2 Սամուել 12։1-31

12  Եւ Տէրը Նաթանին* ուղարկեց Դաւիթի մօտ. եւ նա եկաւ նորա մօտ եւ ասեց նորան. Երկու մարդ կար մի քաղաքում, մէկը հարուստ եւ միւսը աղքատ։  Հարուստը խիստ շատ հօտեր եւ արջառներ ունէր։  Իսկ աղքատը բնաւ ոչինչ չ’ունէր բացի մի էգ գառնուկից, որ ծախու էր առել եւ սնուցանում էր. նա մեծացաւ նորա հետ եւ նորա որդկանց հետ մէկտեղ. նորա պատառից ուտում էր, եւ նորա բաժակիցը խմում, եւ նորա ծոցումը քնում էր եւ նորա համար աղջկան պէս էր։  Եւ այն հարուստ մարդին մի անցաւոր եկաւ, բայց նա խնայեց իր հօտերիցը եւ արջառներիցն առնելու, որ իր մօտ եկած ճանապարհորդի համար կերակուր պատրաստէր, եւ առաւ այն աղքատ մարդի գառնը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդի համար։  Եւ Դաւիթը շատ բարկացաւ այն մարդի վերայ եւ ասեց Նաթանին. Կենդանի է Տէրը որ այդ բանն անող մարդը մահի որդի է.  Եւ այն գառնը պէտք է չորեքպատիկ հատուցանէ, որովհետեւ նա արել է այդ բանը, եւ որովհետեւ գութ չ’ունեցաւ։  Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Այն մարդը դու ես. այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես քեզ թագաւոր օծեցի Իսրայէլի վերայ, եւ ես քեզ ազատեցի Սաւուղի ձեռքիցը.  Եւ քեզ տուի քո տիրոջ տունը եւ քո ծոցը դրի քո տիրոջ կանայքը, եւ քեզ տուի Իսրայէլի եւ Յուդայի տունը. եւ եթէ քիչ էր, այն ժամանակ այս էլ այն էլ կ’աւելացնէի։  Ի՞նչու համար Տիրոջ խօսքն անարգեցիր՝ նորա աչքին այդ չարութիւն անելով. Քետացի Ուրիային սրով մեռցրիր եւ նորա կինը քեզ համար կին առար. բայց նորան սպանեցիր Ամմոնի որդկանց սրովը։ 10  Եւ ահա սուրը քո տանիցը չի հեռանալ մինչեւ յաւիտեան, փոխանակ որ անարգեցիր ինձ եւ Քետացի Ուրիայի կինը առար որ քեզ համար կին լինի։ 11  Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ վերայ չարիք եմ յարուցանելու քո տանից, եւ առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկէ քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին։ 12  Որովհետեւ դու ծածուկ արիր, բայց ես այս բանը պիտի անեմ բոլոր Իսրայէլի առաջին եւ արեգակի առաջին։ 13  Եւ Դաւիթն ասեց Նաթանին. Մեղանչել եմ Տիրոջ դէմ։ Եւ Նաթանն ասեց Դաւիթին. Տէրն էլ ներեց քո մեղքը. չես մեռնիլ։ 14  Միայն որովհետեւ Տիրոջ թշնամիներին այս բանով առիթ տուիր հայհոյութիւն անելու, ապա այն որդին էլ որ պիտի ծնուի քեզ համար պէտք է մեռնէ։ 15  Եւ Նաթանը գնաց իր տունը։ Եւ Տէրը զարկեց այն մանուկին որ Ուրիայի կինը ծնեց Դաւիթի համար, եւ նա հիւանդացաւ։ 16  Եւ Դաւիթն աղաչեց Աստուծոյ այն երեխայի համար. եւ Դաւիթը ծոմ պահեց, եւ գնաց գիշերը անց կացրեց գետնի վերայ պառկած։ 17  Եւ նորա տան ծերերը գնացին մօտը, որ նորան կանգնեցնեն գետնիցը, բայց նա չ’ուզեց եւ նորանց հետ հաց չ’կերաւ։ 18  Եւ եօթներորդ օրը եղաւ որ երեխան մեռաւ. եւ Դաւիթի ծառաները վախենում էին նորան իմացնելու թէ երեխան մեռել է, որովհետեւ ասում էին թէ Ահա քանի որ երեխան կենդանի էր, մենք նորան ասեցինք, բայց նա մեր ձայնը չ’լսեց, եւ ի՞նչպէս ասենք նորան՝ երեխան մեռել է, որ մի վատ բան կ’անէ։ 19  Եւ Դաւիթը տեսաւ որ իր ծառաները շշնչում են իրար հետ, եւ Դաւիթը հասկացաւ որ երեխան մեռել է. եւ Դաւիթն ասեց իր ծառաներին. Արդեօք մեռե՞լ է երեխան. եւ նորանք ասեցին. Մեռել է։ 20  Եւ Դաւիթը վեր կացաւ գետնիցը եւ լուացուեցաւ եւ օծուեցաւ եւ իր հանդերձները փոխեց եւ գնաց Տիրոջ տունը եւ երկրպագութիւն արաւ. եւ գնաց իր տունը, եւ ուզեց, եւ նորա առաջին հաց դրին, եւ նա կերաւ։ 21  Եւ նորա ծառաներն ասեցին նորան. Այս ի՞նչ բան է որ արիր. քանի որ երեխան կենդանի էր՝ ծոմ էիր պահում եւ լաց էին լինում. բայց երբոր մեռաւ երեխան, վեր կացար եւ հաց կերար։ 22  Եւ նա ասեց. Քանի որ երեխան կանդանի էր, ծոմ էի պահում եւ լաց էի լինում, որովհետեւ ասում էի. Ո՛վ գիտէ գուցէ Տէրը կ’գթայ ինձ եւ երեխան կ’ապրի։ 23  Բայց հիմա որ մեռել է, ես էլ ի՞նչու համար ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նորան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ նորա մօտ գնալու, բայց նա ինձ մօտ ետ չի դառնալու։ 24  Եւ Դաւիթը մխիթարեց իր Բերսաբէ կնկան, եւ մտաւ նորա մօտ եւ պառկեց նորա , եւ նա մի որդի ծնեց եւ նորա անունը դրաւ Սողոմոն. Եւ Տէրը սիրեց նորան։ 25  Եւ Նաթան մարգարէի ձեռքովը հրաման ուղարկեց, եւ նորա անունը Յեդիդեա դրաւ Տիրոջ համար։ 26  Եւ Յովաբը պատերազմ էր անում Ռաբբայում Ամմոնի որդկանց հետ եւ առաւ թագաւորանիստ քաղաքը։ 27  Եւ Յովաբը պատգամաւորներ ուղարկեց Դաւիթին եւ ասեց. Ռաբբայի հետ պատերազմ եմ արել եւ ջրերի քաղաքն է առել եմ։ 28  Եւ հիմա ժողովրդի մնացորդը հաւաքիր, եւ բանակ տուր քաղաքի դէմ եւ առ նորան, որպէս զի ես չ’առնեմ քաղաքը եւ իմ անուը յիշուի նորա վերայ։ 29  Եւ Դաւիթը հաւաքեց բոլոր ժողովրդին եւ գնաց Ռաբբայ, եւ պատերազմեց նորա հետ եւ առաւ նորան։ 30  Եւ նորանց թագաւորի թագն առաւ նորա գլխիցը, որի ծանրութիւնը մի տաղանդ ոսկի էր եւ պատուական ակունք, եւ Դաւիթի գլխին դրուեցաւ. եւ խիստ շատ աւար առաւ այն քաղաքից։ 31  Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց։ Եւ այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդն ետ դառան Երուսաղէմ։

Ծանոթագրություններ

12։1 Գլ. 7:2–17։ գ Թագ. 1:10, 22, 34։ 4:5։ ա Մնա. 29։ Սաղ. 51. վերնագիրը։