2 Սամուել 2։1-32

2  Եւ սորանից յետոյ եղաւ որ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Յուդայի քաղաքների մէկը։ Եւ Տէրը նորան ասեց. Վեր գնա։ Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր վեր գնամ։ Եւ նա ասեց. Քեբրոն։  Եւ Դաւիթը իր երկու կանայքը՝ Յեզրայէլացի Աքինոամի հետ եւ Կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ վեր գնաց։  Եւ Դաւիթն իր հետ եղող մարդկանցն էլ՝ ամեն մէկն իր ընտանիքովը տարաւ. եւ Քեբրոնի քաղաքներում բնակուեցան։  Եւ Յուդայի մարդիկն եկան, եւ Դաւիթին այնտեղ Յուդայի տան վերայ թագաւոր օծեցին։ Եւ Դաւիթին պատմեցին եւ ասեցին թէ՝ Գաղաադի Յաբիսի բնակիչները Սաւուղին թաղեցին։  Եւ Դաւիթը Գաղաադի Յաբիսի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանց ասեց. Դուք Տէրիցն օրհնեալ լինէք որ ձեր տիրոջը՝ Սաւուղին արիք այս ողորմութիւնը եւ նորան թաղեցիք։  Եւ հիմա Տէրը ձեզ ողորմութիւն եւ ճշմարտութիւն անէ, եւ ես էլ ձեզ կ’հատուցանեմ այս լաւութիւնը, որ դուք արիք այդ բանը։  Եւ հիմա ձեր ձեռքը ուժովանայ. եւ զօրաւոր քաջեր եղիք. որովհետեւ ձեր տէրը՝ Սաւուղը մեռաւ, եւ Յուդայի տունը ինձ իրանց վերայ թագաւոր օծեցին։  Իսկ Սաւուղի զօրաւար Ներեան Աբեններն առաւ Սաւուղի որդի Յեբուսթէին եւ նորան տարաւ Մանայիմ,  Եւ նորան Գաղաադի վերայ, Եփրեմի վերայ, Բենիամինի վերայ, եւ բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր արաւ։ 10  Երբոր Սաւուղի որդի Յեբուսթէն Իսրայէլի վերայ թագաւոր եղաւ, քառասուն տարեկան էր, եւ երկու տարի թագաւորութիւն արաւ. միայն Յուդայի տունը Դաւթին էր հետեւում։ 11  Եւ Յուդայի տան վերայ Քեբրոնի մէջ Դաւիթի թագաւրութիւն արած ժամանակը եօթը տարի եւ վեց ամիս էր։ 12  Եւ Ներեան Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները Մանայիմից դուրս եկան Գաբաւոն։ 13  Եւ Շարուհեայի որդի Յովաբը եւ Դաւիթի ծառաները Քեբրոնից դուրս եկան, եւ Գաբաւոնի աւազանի մօտ նորանց հանդիպեցին. եւ սորանք աւազանի մէկ կողմին եւ նորանք աւազանի միւս կողմին նստեցին։ 14  Եւ Աբեններն ասեց Յովաբին. թող երիտասարդները վեր կենան եւ մեր առաջին խաղան։ Եւ Յովաբն ասեց. վեր կենան։ 15  Եւ նորանք վեր կացան թիւով անցան Բենիամինից ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից տասնեւերկու մարդ, եւ Դաւիթի ծառաներից տասնեւերկու մարդ։ 16  Եւ ամեն մէկն իր ընկերի գլխիցը բռնեց, եւ իր սուրը իր ընկերի կողը մխեց, եւ մէկտեղ ընկան. եւ այնտեղի անունը Քեղկաթ–ասուրիմ* ասուեցաւ, որ Գաբաւոնի մէջ է։ 17  Եւ այն օրը պատերազմը շատ սաստիկ եղաւ. եւ Աբեններն Իսրայէլի մարդկանց հետ՝ Դաւիթի ծառաների առաջին յաղթուեցաւ։ 18  Եւ Շարուհեայի երեք որդիքը Յովաբը, Աբեսսան եւ Ասայէլն այնտեղ էին. եւ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւ էր ոտքով։ 19  Եւ Ասայէլն Աբենների ետեւից հալածեց, եւ Աբենների ետեւից աջ կամ ձախ կողմը չ’խոտորուեց։ 20  Եւ Աբեններն ետ դառաւ եւ ասեց. Ասայէլ դո՞ւ ես։ 21  Եւ Աբենները նորան ասեց. Դէպի աջ կամ ձախ կողմդ խոտորիր, եւ երիտասարդների մէկին բռնիր, եւ նորա զէնքերն առ քեզ համար։ Բայց Ասայէլը նորա ետեւից հեռանալ չ’ուզեց։ 22  Եւ Աբենները շարունակեց դարձեալ եւ Ասայէլին ասեց. Ետեւիցս դարձիր. ինչո՞ւ համար քեզ գետինը զարկեմ. այն ժամանակ ես ի՞նչպէս երեսս բարձրացնեմ դէպի քո եղբայր Յովաբը։ 23  Բայց նա չ’ուզեց ետ դառնալ։ Եւ Աբենները նիզակի ետեւի ծայրովը սնակուշտիցը զարկեց նորան, եւ նիզակը նորա ետեւիցը դուրս եկաւ. եւ նա այնտեղ վայր ընկաւ եւ այնտեղ մեռաւ. եւ ով որ գալիս էր՝ Ասայէլի վայր ընկած եւ մեռած տեղը կանգնում էր։ 24  Եւ Յովաբը եւ Աբեսսան Աբենների ետեւից ընկած հալածում էին. եւ արեգակը մայր մտաւ երբոր նորանք Գիայի Գաբաւոնի անապատի ճանապարհին եղող Ամմայի բլուրը եկան։ 25  Եւ Բենիամինի որդիքն Աբենների ետեւից ժողովուեցան, մի գունդ եղան, եւ մէկ բլուրի գլխին կանգնեցին։ 26  Եւ Աբենները Յովաբին կանչեց եւ ասեց. Մի՞թէ սուրը յաւիտեան պիտի ուտէ. չ’գիտե՞ս որ սորա վերջը դառն կ’լինի. եւ մինչեւ ե՞րբ չես ասելու ժողովրդին, որ իրանց եղբայրներին հալածելուց ետ դառնան։ 27  Եւ Յովաբն ասեց. Կենդանի է Աստուած, եթէ դու խօսած լինէիր, ժողովրդի ամենն էլ առաւօտիցն էր ետ դառել իր եղբայրների հալածելուցը։ 28  Այն ժամանակ Յովաբը փող հնչեցրեց. եւ բոլոր ժողովուրդը կանգնեց, եւ այլ եւս Իսրայէլի ետեւից չ’հալածեցին եւ այլեւս պատերազմ չ’արին։ 29  Եւ Աբենները եւ նորա մարդիկը այն բոլոր գիշերը դաշտի միջովը գնացին եւ Յորդանանովն անցան, եւ բոլոր Բեթրոնը գնալով եկան Մանայիմ։ 30  Եւ Յակոբը Աբեններից ետ դառաւ, եւ բոլոր ժողովրդին ժողովեց, եւ Դաւիթի ծառաներից պակաս էին տասնեւինը մարդ եւ Ասայէլը։ 31  Բայց Դաւիթի ծառաները Բենիամինից եւ Աբենների մարդկանցից երեք հարիւր վաթսուն մարդ զարկեցին որ մեռան։ 32  Եւ Ասայէլին վեր առան, եւ նորան Բեթլեհէմի մէջ իր հօր գերեզմանումը թաղեցին։ Եւ Յովաբը եւ նորա մարդիկը բոլոր գիշերը գնացին, եւ արշալոյսին հասան Քեբրոն։

Ծանոթագրություններ

2։16 Այսինքն՝ սուրերի արտը։