2 Սամուել 20։1-26

20  Եւ այնտեղ մի անօրէն մարդ պատահեց՝ անունը Սաբէէ Բոքորի որդի՝ Բենիամինի ցեղից. եւ նա փող հնչեցրեց եւ ասեց Մենք Դաւիթի մօտ բաժին չ’ունենք եւ ոչ ժառանգութին՝ Յեսսէի որդիի մօտ. ամեն մարդ իր վրան, ով Իսրայէլ։  Եւ բոլոր Իսրայէլացիները ետ քաշուեցան Դաւիթից եւ հետեւեցին Բոքորի որդի Սաբէէին. բայց Յուդայեանները յարեցան իրանց թագաւորին Յորդանանիցը մինչեւ Երուսաղէմ։  Եւ Դաւիթը եկաւ իր տունը Երուսաղէմ, եւ թագաւորն առաւ այն տասը հարճերին որ թողել էր տունը պահելու ու դրաւ մի պահեստի տան մէջ եւ նորանց կերակրեց, եւ նորանց մօտ չ’գնաց. եւ նորանք պահուած մնացին մինչեւ իրանց մեռնելու օրը իբրեւ որբեւայրիներ ապրելով։  Եւ թագաւորն Ամեսայի ասեց. Ինձ մօտ կանչիր Յուդայի մարդկանցը երեք օրուայ մէջ եւ դու էլ այստեղ ներկայացիր։  Եւ Ամեսային գնաց Յուդայեաններին կանչելու, եւ ուշացաւ նորա դրած ժամանակիցը։  Եւ Դաւիթն ասեց Աբեսսային. Հիմա Բոքորի որդի Սաբէէն աւելի չար եղաւ մեզ համար Աբիսողոմիցը. առ դու քո տիրոջ ծառաները եւ նորա ետեւից ընկիր. մի գուցէ իրան համար պարսպաւոր քաղաքներ գտնէ եւ մեր աչքից պրծնի։  Եւ նորա ետեւից դուրս ելան Յովաբի մարդիկը, եւ Քերեթիներն ու Փելեթիները եւ բոլոր զօրաւորները. եւ դուրս եկան Երուսաղէմից Բոքորի որդի Սաբէէին հալածելու՝ ետեւիցը։  Երբոր նորանք Գաբաւոնումն եղած մեծ քարի մօտ էին, Ամեսային նորանց դիմացը ելաւ. եւ Յովաբը հագել էր իր զգեստը՝ իր հանդերձը, եւ նորա վերայից գօտեւորուած էր սրով, որ կապուած էր մէջքին իր պատեանովը, որ դուրս ակաւ եւ վայր ընկաւ։  Եւ Յովաբն ասեց Ամեսային. Առո՞ղջ ես, եղբայրս, եւ Յովաբն աջ ձեռքովը բռնեց Ամեսայիի մօրուքից որ համբուրէ։ 10  Բայց Ամեսային չ’զգուշացաւ Յովաբի ձեռքի սուրիցը, եւ նա նորանով զարկեց նորա փորին եւ թափեց փորոտիքը գետինը, եւ չ’կրկնեց, ու նա մեռաւ. իսկ Յովաբը եւ նրա եղբայր Աբեսսան ընկան Բոքորի որդի Սաբէէի ետեւից։ 11  Եւ նորա վերայ Յովաբի պատանիներից մէկը կանգնել էր եւ ասում էր. Ով որ Յովաբին է սիրում, եւ ով որ Դաւիթինն է, թող Յովաբի ետեւից գնայ։ 12  Իսկ Ամեսային թաւալվում էր ճանապարհումը արիւնի մէջ. եւ երբոր այն մարդը տեսաւ որ բոլոր ժողովուրդը կանգնեց, Ամեսայիին ճանապարհիցը վեր առաւ՝ արտը գցեց եւ նորա վերայ մի շոր ծածկեց, երբոր տեսաւ թէ ամեն եկողը նորա վերայ կանգնում էր։ 13  Հենց որ նա ճանապարհիցը վեր առնուեցաւ, ամեն մարդ գնաց Յովաբի ետեւից Բոքորի որդի Սաբէէն հալածելու համար։ 14  Իսկ նա անցել էր Իսրայէլի բոլոր ցեղերովը մինչեւ Աբել եւ Բէթմաաքա եւ բոլոր Բերիմով. եւ նորանք ժողովուել էին եւ ընկել էլ նորա ետեւից։ 15  Եւ եկան ու պաշարեցին Աբելում Բէթմաաքան եւ հողաբլուր շինեցին քաղաքի առաջին, որ կանգնեց պարսպի դէմ. եւ բոլոր զօրքը, որ Յովաբի հետ էր, քանդում էին որ պարիսպը վայր գցեն։ 16  Եւ այն քաղաքից մի իմաստուն կին աղաղակեց. Լսեցէք, լսեցէք, մէկ ասեցէք Յովաբին՝ Մօտեցիր մինչեւ այստեղ որ խօսեմ քեզ հետ։ 17  Նա էլ մօտեցաւ նորան, եւ կինն ասեց. Յովաբը դո՞ւ ես. եւ նա ասեց. Ես եմ. եւ նա ասեց նորան՝ Լսիր աղախնիդ խօսքերը. եւ նա ասեց. Լսում եմ։ 18  Եւ նա ասեց այսպէս՝ Առաջ այսպիսի խօսքեր էին խօսում թէ Աբելումը թող հարցնեն եւ այնուհետեւ վերջացնեն։ 19  Ես Իսրայէլի խաղաղարարներիցն ու հաւատարիմներիցն եմ. դու ուզում ես Իսրայէլի մէջ մի մայրաքաղաք փչացնել. ի՞նչու համար բնաջինջ անես Տիրոջ ժառանգութիւնը։ 20  Եւ Յովաբը պատասխանեց եւ ասեց. Քավ լիցի, քաւ լիցի, եթէ ես բնաջինջ անեմ կամ թէ քանդեմ։ 21  Բանը այդպէս չէ. այլ Եփրեմի սարից մի մարդ՝ անունը Սաբէէ որդի Բոքորի՝ իր ձեռքը բարձրացրել էր Դաւիթ թագաւորի դէմ. տուէք միայն նորան եւ կ’գնամ այդ քաղաքի վերայից. եւ այն կին ասեց Յովաբին. Ահա նորա գլուխը քեզ մօտ կը գցուի պարսպի այն կողմը։ 22  Եւ այն կինը գնաց իր իմաստութեամբը բոլոր ժողովրդի մօտ. եւ կտրեցին Բոքորի որդի Սաբէէի գլուխը եւ գցեցին Յովաբի մօտ. եւ նա փողը հնչեցրեց, եւ այն քաղաքի վերայից ցրուեցան ամեն մարդ իր վրանը, իսկ Յովաբը ետ դառաւ Երուսաղէմ թագաւորի մօտ։ 23  Եւ Յովաբը Իսրայէլի բոլոր զօրքերի վերայ էր. եւ Յովիադայի որդի Բանեան՝ Քերեթիների եւ Փելեթիների վերայ։ 24  Եւ Ադորամը՝ հարկերի վերայ. եւ Աքիլուդի որդի Յովսափատը յիշատակաց քարտուղար էր։ 25  Եւ Սուան ատենադպիր եւ Սադովկը ու Աբիաթարը քահանաներ էին. 26   եւ Յայիրացի Իրասն էլ Դաւիթին նախարար* էր։

Ծանոթագրություններ

20։26 Եբր. քահանայ։