաղթելու լինեն, ես քեզ օգնութեան կ’հասնեմ։ 12  Քաջասիրտ եղեր եւ քաջանանք մեր ժողովրդի համար եւ մեր Աստուծոյ քաղաքների համար, եւ Տէրն իր աչքի հաճոյ երեւեցածը թող անէ։ 13  Եւ Յովաբն իր հետ եղող զօրքովը Ասորիներին մօտեցաւ, որ նորանց դէմ պատերազմ անէ, եւ նորանք նորա առաջիցը փախան։ 14  Եւ Ամմոնի որդիքը Ասորիների փախչելը տեսնելով՝ նորանք էլ Աբեսսայի առաջիցը փախան եւ մտան քաղաքը։ Եւ Յովաբն Ամմոնի որդիներից ետ դառաւ եւ եկաւ Երուսաղէմ։ 15  Երբոր Ասորիները տեսան, որ իրանք Իսրայէլի առաջին կոտրուեցան՝ ժողովուեցան մէկտեղ։ 16  Եւ Ադրազարը մարդ ուղարկեց, եւ Գետի այն կողմին եղող Ասորիներին ոտքի հանեց, եւ եկան Էլամ. եւ նորանց առաջից՝ Ադրազարի զօրագլուխը Սովբակ։ 17  Եւ երբոր Դաւիթին պատմեցին, նա բոլոր Իսրայէլին ժողովելով՝ Յորդանանից անցաւ եւ Էլամ հասաւ. եւ Ասորիները Դաւիթի դէմ գունդերով շարուեցան եւ նորա հետ պատերազմ արին։ 18  Եւ Ասորիները փախան Իսրայէլի առաջից. եւ Դաւիթն Ասորիներից եօթը հարիւր կառք եւ քառասուն հազար ձիաւոր կոտորեց, եւ նորանց զօրագլուխ՝ Սովբակին զարկեց, որ այնտեղ մեռաւ։ 19  Եւ Ադրազարին հպատակ եղող բոլոր թագաւորները երբոր տեսան որ Իսրայէլի առաջին յաղթուեցան, Իսրայէլի հետ հաշտութիւն արին, եւ նորան ծառայ եղան. եւ Ասորիները վախենում էին միւս անգամ Ամմոնի որդկանցը օգնելու։

Ծանոթագրություններ